Երևանի Պետական Համալսարանում սովորող մի շարք ուսանողներ բարձրաձայնում են, որ բուհում օտարալեզու գրականությունը հայերեն թարգմանելու խնդիր կա։ Այս հարցը շատերին է հուզում՝ որոշ օտար լեզուներին չտիրապետելու պատճառով, քանի որ երբեմն քննական ամբողջ նյութը տրվում է միայն օտար լեզվով՝ առանց օժանդակող հայերեն նյութերի, որն էլ իր հերթին հակասում է լեզվի մասին ՀՀ օրենքին:
Քննական նյութերի օտարալեզու լինելու պատճառները տարբեր են, ուսանողների մտահոգությունները՝ նույնպես: Հաշվի առնելով շատ ուսանողների կողմից բարձրաձայնվող այս խնդիրը՝ որոշեցի պարզել դրա պատճառները, ինչպես նաև զրուցել պատասխանատուների և ուսանողների հետ:
Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՕՐԵՆՔԸ
Հայաստանի Հանրապետության լեզվի մասին օրենքի երկրորդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է և ուսուցումը կրթական հաստատություններում պետք է արվի հայերենով:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը: Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իշխանության և կառավարման տեղական մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է նաև պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:
2018թ. ի մարտի 23-ին ընդունվել է նաև օրենքը՝ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, որի առաջին հոդվածի երրորդ կետի երկրորդ մասը սահմանում է, որ լեզվի կոմիտեն աջակցում է հեռուստառադիոընկերությունների՝ մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական և մարզական հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը. Օրենքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ
ԵՊՀ ուսանողների կարծիքները օտարալեզու գրականության վերաբերյալ տարբեր են, բայց միևնույնն է գրեթե բոլորի կարծիքը այն հարցի շուրջ, որ օտարալեզու գրականությունն էլ պետք է ունենա մի քանի լեզվով տարբերակներ, որպեսզի որևէ լեզու չուսումնասիրած ուսանողը օգտվի իրեն հասկանալի և ծանոթ լեզվից, կամ գոնե զուգահեռ հայերեն օժանդակ նյութեր տրամադրվեն դասախոսների կողմից:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Թամարա Գասպարյանը նշում է, որ իրենք հասկանում են օտարալեզու գրականության շատ ավելի լայն հնարավորություններ ընձեռելը մասնագիտական համակողմանի գիտելիք ստանալու հարցում, սակայն օտարալեզու գրականությունից օգտվելը առաջին հերթին ժամանակատար է.
«Իմ կարծիքով` առաջանում է նաև լեզվամտածողության խնդիր. ինչքան էլ լավ տիրապետես լեզվին, պետք է քննությունը հանձնես հայոց լեզվով: Կա մեկ այլ խնդիր. ոչ բոլոր դպրոցներում են օտար լեզուները լավ մատուցվում, և շատ ուսանողների համար խնդիր է լինում օգտվել օտարալեզու գրականությունից, իսկ քննությունը տապալելուն էլ կարող է «նպաստել» որպես օտար լեզու գերմաներեն կամ ֆրանսերեն ուսումնասիրելը այն դեպքում, երբ գրականությունը անգլերեն է: Ստացվում է, որ լեզու չիմանալու պատճառով կարելի է ուղղակի չհանձնել քննությունը: Սա իսկապես մեծ խնդիր է: Ողջունելի է, որ դասախոսները օտարալեզու տարբեր գրքեր են հանձնարարում, սակայն, կարծում եմ, դա չպետք է լինի առաջնային նյութ»:
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների հանրային կառավարում բաժնի չորրորդ կուրսի ուսանողուհի Նարե Հովհանիսյանն էլ ասում է, որ հայալեզու ուսումնական նյութերի սակավության խնդրին բախվել է դեռևս առաջին կուրսի առաջին կիսամյակում, երբ քննական յուրաքանչյուր հարցի վերաբերյալ միջանկյալ քննությանը միայն հայերեն նյութը բավական չէր առավելագույն միավոր ստանալու համար.
«Կարծում եմ, որ առաջին կուրսում, երբ օտար լեզվով դեռ ձեռք չի բերվել համապատասխան մասնագիտական բառապաշարը, ուսանողների մոտ կարող են առաջանալ դժվարություններ, քանի որ նյութերը խիստ մասնագիտական ուղղվածություն ունեն և նույնիսկ լեզվին շատ լավ տիրապետողները կարող են դժվարանալ մասնագիտական տեքստը ճշգրիտ թարգմանելու և ընկալելու հարցում: Ուստի կարծում եմ, որ առաջին կուրսում ընդհանրապես պետք է բացառել օտարալեզու գրականության ընդգրկումը ուսումնական ծրագրում՝ որպես պարտադիր և միավորի վրա մեծ ազդեցություն ունեցող գործոն: Իհարկե, այն կարող է լրացուցիչ տրամադրվել, որպեսզի ուսանողը ցանկության դեպքում դրա միջոցով ավելի խորացնի իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Ըստ իս ավելի բարձր կուրսերում կարելի է նյութերի մի մասը տրամադրել օտար լեզուներով՝ ավելի խորքային գիտելիքներով ուսանողներին ապահովելու համար, բայց դրան զուգահեռ ներառելով հայերեն նյութեր՝ օտար լեզվի հարցում թերացող ուսանողներին այլընտրանք տալու համար»:
Ուսանողները նշում են, որ եթե ռուսերեն լեզվով նյութերը ինչ որ տեղ հասկանալի ու ընդունելի են, ապա միայն անգլերեն լեզվով գրականություն տալը՝ ոչ՝ պատճառաբանելով, որ եթե ռուսերենը դպրոցում բոլորս ենք անցել և մասամբ գոնե տիրապետում ենք, ապա անգլերեն բոլորը չէ, որ ուսումնասիրել են և տիրապետում են լեզվին, և նման ուսանողների համար գոնե պետք է տրվի իրենց իմացած օտար լեզվով համարժեք նյութեր:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Ռոզա Խաչատրյանը այն ուսանողուհիներից է, ով դպրոցում սովորել է գերմաներեն անգլերենի փոխարեն, և այժմ էլ համալսարանում շարունակում է ուսումնասիրել գերմաներեն լեզուն.
«Չնայած նրան, որ ես հիմա ինքս ուսումնասիրում եմ անգլերեն ու որոշ չափով հասկանում, ինձ համար միևնույնն է դժվար է թարգմանել կամ սովորել այն նյութերը, որոնք մեզ տրվում են անգլերենով: Նախ դրանք ինձ համար շատ ժամանակատար են, և շատ ժամանակ կկորցնեմ եթե անգամ միայն թարգմանեմ դրանք, նույնքան ժամանակ էլ պետք է, որ կարողանամ սովորել: Իսկ որոշ դեպերում էլ, երբ չեմ կարողանում թարգմանել, պետք է հավելյալ ծախս անեմ, թարգմանելու տամ, գումար ծախսեմ և հետո նոր սովորեմ: Բայց միգուցե ես ունեմ այդ հնարավորությունները և կարող եմ ավելորդ ջանք չթափել և թարգմանելու տալ, բայց մեկ ուրիշը հնարավոր է, որ չունի այդ հնարավորությունը, այս դեպքում ինչպե՞ս է նա լուծելու այդ խնդիրը»:
ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Աղաջանյանն էլ պատմում է օտարալեզու գրականության այս դժվարությունների մեջ իր քաղած օգուտի մասին.
«Մեզ համար արդեն սովորական երևույթ է դարձել նյութերը ռուսերեն կամ անգլերեն ունենալն ու թարգմանելը: Սկզբում շատ էի դժվարանում, որովհետև լավ չէի տիրապետում ռուսերենին, բայց այս երեք տարվա նյութերի և թարգմանությունների շնորհիվ սովորել եմ ռուսերեն և հեշտությամբ կատարում եմ թարգմանություններս: Բայց նաև կարծում եմ, որ եթե ռուսերենը բոլորս դպրոցում անցել ենք, և ինչ որ չափով տիրապետում ենք այդ լեզվին, ապա անգլերեն բոլորս չէ, որ անցել ենք»:
ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԵՆ
Ուսանողներն առանձնացնում են դասախոսների կողմից բերվող հիմնավորումների երկու խումբ.
1. Մասնագիտությունը որպես այդպիսին նոր է, և չկան համապատասխան հայերեն նյութեր, գրքեր, ուսումնասիրություններ
2. Դուք որպես ԵՊՀ ուսանողներ, պարտավոր եք տիրապետել ռուսերեն և անգլերեն լեզուներին
Ընդ որում` շատ ուսանողներ ընդունում են այս հիմնավորումները, սակայն նշում են նաև, որ ամեն ինչ միանշանակ չէ, և այս պատճառները հաշվի առնելով չպետք է բացառել թարգմանությունը, մանավանդ այն դեպքում, երբ որոշ առարկաների դասախոսներ տարիներ շարունակ նույն օտարալեզու նյութն են տրամադրում ուսանողներին: Նելլի Պետրոսյանն, օրինակ, ԵՊՀ այն ուսանողուհիներից է, ով լավ տիրապետում է անգլերեն լեզվին և ուրախ է անգլիալեզու գրականության կիրառման համար, բայց նաև դեմ է, որ դա գերակշռի հայերենին: Իսկ ռուսալեզու գրականության մասին ասում է, որ հիմնականում խորհրդային նյութերից է բաղկացած գրականությունը, և դրանք երբեմն խիստ ժամանակավրեպ են ու թարմացման, վերանայման կարիք ունեն:
ԵՊՀ դասախոս, Սոցիոլոգիայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ Ա. Աթանեսյանը կարծում է, որ լեզվի իմացությունը հմտություն է և ոչ թե գիտելիք, և խնդրի բուն էությունը գալիս է դպրոցից, քանի որ սովորական դպրոցները չեն տալիս տարրական նորմալ մասնագիտական գիտելիքներ և չեն կարևորում օտար լեզուն, իսկ վճարովի դպրոցներն էլ ոչ բոլորի համար են հասանելի: «Մեր բուհերում չգիտես ինչու լեզվի ուսուցմանը նվիրված են ֆակուլտետներ, բայց լեզուն իրականում հմտություն է, և այդ հմտությունները ուսանողներին փոխանցելու համար բուհը չպետք է ունենա ֆակուլտետներ, այն իրենից ենթադրում է սովորական նորմա, որը պետք է իմանալ: Արտերկրում լեզվի իմացությունը չի համարվում մասնագիտություն: Ես կարծում եմ, որ արտերկրում, ունենալով նյութը անգլերենով կամ այլ լեզվով, ուսանողները չեն փորձում այն արտաբերել մայրենի լեզվով»,- ապա անցում կատարելով չթարգմանված գրականությանը պատասխանում է, որ մի կողից մասնագետները չեն հասցնում, մյուս կողմից ֆինանսավորման խնդիրն է խանգարում: Պարոն Աթանեսյանը նաև նշում է, որ մեր երկրում լեզվի ցածր իմացության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք արևելյան ժողովուրդ լինելով, կարծում ենք, որ մարդուն ամեն ինչ կարելի է բացատրել անգամ առանց լեզվի իմացության:
ԵՊՀ տպագիր և առցանց լրատվամիջոցների դասախոս Մուշեղ Հովսեփյանը կարծում է, որ օտարալեզու գրականությանը զուգահեռ պետք է տրվի ուսանողներին նաև եթե ոչ ամբողջական, ապա օժանդակ հայերեն գրականություն, և դրանց ամբողջական բացակայությունը դեմ է ՀՀ լեզվի մասին օրենքին:
«Ժուռնալիստիկա մասնագիտությունը զարգանում է շատ արագ, շատ առատ է դրսի տեսական դպրոցը, և մտնելով լսարան դասախոսը՝ ես ինքս էլ, փորձում ենք ամենավերջին տեսական մոտեցումներին ուսանողներին ծանոթացնել: Այդ տեսական մոտեցումները դեռ ոչ թարգմանվել են, ոչ էլ դասախոսը հնարավորություն ունի դասին զուգահեռ դրանք բոլորը թարգմանելու: Բայց որպես ուղեցույց և օժանդակ նյութ ես տալիս եմ սլայդներ, որպեսզի ուսանողները ստիպված չլինեն այդ ամբողջը օտարալեզու գրականությունից վերցնել»,- ասում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Անահիտ Մենեմշյանը:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԽՆԴՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
Ամբիոնները հիմնականում առաջ են բերում դասախոսների այս կամ այն ամբիոնին պատկանելու խնդիրը, և խորհուրդ տալիս հարցը քննարկել նաև ֆակուլտետների դեկանների հետ:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանն ասում է, որ դասախոսի տվյալ ամբիոնից լինել կամ չլինելը նույնպես էական նշանակություն ունի. «Եթե դասախոսը մեր ամբիոնից է, ես կարող եմ կանչել, շատ հանգիստ զրուցել դասախոսի հետ և խնդրել, որ տրամադրի նաև այլ գրականություն, եթե դրանք գոյություն ունեն: Իսկ ինչ վերաբերում է իմ կարծիքին օտարալեզու գրականության շուրջ, ես կողմ եմ երեք լեզուներով ուսուցմանը, բայց տալով երեք լեզուների լավագույնները, որոնք իսկապես կօգնեն մեր ուսանողին»:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը համամիտ է իր ուսանողների այն կարծիքի հետ, որ մասնագիտական գրականությունը պետք է լինի մայրենիով, բայց նաև ավելացնում է. «Մենք ապրում ենք 21- րդ դարի այն հնարավորությունների աշխարհում, որ այսօր ամեն ինչ հայացնել, թարգմանել ու տառադարձել հայերեն դժվար կլինի և հնարավոր էլ չէ: Առավել ևս լրագրության և լրագրագիտության հետ կապված, երբ անցած տարի թարգմանված դասագիրքը այս տարի արդեն հին է և ոչ քննական»,- դեկանը կարծում է, որ անշուշտ ճիշտ են բոլոր նրանք, ովքեր ասում են թարգմանել մասնագիտական գրականությունը, բայց ճիշտ են նաև բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ԵՊՀ ընդունված ուսանողը պետք է օտար լեզուներով մասնագիտական գրականությանը հաղորդակից դառնալու հնարավորություն ունենա, և ավելացնում է. «Անշուշտ մեր ողբերգությունն է, որ մենք չենք կարողանում ընդունել այն ուսանողությանը, որը մեր բոլոր չափանիշները կբավարարի, այլ ոչ թե պայման կդնի հայերեն գրականության բացակայության դեպքում չկարդալ օտարալեզու գրականությունը»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կարծիքն այս հարցի շուրջ հետևյալն է. «Պետք է նշեմ, որ բոլոր գրքերը չէ, որ պետք է հայերեն թարգմանված լինեն: Այսօր բոլոր ոլորտներում շատ արագ են փոփոխություններ լինում, անհնար է հասցնել այդ գործընթացների հետևից: Իսկ թարգմանությունները հսկայական գումարներ են պահանջում: Հորդորում եմ ձեզ լեզու ուսումնասիրել և օգտվել արտասահմանյան գրականությունից: Այսօրվա ուսանողը պետք է առնվազն երկու լեզու իմանա, հակառակ դեպքում նա լավ ուսանող չէ»:
ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ
Այսպիսով, յուրաքանչյուր կողմի կարծիքն էլ հասկանալի և ընդունելի է իր ասածի համատեքստում, սակայն խնդիրը դրանից լուծում չի ստանում և մնում է օդում կախված: Յուրաքանչյուր կողմ ունի իր կարծիքը խնդրի լուծման շուրջ, և հաշվի առնելով դասախոսների և այս հարցով պատասխանատուների դիրքորոշումները, հասկանալի է դառնում, որ չկա միանշանակ մեկ կառույց, որը պարտավորություն կստանձնի թարգմանելու մասնագիտական գրականությունը: Այս հարցը կախված է և՛ դասախոսից ու իր կարծիքից մասնագիտական գրականության օտարալեզու լինելու հետ կապված, ինչպես նաև քննության համար ներկայացրած իր պահանջներից, քանի որ որոշ դասախոսներ տալիս են նաև օժանդակ և այլընտրանքային գրականություն հայերենով, իսկ որոշ դասախոսներ՝ ոչ, և՛ ամբիոնից և իհարկե ուսանողի դիրքորոշումից:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ Ա. Աթանեսյանը խնդրի լուծումը տեսնում է այլ հարթությունում. «Եթե մեր լրագրողները կարողանան կոնցեպտուալացնել իրենց աշխատանքը և այդ կոնցեպտուալ մոտեցումները ներկայացնեն որպես ազդեցիկ և օգտակար նաև այլ երկրների ժուռնալիստների համար, ապա ցանկացած լավագույն ամսագիր սիրով կվերցնի և կթարգմանի հայ մասնագետների աշխատանքը՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով է այն գրվել»:
Եվ վերջում խորհուրդ է տալիս թե ուսանողներին և թե մասնագետներին զարգացնել մասնագիտական մոտեցումները, և իհարկե ինքնակրթվել ու զարգանալ բոլոր ոլորտներում՝ այդ թվում լեզվի իմացության, մասնագիտական կարողությունների և այլն՝ կրկին ընդգծելով իր կարծիքը, որ լեզվի իմացությունը ոչ թե գիտելիք է, այլ հմտություն, որին պետք է տիրապետեն ուսանողները:
Գեմա ԱՂԱՋԱՆՅԱՆ
Մի խոսքով՝ խայտառակ վիճակ է, երբ ուսանողը ոչ ռուսերեն գիտի, ոչ անգլերեն ու դեռ մի բան էլ բողոքում է: Փոխանակ սովորեն լեզուներ և ուրախանան, որ նման հնարավորություն ունեն: Մենք ասպիրանտուրայում չգիտես ինչու, ռուսերեն չենք հանձնում ոչ քննություն, ոչ ստուգարք, կարծես այդ լեզուն և այդ լեզվով գիտական գրականություն կամ գիտաժողովներ գոյություն չունեն աշխարհում: Իմ համոզմամբ, վաղուց է պետք ասպիրանտներից պահանջել ռուսերենի գերազանց իմացություն՝ անգելերենին հավասար, դա միայն նրանց ինքնավստահությունը կբարձրացնի, որովհետև առավելություն կտա բոլոր այն արտասահմանցի կոլեգաների նկատմամբ, ովքեր գիտեն միայն անգլերեն: Փոխանակ դառնանք ավելի մրցունակ, սահմանափակվում ենք աղքատիկ անգլերենով, որից հազար գլուխ բարձր է նույն գերմաներենը՝ թէ իր բառապաշարով, թե հնչողությամբ: