Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխականի» պիտակը բացառում է Պուտինի «ընկերական» շրջան մտնելու հնարավորությունը

Մայիս 01,2019 12:00

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ «վստահություն ձեռք բերելն անհնար է»

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել են 2016թ. ռուսական առաջարկությունները: Ի՞նչ փուլում է գտնվում ղարաբաղյան կարգավորման գործընթացը ձեր կարծիքով, արդյո՞ք կարող ենք ասել, որ Մոսկվան վերակենդանացրել է «Լավրովի պլանը», ինչի՞ են ձգտում Մոսկվան ու Բաքուն:

– Մոսկվան եւ Բաքուն, բնականաբար, կցանկանային գործընթացը տանել իրենց ձեռնտու ուղղությամբ: Այս առումով կարելի է կրկին նշել, որ նմանատիպ եռակողմ հանդիպումների ձեւաչափը նպատակահարմար է դիտարկել որպես անցանկալի, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին փոխլրացնող: Եռակողմ հանդիպումներում Հայաստանը փոքրամասնության կարգավիճակում է հայտնվում. ի տարբերություն եռանախագահության ձեւաչափի, այս դեպքում Ռուսաստանը կարող է իր շահն առաջխաղացնել՝ հակակշռի բացակայության պայմաններում, ու չնայած ընդունված համատեղ հայտարարությանն իր օրակարգը՝ «Լավրովի պլանի» կամ այլ տարբերակով առաջ տանել:

– Առայժմ Հայաստանը շարունակում է բանակցություններն առանց Արցախի, թեեւ իշխանափոխությունից հետո Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի փոխարեն չի կարող բանակցել։ Ինչպե՞ս կարող է պաշտոնական Երեւանը բանակցությունների սեղանին վերադարձնել Արցախը, ի՞նչ հնարավորություններ եք այստեղ տեսնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնական Բաքուն կտրուկ դեմ է դրան։

– Ներկայիս ձեւաչափը, որում հակամարտության կողմերից մեկն ընդգրկված չէ, ըստ էության փակուղային է: Նախկինում եղել են դեպքեր, երբ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ էր որոշակի փոխզիջման, սակայն Ադրբեջանը դա տապալում էր՝ ցանկանալով ստանալ ամբողջը ոչնչի դիմաց: Արցախի մասնակցությունն իրական փոխզիջման հնարավորություն կտար, ինչը, հավանաբար, Ադրբեջանի պլանների մեջ չի մտնում: Իրատեսական կարգավորումը երկարատեւ գործընթաց է մնալու:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը

 

– Հայաստանում իշխանափոխությունից հետո Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մնում են կարծես կայուն սառը վիճակում, թեեւ ՀՀ վարչապետը նշում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հրաշալի են։ Հայաստանի իշխանությունները դեռ չե՞ն ընկալվում Կրեմլի կողմից, ինչո՞ւ չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ։

– Հորիզոնական հարաբերություններ հաստատելու ցանկացած փորձ, բնականաբար, պետք է հանգեցնի ռուսական դիմադրությանը: «Հեղափոխականի» պիտակը նաեւ բացառում է Վ. Պուտինի «ընկերական» շրջան մտնելու հնարավորությունը, այնպես որ, վստահություն ձեռք բերելն անհնար է: Բացի այդ, պետք չէ թերագնահատել Ռ. Քոչարյանի եւ այլոց կապերի եւ ֆինանսների միջոցով ազդեցությունը, որը պարբերաբար արտահայտվում է ռուսական լրատվամիջոցների հրապարակումներում եւ այլ կերպ: Եվ ի վերջո, նրանց շահերը համընկնում են. այդ հաղորդումները նաեւ ներքին օգտագործման համար են օգտակար, քանի որ անընդհատ հիշեցնում են հեղափոխությունների վնասակարության մասին, ու երբ Ռուսաստանում էլ բողոքի ալիք կբարձրանա, «հեղափոխականի» պիտակը հեշտությամբ կփոխարինվի «ռուսատյացի» պիտակով:

– Ինչպե՞ս կբնութագրեք ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունները։ ՀՀ վարչապետի վերջին շփումները եվրոպացի գործընկերների հետ կարո՞ղ են ապահովել ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր մակարդակ։

– ԵՄ-ն բավական դրական է գնահատում Հայաստանում կատարվող գործընթացները, սակայն նաեւ ակնկալում է ավելի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն այդ ուղղությամբ, մինչդեռ Հայաստանի կառավարությունն առայժմ առավելապես զգուշավոր վերաբերմունք է ցուցաբերում՝ կարծես ցանկացած քայլ պայմանավորելով Ռուսաստանին որեւէ անհանգստություն չպատճառելու առաջնահերթությամբ: Մի տեսակ ստացվում է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պայմաններում մնացածն ածանցյալ է, բայց իսկապես պետք է օգտվել առկա դրական տրամադրություններից՝ ձգտելով չսահմանափակվել միայն որոշակի բարեփոխումների իրականացման դիմաց նյութական ու տեխնիկական որոշակի աջակցությամբ:

– ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղեց Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ, նշելով. «Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրների ու ժողովուրդների շահերից, եւ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ բազմադարյա բարեկամությամբ փոխկապակցված մեր ժողովուրդների»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս շնորհավորել է Զելենսկիին՝ նշելով. «Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի եւ ծառայեն ի նպաստ հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բարեկամության»: Հայ-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ մշտապես նշվել է, որ բավարար մակարդակում չեն։ Հնարավորություններ տեսնո՞ւմ եք այդ հարաբերություններում տեղաշարժ ապահովելու ուղղությամբ։

– Տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտություն եւ հնարավորություններ կան, դարձյալ ավելի նախաձեռնողական քաղաքականություն է պետք՝ պոտենցիալն իրագործելու համար: Այս առումով օգտակար կլիներ նաեւ ընդլայնել քաղաքացիական հասարակության մակարդակով հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հաշվի առնելով, որ այդ դաշտն ավելի ճկուն է իր գործողություններում, քանի որ երրորդ երկրների շահերին ու հնարավոր վերաբերմունքին չափազանցված ուշադրություն դարձնելու կարիք չունի: Քաղաքացիական հասարակության կառույցները նաեւ կարող են տարբեր ոլորտներում հնարավոր աշխատանքի ուղղությունների գնահատում իրականացնել՝ առաջարկելով գործողությունների ծրագրեր:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  30.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031