Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռուբե′ն, հեռացիր». Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները պնդում են՝ այգու տնօրենը պետք է հրաժարական տա

Մայիս 01,2019 13:27

«Ռուբե′ն, հեռացիր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը»- այսօր՝ մայիսի 1-ին, Կենդանաբանական այգու դիմաց այսպիսի պաստառներով բողոքի ցույց անցկացրին Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները, կենդանասերները:

Կենդանաբանական այգու նախկին աշխատակից, կենդանասեր Մանուկ Մանուկյանը հայտարարեց՝ Կենդանաբանական այգու տնօրենը մասնագետ չէ, չի հասկանում կենդանիներից և բնությունից: Այնուհետև հավելեց. «Նա ուղղակի հրամաններ է տալիս, որոնք կատարում են աշխատակիցները: Բայց բնությունից ոչինչ չի հասկանում: Գրեթե երկու օր առաջ նա դիմել էր և պահանջում էր երեք էգ, երեք արու մուֆլոն, բեզոարյան այծեր: Մինչդեռ փորձը ցույց տվեց, որ աշնանը՝ զուգավորման շրջանում, բեզոարյան այծերի մոտ նույն խմբում, քանի որ կային մի քանի արուներ, դոմինանտ արուն թույլին անհանգստացրեց, նա փախավ ու սատկեց: Հիմա իմաստը ո՞րն է երեք արու, երեք էգ մուֆլոն պահանջելու, ո՞վ է նրանց բռնելու, խնամելու: Մասնագետ չկա»:

Մանուկ Մանուկյանն ասաց՝ չի հասկանում՝ քաղաքապետարանում ինչ են մտածում, որ պահում են նման կառավարիչ, որը կապ չունի Կենդանաբանական այգու և բնության հետ: Նա վստահեցրեց՝ այգու տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, չլինելով մասնագետ, չի կարողանում աշխատել ու համագործակցել մասնագետների հետ: Երկար տարիների փորձ ունեցող աշխատողներին դուրս է հանել. 8 տարում աշխատանքից 80 աշխատակից է հեռացրել:

Դառնալով իրեն աշխատանքից հեռացնելու պատճառներին ՝ Մանուկ Մանուկյանն ասաց. «Ես այգու կենդանիների խնամքի բաժնի նախկին համակարգողն էի: Ինձ հեռացրել են աշխատանքից ուշանալու պատճառաբանությամբ, բայց դա եղավ այն բանից հետո, երբ ես բարձրաձայնեցի, որ այգու տնօրենը Բլեյանին ապօրինաբար պոնի է նվեր տալիս»:

Մանուկ Մանուկյանն ամփոփեց՝ մասնագետներ չկան, չեն կարողանում կենդանիներին խնամել, երբ հիվանդանում են, սատկում են, նոր են հասկանում, որ բուժման կարիք ունեն:

Ցույցի մասնակիցներից մի կին էլ, որ այգու աշխատանքները վերահսկելու աշխատանքային խմբի անդամ է, նշեց, թե նոյեմբերին խումբը ստեղծվեց, բայց ընդամենը երկու նիստ է տեղի ունեցել: Նա պատմեց. «Հայկ Մարությանն եկավ, ասաց, որ երկարատև աշխատելու ենք միասին, բայց ընդամենը երկու նիստ եղավ: Ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչն է խնդիրը, որ մեր պահանջներն ու առաջարկներն անտեսվել են: Ավարտվեցին այգու ստուգումները, բայց արդյունքները չեն հրապարակվում: Քրեական գործեր կան՝ 13 կետով հարուցված: Զեբրի դեպքով հարուցվել է տնօրինության կողմից, բայց զեբրի գործն էլ հարցականի տակ է մնացել: Եղել է գայլերի միտումնավոր թունավորում՝ 2011 թվականին, բայց մեր իրավապահ մարմիններն առաջընթաց չեն գրանցել իրենց աշխատանքի մեջ: Միգուցե իրենք դեռ զանգով են աշխատում: Վագրի մասին միանշանակ չեմ կարող ասել: Անձամբ շփում չեմ ունեցել: Եկել են երկու երկրներից մասնագետներ: Մոսկվայի գլխավոր բժիշկը հայտարարեց, որ երկու էգ վագրերը հրաշալի վիճակում են, հետո Լոնդոնից եկան անհայտ ծագման մասնագետներ, պարզվեց, որ երկրորդ վագրի բերանում նորագոյացություն կա չարորակ բնույթի: Չենք հասկանում, թե ինչպես կարող է այսպես լինել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031