Այսօր Մայիսի 1-ն է եւ Աշխատավորների օրվա կապակցությամբ ցույց-երթը մեկնարկեց Ավետիք Իսահակյանի արձանի մոտից:
ՀՀ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Անահիտ Ասատրյանը իր խոսքում ասաց, որ ամբողջ աշխարհում սա աշխատավորների համերաշխության օրն է եւ աշխատավորները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին. «Մենք էլ դա ընկալել ենք ոչ թե որպես տոն, այլ՝ մեր խնդիրները բարձրաձայնելու օր: Սակայն այսօր մայիսի 1-ը այլ է, իրողություն է փոխվել: Սա առաջին Մայիսի 1-ն է՝ հեղափոխությունից հետո»:
Նա ասաց, որ աշխատողները պետք է օգնեն կառավարությանը, որ ճիշտ որոշումներ կայացնեն. «Խնդիրները շատ են, օրակարգում է կառավարման համակարգի արդյունավետության խնդրի լուծումը: Մինիմալ աշխատավարձը շատ ցածր է մեր երկրում եւ հնարավորություն չի տալիս, որ մարդը իր նվազագույն կենսական կարիքները բավարարի: Քաղծառայողների եւ համայնքային ծառայողների բազային աշխատավարձը ցածր է: Աշխատողների մեծ մասը չունի առողջապահական ապահովագրություն: Նվազագույն կենսապահովման զամբյուղի կառուցվածքը, չափը չունենք: Խնդիրները շատ են, պետք է աշխատենք այս ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում հարցին՝ այսօր Հայաստանի աշխատաշուկայում ո՞ր խնդիրներն են գերակա՝ տիկին Ասատրյանը պատասխանեց. «Աշխատողներին չեն գրանցում: Այս խնդիրը կկարողանանք լուծել, եթե ունենանք վերահսկող մարմին, աշխատողները չգիտեն իրենց իրավունքները, դրա համար չեն պահանջում, որ իրենք գրանցված աշխատող լինեն: Կառավարությունն ասում է, որ բազմաթիվ աշխատողներ կան, որ դեռ ստվերում են: 50 հազար աշխատողի մասին լսեցինք վարչապետից, որ արդեն ստվերից դուրս են եկել: Նվազագույն աշխատավարձը շատ ցածր է ու գործատուները օգտվում են դրանից, աշխատողներին չեն առաջարկում ավելի մեծ աշխատավարձ»:
Վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, որ սեւագործ բանվորների հասարակություն չպետք է լինեն, պետք է ներդրում կատարել մասնագիտության մեջ, լեզուներ իմանալ, որ բարձր աշխատավարձ ստանան: Անահիտ Ասատրյանը վարչապետի այս ուղերձի հետ կապված ասաց. «Մարդը, իհարկե, իր կրթության մեջ պետք է ներդրում կատարի, բայց այնպես չի, որ մեզ սեւագործ բանվորներ պետք չեն, սպասարկում իրականացնողներ պետք չեն: Բոլոր մասնագիտությունները պետք են եւ պետք է արժեւորվեն, չի կարելի մարդկանց բաժանել բարձր որակավորում ունեցող աշխատողների եւ սեւագործ բանվորների: Բայց, իհարկե, ցանկացած մարդ, որն ուզում է ունենալ արժանապատիվ ապագա, որը ձգտում է ավելի լավ կյանքի, ինքը պետք էիր վրա ամեն օր աշխատի եւ այդ առումով վարչապետը ճիշտ է»:
Եկամտահարկի համահարթ մոտեցման մասին Անահիտ Ասատրյան ասաց, որ տուժելու են քիչ աշխատավարձ ստացողները. «Անուղղակի հարկերով նպաստելու են ապրանքների թանկացմանը, աշխատավարձն էլ նրանց համար մնալու է նույնը, համաձայն չենք կառավարության մոտեցման հետ, թե այդ համահարթեցումը կբերի նրան, որ աշխատողների աշխատավարձը կգրանցեն: Այսօր մինիմալ աշխատավարձ ստացողը 16 հազար դրամով հարկվում է, սոցիալական արդարություն է պետք, դա շատ կարեւոր է երկրի զարգացման համար»:
Ըստ Անահիտ Ասատրյանի, աղքատ չլինելու համար երկու հոգանոց ընտանիքին 150 հազար դրամ աշխատավարձը բավարար է: Իսկ թե ինչքա՞ն աշխատավարձ է պետք երջանիկ լինելու համար՝ նա պատասխանեց. «Երջանկությունը ամեն մեկի համար տարբեր է, դժվար է ասել, թե ում ինչ է պետք՝ երջանիկ ապրելու համար, մեկին Վոլվո է պետք, մեկին՝ Ռոլս-Ռոյս»:
Երթի մանրամասները՝ տեսանյութերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ