Այսօր հայ քաղբանտարկյալ Շիրակ Գյունաշյանի 80-ամյակն է
Շիրակ Պավելի Գյունաշյանը ծնվել է Ախուրյանի Հայկավան գյուղում: Արմատներով կարսեցի է: 1946-56թթ. սովորել է Երեւանի թիվ 36 միջնակարգ դպրոցում: 1959-ին ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1961թ. մեկնել է բանակ: 1964թ. աշխատել է Երեւանի լամպերի գործարանում: Այստեղ էլ ծանոթացել է Հովիկ Վասիլյանի եւ Գեւորգ Հեքիմյանի հետ, իսկ վերջինիս միջոցով՝ Ասատուր Բաբայանի, Սարգիս Թորոսյանի, Աղասի Անտոնյանի, ավելի ուշ` նաեւ Հայկ Իսկանդարյանի: Ընդհատակյա պայմաններում նրանք հիմնադրում են «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» կազմակերպությունը, որի նպատակները բացառապես հայրենասիրական էին եւ ընդգրկում էին Արցախի եւ Նախիջեւանի վերամիավորման, Արեւմտյան Հայաստանի վերադարձման, ազգային աշխարհընկալման ու լեզվի անաղարտության հարցեր: Խիստ գաղտնի պայմաններում այդ խումբը ձեռնարկում է ամսագրի հրատարակում, սակայն մատնությամբ նրանց հանդուգն ձեռնարկը բացահայտվում է. 1968թ. հուլիսի 2-ին ՊԱԿ-ը բռնագրավում է ամսագրի ողջ տպաքանակը (մոտ 400 օրինակ) եւ ձերբակալում հրատարակիչներին: Սկսվում են հարցաքննությունները: Առեղծվածային պայմաններում ՊԱԿ-ի նկուղներում մահանում է Հայկ Իսկանդարյանը, իսկ մնացածները ԽՍՀ ՔՕ 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով դատապարտվում են տարբեր պատժաչափերով եւ դատավարությունից հետո հայտնվում Մորդովիայի քաղաքական ճամբարներում: Շիրակ Գյունաշյանը դատապարտվում է 4 տարով եւ 1972-ին վերադառնալով Երեւան՝ վերականգնում իր ուսանողական իրավունքները, ապա աշխատում «Հայգազ» վարչությունում:
1982 թ. Շիրակ Գյունաշյանը ՀԽՍՀ ՔՕ 203 հոդվածով երկրորդ անգամ է դատապարտվում` 3 տարի ժամկետով: Խուզարկությունների ժամանակ նրա մոտ հայտնաբերում են ընդամենը ծովից ծով Հայաստանի քարտեզը, հեռախոսահամարների ծոցատետր եւ «Ռանչպարների կանչը» գիրքը` Խաչիկ Դաշտենցի մակագրությամբ. «Սիրով նվիրում եմ մեծ հային` Շիրակ Գյունաշյանին»: Դատավարության ընթացքում Շիրակի պահվածքը զգաստացնում էր անգամ դատավորներին. «Դուք մեզ դատում եք ազգին ու հայրենիքին նվիրվելու համա՞ր, ուրեմն խոսենք հենց այդ մասին, եւ մի փորձեք այլ ուղղություն տալ»:
1985-ին բանտից վերադառնալուց հետո Շիրակը շարունակում է աշխատել «Հայգազի» վարչությունում, սակայն ընդհատակում շարունակում է զբաղվել նաեւ քաղաքական գործունեությամբ: 1987թ. «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» կազմակերպությունը պաշտոնապես հռչակվում է «ՀԱՅ ԴԱՏ» անունով: 1988-ին սկսվում է արցախյան շարժումը, «ՀԱՅ ԴԱՏ»-ը նախաձեռնում է Շուշիի շրջանի Բերդաձորի ինքնապաշտպանությունը: «Էրեբունի» օդանավակայանում Շիրակը կամավորապես իր ուսերին է վերցնում Արցախում մարտնչող հերոսներին զենք-զինամթերք մատակարարող-համակարգողի պարտավորությունը:
1991թ.-ին Շիրակ Գյունաշյանը մասնակցում է իր գաղափարական զինակից Հովիկ Վասիլյանի նախաձեռնած «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադրմանը, իսկ 1997-ին նախագահում է ԽՍՀՄ հայ նախկին քաղբանտարկյալների նորաստեղծ «Ակումբ-65» հասարակական կազմակերպությունը:
Շիրակ Գյունաշյանը մահացավ 58 տարեկանում՝ 1997թ. սեպտեմբերի 20-ին՝ ճակատագրի հեգնանքով Հայաստանի անկախության տոնի նախորդ օրը:
Շիրակը զտարյուն հայ ազգայնականի տեսակ էր, որ ապրեց հայրենիքի անմնացորդ նվիրումով, ազգայնականների շրջապատում նա մշտական Թամադա էր, Հոպար ու Կնքահայր, նրա իմաստուն եւ համ ու հոտով բանավոր խոսքը այդպես էլ մնաց անգերազանցելի:
Շիրակն ասում էր. «Նժդեհը մեր ժողովրդի վերջին Աստվածն է եւ եթե յուրաքանչյուրը հայրենիքի հանդեպ կատարի իր պարտականությունները, հատուկ հերոսանալու կարիք չի լինի»:
Հիշում եմ. «Մենք հայ ժողովրդի մատաղացու գառներն ենք: Եվ մենք պարտավոր ենք ստանձնել այդ դերը: Չէ՞ որ Հայրենիքը ինչ-որ մեկինը չէ: Այն ազգինն է: Պաշտոններն այսօր կան, վաղն արդեն չկան: Միայն ազգն է հարատեւ: Նշանակում է, ժողովուրդն իր հերթին ազգի մատաղացու գառն է»:
«Հայրենիքը սիրող մարդը չի կարող ծառայել ուրիշներին»,-ասում էր նա:
Շիրակի մասին գրել են նրա քաղբանտարկյալ ընկերները.
«Շիրակը պայքարեց իր ողջ կյանքում, առանց ավելորդ ցուցադրանքի, անաղմուկ, համեստ ու իմաստուն» (Հովիկ Վասիլյան), «Շիրակն ազգային գործիչ էր եւ ազգային հերոս: Նրա անունը պետք է գրվի հայ ժողովրդի մեծ զավակների անվանացանկում» (Աշոտ Նավասարդյան), «Շիրակը մեծ մարդ էր, ջրի պես պարզ: Թեեւ ցավում էր նաեւ գործի համար, սակայն այլ շահ, բացի ազգի շահից, չուներ. միայն հայրենիք եւ վերջ» (Ռոլանդ Ադոնց, «ՀայՌուսգազ» ՀՁ-ի նախկին տնօրեն):
Պատրաստեց ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» հ/կ նախագահ
«Առավոտ» օրաթերթ,
01.05.2019