ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ:
Դարեր շարունակ աշխատանքն ու արարումը եղել են հայի ինքնության անբաժանելի մասը: Հայ մարդն իր ստեղծագործ աշխատանքով հայրենիք և պետականություն է կերտել:
Աշխատանքը եղել է և շարունակում է մնալ մեր համազգային բարօրության և մեր երկրի անխաթար զարգացման հիմնարար ուղին: Միայն համառ և հետևողական աշխատանքով է կարելի հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել շոշափելի արդյունքների:
Կարդացեք նաև
Խիստ առանցքային է պետականության դերը քաղաքացիների համար արժանապատիվ զբաղվածություն ապահովելու գործում: Աշխատանքի արժևորումը՝ արժանապատիվ վարձատրությունը, սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն սոցիալական և տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը:
ՀՅԴ-ն կարևորում է սոցիալական արդարությունը, տնտեսական զարգացումը, հանրային արդյունքի արդար բաշխումը և համոզված է, որ սա է արժանապատիվ քաղաքացի, ազատ, արդար և համերաշխ հասարակություն կերտելու ուղին:
Սիրելի հայրենակիցներ,
Մաղթում ենք լավատեսություն՝ համոզված լինելով, որ մեր միասնական ջանքերը կարող են մոտեցնել բոլորիս համար ցանկալի այն ժամանակը, երբ յուրաքանչյուր հայի ընտանիքում մայիսի 1-ը իրապես կնշվի որպես Աշխատավորի և Աշխատանքի տոն:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
01.05.2019
Միշտ էլ լավ եք խոսել, բայց գործելակերպը նույնն է մնացել՝ ծառայել եք ձեր շահերին: Ծառայեք բոլորի շահերին՝ ժողովուրդի, քանի որ հանդես եք գալիս սոցիալիստական տեսանկյունից: Իսկ ամենակարևորը այն է, որ կրկին պետք է անդունդ չառաջանա խոսքի և կատարված գործերի միջև…