Եթե օրերից մի օր, ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված, զանգահարելով 911 ծառայություն, օգնություն հայցեք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապա շատ հավանական է, որ Դուք հայցվող օգնությունը չեք ստանա: Ավելին, հնարավոր է, որ դրանից հետո Ձեզ անհրաժեշտ լինի օգնություն հայցել 103 ծառայությունից:
Փորձեմ որոշակի օրինակի վրա ներկայացնել այն, ինչ տեղի է ունենում 911 ծառայություն զանգահարելուց հետո: Որպեսզի ներկայացրածս առավել հստակ եւ պատկերավոր լինի գործողությունը կներկայացնեմ փուլ առ փուլ:
1. Սկզբից 911 ծառայությունից կտեղեկացնեն, որ Ձեզ լավ չեն լսում:
2. Մանրամասն կհետաքրքրվեն ամեն ինչից, ընդհուպ այն, թե աշխարհագրորեն որտեղ եք գտնվում տվյալ պահին եւ երբ կհասնեք դեպքի վայր ( եթե դեպքի վայրում չեք):
Կարդացեք նաև
3. Որոշ ժամանակ անց, 911 ծառայությունից Ձեզ հետ կզանգահարեն եւ կհետաքրքրվեն, թե արդյոք դեպքի վայր եք հասել: Համոզվելով, որ Դուք դեպքի վայրում եք, ծառայության աշխատակիցն այդքան հարցեր կտա դեպքի մասին, որ մի պահ կմոռանաք, թե ինչու եք գտնվում դեպքի վայրում:
4 .5-7 րոպե պարբերականությամբ, մոտ 3-4 անգամ, ծառայության նույն աշխատակիցը Ձեզանից կհետաքրքրվի, թե ինչ եղավ եւ ինչ փուլում է դեպքը:
5. Որոշ ժամանակ անց Ձեզ կսկսեն նյարդայնացնել ծառայության աշխատակցի անընդհատ զանգերը: Ավելին, դրանք կխանգարեն Ձեզ վերացնելու ստեղծված ծայրահեղ իրավիճակը եւ Դուք կպահանջեք, որ 911 ծառայությունն այլեւս Ձեզ չանհանգստացնի:
6. 911 ծառայության դեմ Ձեր այդօրինակ դեմարշից 10-15 րոպե անց, Ձեզ հետ կկապնվի դեպքի աշխարհագրական վայրի համատիրության պատասխանատու անձը եւ Ձեզանից կհետաքրքրվի, թե ինչ է եղել:
7. Քիչ անց, երբ Դուք արդեն սեփական ուժերով մի կերպ չեզոքացրել եք սպառնացող վտանգը, Ձեզ կմոտենա դեպքի վայրի համատիրության աշխատակիցը, կներկայանա, կասի, որ իրեն ԱԻՆ-ի 911 ծառայությունից են ուղորդել եւ իհարկե կհարցնի, թե ինչով կարող է օգնել:
Սրանք են այն փուլերը, որոնք անձամբ ես պարտադրված էի անցնել ՀՀ ԱԻՆ-ի 911 ծառայության հետ շփվելիս: Ինչպես հասկացաք, իմ կողմից հայցվող օգնությունն ես չստացա, սակայն այս դեպքից հետո ինձ անհրաժեշտ եղավ 103 ծառայության օգնությունը: Երկար մտածելուց հետո, ես շտապ օգնությանը չդիմեցի: Խնդիրը կրկին լուծեցինք սեփական ուժերով: Այսքանից հետո ես համոզվեցի, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մինչեւ հարկ վճարելը, պետք է պատկերացում ունենա իր վճարած հարկերի ճակատագրի վերաբերյալ: Այսքանը:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան
ՀԳ. Դեպքը տեղի է ունեցել 30.04.2019թ: ՀՀ ԱԻՆ 911 ծառայություն ես զանգահարել եմ 21.49: