Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը կասեցումից հանել է «էլեկտրիկ Երեւանի» ժամանակ տուժած լրագրող Թեհմինե Ենոքյանի եւ այլ քաղաքացիների գործը՝ հետ ուղարկելով ՀՔԾ՝ քննության

Մայիս 01,2019 16:51

«Հայտարարության մեջ մեկնաբանություն չի արել՝ ինչու է կասեցված գործը վերաբացել, ի՞նչ նոր հանգամանքով է: Պարզապես նամակ եմ ստացել, որ գործը վերաբացվել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Թեհմինե Ենոքյանը, որը 2015 թվականին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի՝ «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ տասնյակ մարդկանց թվում տուժել է քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողություններից:

Թեհմինե Ենոքյանը երեկ Հատուկ քննչական ծառայությունից նամակ է ստացել, որ գործի վարույթը վերսկսվել է։ Փաստաթղթում մասնավորապես նշված է՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով հաղորդում եմ Ձեզ, որ դատախազի կողմից կասեցման որոշումը վերացնելու հիմքով թիվ 62217915 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է»։

Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ ՀՔԾ-ն կասեցրել էր «Էլեկտրիկ Երեւանի» գործը՝ պատճառաբանությամբ, որ չեն գտնում լուսանկարներում առկա մարդկանց:

Թե ինչ հիմքով է կասեցված գործը վերաբացվել, արդյոք նոր երեւան եկած հանգամանքներ կան, կամ գուցե գտել են լուսանկարների՝ քաղաքացիական հագուստներով ոստիկաններին, գործում որպես տուժող հանդիսացող Թեհմինե Ենոքյանը չէր կարող ասել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իրեն դեռ չեն հրավիրել ՀՔԾ, եւ չգիտի էլ՝ կկանչեն, թե ոչ: Ասաց նաեւ, որ գործը քննում է նույն քննիչը՝ Վազգեն Ավետիսյանը: Թեհմինե Ենոքյանի խոսքով, իրեն ծանուցված ծրարում 40-ից ավելի քաղաքացիների անուն ազգանուններ ու հասցեներ են նշված, որոնք նույնպես առնչվում են գործին:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեր հարցերին ի պատասխան ասաց, որ տուժողներն ու իրավահաջորդները բողոք են ներկայացրել, դրա հիման վրա է:

Գործի կասեցումը վերացվել եւ կրկին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՔԾ՝ նորից նախաքննությունը շարունակելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031