Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքրուհի եմ աշխատում ու շատ գոհ եմ». 65-ամյա կինը 4 տեղ աշխատում էր ու եկել էր Մայիսի 1-ը նշելու

Մայիս 01,2019 15:42

Այսօր Մայիսի 1-ն է եւ Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրային ծառայությունների աշխատողները Աշխատավորների օրվա կապակցությամբ մասնակցում էին ցույց-երթին, որը մեկնարկեց Ավետիք Իսահակյանի արձանի մոտից: Նրանք թմբուկով, պարելով նշում էին Աշխատանքի տոնը եւ երբ աշխատավորների խնդիրներից հարց էինք տալիս, ասում էին՝ «էս ազիզ օրո՞վ»:

Ցույցին մասնակցում էր Պատմության թանգարանում որպես մաքրուհի աշխատող Մարիամ Բաղդասարյանը: Հարցին, թե աշխատաշուկայում այսօր ի՞նչ խնդիրներ է տեսնում՝ նա պատասխանեց. «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Այսօր աշխատավորության տոնն է եւ մենք դուրս ենք եկել՝ շնորհակալություն հայտնելու ամեն ինչի համար: Ես աշխատում եմ մաքրուհի, շատ գոհ եմ, մանավանդ՝ մեր ղեկավարությունից»: Հարցրեցինք՝ ձեր իրավունքները չե՞ն խախտվում, աշխատաժամից դուրս չե՞ն աշխատեցնում՝ առանց հավելյալ վճարի՝ նա վստահեցրեց՝ «Մեզ մոտ ոչ մի խախտում չկա: Ես թոշակառու եմ, աշխատում եմ թանգարանում եւ շատ գոհ եմ մեր կոլեկտիվից, մեր ղեկավարությունից եւ արհմիությունից»: Հարցին՝ աշխատավարձից գո՞հ եք՝ նա պատասխանեց, որ իշխանափոխությունից հետո խոստացել են բարձրացնել: Կինը վստահեցրեց, որ իր աշխատավարձն իրեն առայժմ բավարարում է, իսկ թե երջանիկ ապրելու համար ինչքա՞ն աշխատավարձ է պետք աշխատավորին՝ նա պատասխանեց. «Երջանիկ ապրելու համար շատ է պետք, բայց, փառք Աստծո, այսօր իմ երեխաները աշխատում են եւ ամեն հարցերը լուծում են»:

Որպես տնտեսագետ աշխատող Շողիկ Էլբակյանն ասաց, որ այսօր Հայաստանում աշխատատեղ չկա եւ դա է հիմնական խնդիրը: Ըստ նրա, երջանիկ լինելու համար անհրաժեշտ է միջինը 300 հազար դրամ ամսական աշխատավարձ. «Դրանով ոչ թե բոլոր հարցերը կլուծի, ամեն դեպքում արժանապատիվ կապրի: Այսօր սպառողական ապրանքների գները գնալով թանկանում են, չես մասնակցում այն ամեն ինչին, ինչին կուզենաս մասնակցել»: Նա ասաց, որ երկու ուսանող է պահում, իր աշխատավարձի գումարները տնտեսում է, որ ուսման վարձ տա, հույս ունի, որ տղաները կաշխատեն, նոր իրեն թույլ կտա, օրինակ, արձակուրդներին գնալ մի տեղ հանգստանալու:

Խաչատրյան Սեդան ցույցի էր եկել իր ծննդյան օրը: Նա 65 տարեկան է: Հարցին, թե աշխատո՞ւմ եք, 65-ամյա կնոջ համար հե՞շտ է Հայաստանում աշխատանք գտնել՝ կինը նույնիսկ մի տեսակ նեղացավ՝ «Քանի տեղ եմ աշխատում»: Պարզվեց նա 4 աշխատատեղ ունի. «2 տեղ գրանցված եմ աշխատում, երկու տեղ էլ առանց գրանցվելու»: Հարցին, թե ինչո՞ւ եք առանց գրանցվելու աշխատում, ձեր շահերը ոտնահարվում են՝ նա պատասխանեց, որ բարեկամ մարդ են, ինքը չի դժգոհում: Հետաքրքրվեցինք՝ ձեր մասնագիտությա՞մբ եք աշխատում՝ նա պատասխանեց. «Հա, աշխատում եմ՝ որպես մաքրուհի: Շատ գոհ եմ, աշխատավարձից էլ եմ գոհ»: Մեր զարմանքին՝ մաքրուհին ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, որ գոհ եք՝ նա պատասխանեց. «Կառավարությունից 63 հազար դրամ եմ ստանում, պոլիկլինիկայից 54 հազար: Աշխատում եմ մինչեւ ժամը 3-4-ը»:

Նրա հետ ցույցին մասնակցում էին կառավարությունում մաքրուհի աշխատող իր գործընկերները: Նրանցից մեկը՝ Գայանե Բարսեղյանը սկսեց դժգոհել, որ իրենք աշխատանքի դիմաց աշխատավարձը շատ քիչ է. «Մեր տանջանքը շատ է, անքուն ենք: Լուսադեմին գնում ենք, շատ քիչ է մեր աշխատավարձը մեր աշխատանքի դիմաց: Մեզ մոտ իդեալական մաքրություն է կառավարական առաջին շենքում: Կուզենայինք, որ աշխատավարձերը, թոշակները բարձրացնեին, մի քիչ լավ ապրեինք: Եթե մարդ դեռ թոշակ չի ստանում, աշխատավարձն էլ չի ներում, լավ աշխատանքի ջահելներին են ընդունում, ո՞նց ապրի էդ մարդը»:

Մաքրուհիները դժգոհում էին նաեւ, որ պահանջվում է բարետես արտաքինով, երկար ոտքերով ու երկար մազերով բարետես աշխատակցուհի, իրենց հերթը չի հասնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031