Ներկայացնում ենք ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքը։
ՀԱՐՑ. Դուք նշեցիք, որ մինչեւ 01.03.2008 թ. ոստիկանությունը կարողացել է անարգել մտնել Ազատության հրապարակ եւ տեղում տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ, սակայն այդ օրը՝ 01.03.2008, նշված հրապարակում ժողովուրդը ագրեսիվ էր տրամադրված։ Հայտնեք, թե ինչ ագրեսիվություն կարող էր ունենալ ժամը 06-ի սահմաններում դրսում գիշերած անձը, այն էլ՝ արդեն մի քանի օր անընդմեջ։ Եթե օպերատիվ տվյալներ կային հրապարակում զենք-զինամթերքի կուտակման մասին, ապա ինչո՞ւ են ոստիկանության ստորաբաժանումները հրապարակ գնացել առանց որեւէ զինվածության։ Հատկանշական է, որ այդ ժամանակ ոստիկանության հետ տեղի ունեցած բախման ժամանակ որեւէ հրազեն հրապարակում գտնվող մարդկանց կողմից չի կիրառվել։ Ինչպե՞ս կպարզաբանեք այդ հանգամանքը։
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղատեսություն կատարող խմբին զինելու որեւէ կարիք չկար, որ եթե նրանք զինվեին հատուկ միջոցներով, ապա չէին կարող տեղազննում իրականացնել։ Իսկ ինչ վերաբերում է ցուցարարների կողմից հնարավոր զենք կիրառելու մտավախությանը, ապա ես չեմ կարծել, որ նրանք կարող են զենք կիրառել։ Կիրառելու դեպքում՝ նրանց պլանները վաղաժամ կձախողվեին։ Բացի այդ, մենք միջոցառման ժամանակ ունեինք պահեստային զինված խումբ, որը անհրաժեշտության դեպքում մեկնելու էր Ազատության հրապարակ, սակայն դրա կարիքը չի եղել։ Իսկ եթե զենք չկար նրանց մոտ, ապա ինչո՞ւ ցուցարարները գնացին բախման, ինչ-որ բան էին թաքցնում։
ՀԱՐՑ. Դուք նշեցիք, որ ոստիկանությունը նպատակ է ունեցել կատարելու միմիայն տեղազննություն եւ որեւէ նպատակ չի ունեցել ցրելու հանրահավաքը, սակայն տեղազննություն կատարելու համար էլ հարկավոր էր, որպեսզի հավաքված ժողովուրդը տարածքն ազատեր, որպեսզի հնարավոր լիներ կատարելու տեղազննություն։ Տեղազննությունը սկսելու ժամանակ բախում եղավ ժողովրդի եւ ոստիկանների միջեւ, իսկ պատճառն այն է, որ ժողովուրդը դուրս չէր գալիս տարածքից, որպեսզի ոստիկանները կատարեին տեղազննությունը։ Հայտնեք, թե ինչ տրամաբանությամբ ու անհրաժեշտությամբ պահանջ դրվեց հավաքված ժողովրդին հանել հրապարակի տարածքից եւ նոր կատարել զննություն, ինչու այն չկատարվեց ոստիկանության մի քանի փոքրաթիվ խմբերով, որոնք կշրջեին հրապարակում եւ հետաքրքրող իրեր կամ առարկաներ հայտնաբերելու դեպքում կարձանագրեին, առավել եւս՝ Դուք էլ եք հաստատում, որ ոստիկանությունը մինչ այդ անարգել մտել ու շրջել է ցուցարարների մեջ եւ եթե այդ գործողությունների ընթացքում քաղաքացիները դիմադրեին կամ խոչընդոտեին, նոր հնարավոր կլիներ մտածել այլ տարբերակների մասին, մինչդեռ Դուք, դեռ չպարզած այն, որ քաղաքացիները դիմադրություն ցուցաբերելու են, թե օժանդակելու են Ձեզ, արդեն իսկ տրամադրված էինք հասարակական կարգի խախտմանը հակազդելու, այսինքն՝ վստահ էիք, որ հասարակական կարգը խախտվելու էր։
Կարդացեք նաև
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես արդեն նշել եմ, որ ոստիկանության կողմից ի սկզբանե ասվել է, որ պետք է տեղազննում իրականացվի, եւ խնդրել ենք տարածքը ազատել դրա համար։ Իմ հանձնարարությունն է եղել, որպեսզի տեղազննության ժամանակ ցուցարարներից մի քանի հոգի ներկա գտնվեն այդ ամենին, սակայն ի սկզբանե բախում է եղել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, որից հետո ցուցարարները դուրս են բերվել հրապարակից։ Իսկ ինչ վերաբերում է փոքրաթիվ խմբերով առանց ցուցարարներին դուրս բերելու տեղատեսություն կատարելուն, ապա նման եղանակով տեղատեսության իմաստը կկորեր։ Եթե ցուցարարները պատրաստ էին օժանդակելու ոստիկաններին, ապա ի սկզբանե նրանք կգնային ոստիկանների հետ համագործակցության, կօժանդակեին մեզ եւ դուրս կգային հրապարակից՝ թողնելով իրենց մի քանի հոգի ներկայացուցիչներին, ովքեր կմասնակցեին տեղատեսությանը։ Բացի այդ, ես չեմ ասում, որ բոլոր ցուցարարներն էին ագրեսիվ, սակայն եղել են ագրեսիվ մասսաներ, ովքեր բախում են հրահրել, եւ ցուցարարների դուրս բերումը եղել է իրենց անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ստացված ինֆորմացիան եղել է, որ հրապարակում պայթուցիկ նյութեր էլ են եղել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում