Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետությունը ձեռքերը լվացել է». Թադևոս Ավետիսյանը՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին

Մայիս 01,2019 15:54

«Ցավոք, առնվազն մեկ տարում քաղաքական փոփոխություններից հետո կարծես թե գնալով համոզվում ենք, որ աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտը, բարեփոխումները, եթե չասեմ անտեսվել են, ապա երկրորդ պլան են մղված, ինչը տեսնում ենք նաև կառավարության ծրագրում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակն իրականացրել է ուսումնասիրություն աշխատանքային իրավունքների ոլորտում և ամփոփել է արդյունքները, որի հիման վրա զեկույց է հրապարակվել:

Դառնալով ՀՀ կառավարության ծրագրին՝ Թադևոս Ավետիսյանն ասաց. «Ձևակերպումներում բավականաչափ նպատակադրումներ չկան առնվազն համաչափ ներկա խնդիրներին: Պետք է հստակ քաղաքական կամք: Աշխատանքային խնդիրները բավականին բարդ են, քանի որ տարբեր շահեր են հատվում՝ գործատուների, աշխատողների պետության: Պետք է սոցիալական պետությունը, որը ՀՀ-ի սահմանադրությամբ է ամրագրված, կարևոր դերակատարում ունենա այս դաշտում իրավունքների, պարտականությունների ճիշտ հավասարակշռման իմաստով»: Նա մանրամասնեց. «Աշխատանքի ոլորտում ՀՀ-ն սկսած 2004 թվականից ստանձնել է մի շարք միջազգային պարտավորություններ: Ցավոք, ստանձնած միջազգային պարտավորությունների մի մասը դեռևս չի իրականացվել: Դա փաստվում է միջազգային զեկույցներով և այլ հեղինակավոր կազմակերպությունների երաշխավորություններով: Դրանք վերաբերում են ինչպես աշխատավորի հանգստի իրավունքին, աշխատանքի կարգավորմանը, այնպես էլ սոցիալ աշխատանքային երաշխիքներին»:

Թադևոս Ավետիսյանը նշեց՝ զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարվում եղած անհամապատասխանություններին՝ տալով լուծումներ: Ըստ նրա՝ նախորդ տարիներին տեսչական բարեփոխումներ կոչված գործընթացի ներքո աշխատանքային հարաբերությունների նկատմամբ պետական վերահսկողությունն էապես նվազել է, և պետությունը կարծես թե իր ձեռքերը հնարավորինս լվացել ու դուրս է եկել. «Նոր իրողությունների պայմաններում, թերևս այդ նույն մոտեցումը շարունակվում է: Կառավարության ներքո գործող աշխատանքի և առողջապահության պետական տեսչությունը, որը կոչված է նաև աշխատանքային իրավունքների կատարմանը, պետական վերահսկողության իրականացում պետք է իրականացնի, այս տեսչությունը չունի բավարար գործառույթների շրջանակ և նրա վերահսկողությունից դուրս են մնում աշխատողի հանգստի իրավունքը, աշխատաժամանակի ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը, աշխատանքի ընդունման հիմքերի իրավաչափության ստուգումը, աշխատավարձի ճիշտ հաշվարկման նկատմամբ վերահսկողությունը, դժբախտ դեպքերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունների վերահսկողությունը»:

Անդրադառնալով ավելի հաճախ հանդիպող խախտումներին՝ Թադևոս Ավետիսյանն ասաց. «Մեծ թիվ են կազմում աշխատաժամանակի ռեժիմի խախտումները: Նաև դատարաններում դիմումներն են բավականին փոքր թիվ կազմում: Միջինը տարեկան 500-600 դատական վեճեր կան: Պետական մարմինները պետք է կանխարգելիչ գործառույթներ իրականացնեն, սակայն դա չի անում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031