Այսօր Մայիսի 1-ն է եւ Երեւանի փողոցներում տոնական տրամադրություն է, թմբուկների զարկ, երթ: Մթնոլորտն այնքան ուրախ ու բարի էր, որ աշխատավոր ցուցարարները հասարակական կարգը պահող ոստիկաններին էին տալիս հեռախոսները՝ հորդորելով իրենց լուսանկարել:
Մենք զրուցեցինք մի քանի ոստիկանների հետ, նրանք վստահեցրին, որ գոհ են իրենց աշխատանքից, հարցին՝ աշխատավարձից գո՞հ եք՝ պատասխանեցին՝ «շատ»:
Նրանցից մեկն էլ վստահեցրեց, որ իր աշխատավարձը լրիվ բավարարում է՝ նորմալ, երջանիկ ապրելու համար:
Կարդացեք նաև
Ցույցին մասնակցում էր նաեւ 10-ամյա Վարազդատը, որը եկել էր Արարատի մարզի Ջրաշեն համայնքից: Նա ասաց, որ մեծանա, աշխատելու է որպես ծրագրավորող: Իսկ թե ինչ է անելու աշխատավարձով, պատասխանեց. «Դե, նպատակ ունեմ նախագահ դառնալ: Եթե ծրագրավորող չկարողանամ դառնալ, գոնե նախագահ պիտի դառնամ»: Ըստ նրա, նախագահ դառնալու համար պետք է լավ սովորել, բարի լինել ու ինքը ունի այդ արժանիքները:
Վարազդատն ասաց, որ մեր ներկայիս նախագահը՝ Արմեն Սարգսյանը բարի է, բայց ինքն ուզում է նախագահ դառնալ, որ երկրում ամեն ինչ փոխի. «Աշխատավարձերն եմ բարձրացնելու»: Ըստ երեխայի, եթե մարդը ստանա 300 հազար դրամ, լավ կապրի. «Հայրիկս աշխատում է խանութում, մայրիկս չի աշխատում, նորմալ է»:
Մեզ հետ զրույցում մի երիտասարդ աղջիկ՝ Մերի Մկրտչյանը, հարցին, թե որտե՞ղ եք աշխատում, պատասխանեց. «Մանկապարտեզում…տենց…տնօրեն եմ»: Հետո պարզվեց «տենց տնօրենը» վերաբերում էր նրան, որ ժամանակավոր պաշտոնակատար էր Սեւանի մանկապարտեզներից մեկում: Նա ասաց, որ տնօրենի աշխատավարձը դեռ չի ստացել, որ ասի՝ գո՞հ է, թե՞ դժգոհ, մինչեւ տնօրեն աշխատելը երաժշտության դաստիարակն է եղել. «Եթե հաշվի առնենք, որ կես դրույքով էի աշխատում, հիմա բավականին բարձր է»:
Հարցին՝ երջանիկ լինելու համար մարդուն ինչքա՞ն աշխատավարձ է պետք, նա պատասխանեց. «Եկեք Սեւան, կհասկանաք, որ երջանկության հետ փողն ընդհանրապես կապ չունի»:
Սեւան երիտասարդական ակումբ ՀԿ-ի կամավորները նույնպես մասնակցում էին մայիսմեկյան ցույցին: Նրանք պատմեցին, թե ինչպես են առավոտից մինչ իրիկուն կամավորության սկզբունքով առանց աշխատավարձի աշխատում Սեւանում ու աշխատում են սիրով: Հարցին՝ պաշտոնների ձգտո՞ւմ եք՝ նրանք կեսկատակ պատասխանեցին, որ այո, օրինակ, իրենցից մեկն ուզում է դառնալ Սեւանի քաղաքապետ. «Արդեն շտաբի պետ էլ ունեմ»:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ