Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կեցցե՛ Նիկոլը, աշխատավարձս 75 հազարից սարքին 130 հազար». Թոշակառուները կիսվեցին գաղտնիքներով՝ հարսանիքի գնալիս հարեւանի շորերն են հագնում ու գոհ են

Մայիս 01,2019 16:04

«Կեցցե մայիսի 1-ը, ուռա՜, ուռա՜, ուռա՜»,- ահա այսպես Ավետիք Իսահակյանի արձանի մոտ մեզ դիմավորեցին մի խումբ աշխատավոր տղամարդիկ: Մայիսի 1-ն է եւ Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրային ծառայությունների աշխատողները Աշխատավորների օրվա կապակցությամբ մասնակցում էին ցույց-երթին, որը մեկնարկեց հենց Իսահակյանի արձանի մոտից:

Այդ տղամարդիկ, ինչպես հետո պարզեցինք, համայնքապետարաններից մեկում էին աշխատում, մեկը հաշվապահ էր, մյուսը՝ տնտեսագետ, համայնքային ծառայողներ էին: Հաշվապահ Դերենիկ Մանուկյանն ասաց, որ ամեն ինչ լավ է, «գոյատեւում ենք»: Մեր դիտարկմանը, որ մարդիկ աշխատում են, որ հաճույք ստանան, ոչ միայն գոյատեւեն, դուք ձեր աշխատանքից, աշխատավարձից գոհ չե՞ք՝ նա պատասխանեց, որ շատ գոհ է. «40 տարի աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Շատ լավ է, 130 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: 75 հազարից սարքին 130, 2018-ի հունիսին է բարձրացել աշխատավարձս, կեցցե Նիկոլը»:

Հարցին՝ երջանիկ լինելու համար մարդուն ինչքա՞ն աշխատավարձ է անհրաժեշտ՝ նրանք միանգամից հակադարձեցին, թե ի՞նչ աշխատավարձ, երջանիկ ապրելու համար լավ ընտանիք է պետք, ուրիշ ոչ մի բան: Եթե լավ ընտանիք եղավ, փողը կլինի:

Գառնիկ Զուռնաչյանը դժգոհեց, որ շուտով 65 տարին է լրանում ու ինքը դառնալու է գործազուրկ. «65-ից հետո չենք աշխատում, համայնքային ծառայող ենք՝ ոտով, ձեռով, ուղեղով, ոչ գժվել ենք, ոչ նարկոման ենք, ոչ բան»: Հարցին՝ ի՞նչ են ասում, որ անհրաժեշտ է երիտասարդ, բարետես, երկար ոտքերով…հա՞՝ նա պատասխանեց. «Չէ, 65 ես, ուրեմն վերջացավ, վսյո՛: Ինչի՞ համար ուսուցիչներին սարքեցին ցմահ, տալիս են սոցփաթեթ, իսկ համայնքային ծառայողը աշխատող չի՞՝ ո՛չ նրանից է օգտվում, ո՛չ նրանից:»: Հարցին՝ մյուս կողմն էլ կա, բա եթե դուք ցմահ աշխատեք, երիտասարդնե՞րն ինչ անեն՝ նա պատասխանեց. «Բաց կա: Ես 40 տարի աշխատել եմ, ինձ թոշակ տուր, որ գնամ ապրեմ, բայց ի՞նչ ես տալիս, 46 տարվա աշխատանքային ստաժով 53 հազար թոշակ ես տալիս, 53 հազարով սկի կոմունալ ծախսերը չի հերիքում, ո՞նց ես ապրելու: Կամ թույլ տվեք աշխատել, կամ թոշակը այնքան տուր, որ վայելենք»:

Թե ինչքա՞ն թոշակ կուզենար ստանար, որ վայելեր՝ նա պատասխանեց. «Լույսի գինը հաշվեք ինչ արժի, կոմունալները, գազը, տակը ի՞նչ է մնում՝ չի մնում»:

Մեր դիտարկմանը, որ սնունդը, հագնվելու ծախսերն էլ գումարենք՝ պապիկները վրա եկան, թե թոշակառուների ինչի՞ն է պետք հագնվել, հներով ապրում ենք: Նրանք իրենց գաղտնիքներով կիսվեցին, թե, օրինակ, հարսանիքի գնալիս, մի առիթի մասնակցելիս ինչ են անում՝ «հարեւանի շորերը կհագնես կգնաս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031