Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը փորձեց մնալու բո­լոր տարբերակները, բայց ստիպված եղավ ընտրել մնալու՝ մեզ համար ամենավատ տարբերակը՝ իշխա­նությունը «փոխանցելով» Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

Մայիս 01,2019 11:55

Մի անեկդոտ պետք է պատմեմ, որ շատ նման է 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների իրավիճակին։ Ուրեմն ամերիկացին, ֆրանսիացին եւ հայը գերի են ընկնում գերմանացիների մոտ։ Գերմանացիներն ազատման 3 պայման են դնում սրանց առաջ՝ կա՛մ 5 հազար դոլար փրկագին եք տալիս, կա՛մ մի պարկ սոխ եք ուտում, կա՛մ հետույքին ճիպոտի 50 հարված։ Ամերիկացին, հասկանալի է, ձեռքը տանում է գրպանը, 5000-ը վճարում եւ ազատվում։ Ֆրանսիացին, որ այդքան փող չուներ, ընտրում է ճիպոտի 50 հարվածը։ Հերթը հասնում է հային.

– Հլա էն մեշոկով սոխը բերեք… Բերում են։ Մի հատ ուտում է, երկրորդը, երրորդին՝ արցունքներն աչքերից գնում են։ Ուտելը դադարեցնում է, գնում-պառկում է իշոտնուկին, թե՝ ճիպոտեք։ Սկսում են ծեծել, մեկ, երկու… Ցավից գոռում է, վեր է կենում պառկած տեղից, կողքին ընկած շորերը քրքրում, միջից 5000 դոլարը հանում.

– Առեք ձեր փողը, ես գնացի…

Սերժ Սարգսյանն այդ հային է հիշեցնում: Նա փորձեց մնալու բո­լոր տարբերակները, բայց ստիպված եղավ ընտրել մնալու՝ մեզ համար ամենավատ տարբերակը՝ իշխա­նությունը «փոխանցելով» Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ ում էլ նա ընտրություններով փոխանցեր իշխա­նությունը, նոր սահմանադրությամբ փոփոխություններ տեղի կունենային Հայաստանում, որոնք կապահովեին ոչ միայն սահուն անցումը կառա­վարման խորհրդարանական հա­մակարգին, այլեւ հնարավորություն կտային վարել արտաքին եւ ներքին կայուն քաղաքականություն եւ երկի­րը պահել ռելսերի վրա: Բայց, ինչ­պես ասաց Սերժ Սարգսյանը, Նիկոլն էր ճիշտը: Մենք էլ հիմա այդ ճշտի պտուղներն ենք ճաշակում:

Սերժ Սարգսյանի ստեղծած հա­մակարգը ոչ թե ջարդվել, այլ փոխել է արտաքին պաճուճանքը: Պետք չէ խաբվել ո՛չ Նիկոլ Փաշինյանի «հերո­սական» կեցվածքին, ո՛չ Աշոտյանի ու Շարմազանովի գրառումներին եւ ո՛չ էլ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին: Երբ ասում են՝ ժողո­վուրդը, զզված հին կարգերից, գնաց ու ձայն տվեց Փաշինյանին, ինձ թվում է, որ 2017թ. ապրիլի 2-ից մինչեւ 2018թ. դեկտեմբերի 9-ը ես բացակայել եմ Հայաստանից, ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը լսող ժողովուրդն է իրեն ձեւ տալիս, թե հա, իսկականից գգվել էինք ու ընտրե­ցինք Նիկոլին: Եթե զզվել էիք, սիրե­լիներս, ինչո՛ւ ապրիլի 2-ին այնպես քվեարկեցիք ՀՀԿ-ի օգտին, որ Սերժ Սարգսյանի ախորժակը բացվեր ու ասեր՝ «հլա էն մեշոկով սոխը բերեք»՝ ուզում եմ վարչապետ դառնալ:

Ո՞վ չթողեց Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ։ Սա նույնպես հետաքրքիր հարց Է։ Այն բանից հետո, երբ նա այնուամենայնիվ ընտրվեց վարչապետ, փողոցում հաստատ «լիքը ժողովուրդ» չկար։ Փոխարենը մամուլն էր աղմկում՝ Սերժը, չհեռանալով, խախտել է պայմանավորվածությունները։ Եվ սա այն եզակի դեպքերից էր, որ պետք է ասել՝ մամուլը չէր սխալվում։ Սերժ Սարգսյանը սահմանադրություն չէր խախտել, օրենքը նրան թույլ էր տալիս նախագահի պաշտոնից հեռանալուց հետո դառնալ վարչապետ, բայց… Բայց չէ որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ հաղթանակն ապահովել էին բոլորովին այլ մարդիկ, որոնք հետո իրենց գործունեությամբ ստվերում էին թողնելու Սերժ Սարգսյանի իշխանության, մեղմ ասած, «չզարգացման» տարիները։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031