2019 թվականի փետրվարի 25-ին, դռնբաց դատական նիստում, N զորամասում դատաքննության արագացված կարգի կիրառմամբ քննվել է 1999թ. ծնված, նախկինում չդատված շարքայինի քրեական գործը:
Շարքայինն այս գործով արգելանքի տակ չի եղել, նրա համար որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Ըստ գործի նյութերի, 2018 թվականի նոյեմբերի 30-ին թիվ 2 կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ն. Ավանեսյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին եւ այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժին:
2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա. Մինասյանի կողմից որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2018 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել մեկ այլ շարքայինի որպես տուժող ճանաչելու մասին:
2018 թվականի դեկտեմբերի 14-ին նշանառուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊՆ զորամասի ջոկի նշանառու, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքայինին, 2018 թվականի նոյեմբերի 18-ին վաշտի ննջարանում, «քուն» հրամանից հետո, սեփական սեռական կրքերին խաթարված ձեւով հագուրդ տալու մոլուցքով տարված, օգտագործելով կողքի մահճակալի երկրորդ հարկում համածառայող` նռնակաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքայինի անօգնական վիճակը` քնած լինելու հանգամանքը, անտեսելով վերջինիս կամքը` նրա կամքին հակառակ, նույն ննջարանում կատարել է սեքսուալ բնույթի` համասեռական գործողություններ:
2018 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
2018 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Մինչեւ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթն ու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ եւ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Մեղադրողը չի առարկել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու դեմ:
Տուժողը դատարան չի ներկայացել, հեռախոսազանգով հայտնել է, որ ամբաստանյալից որեւէ բողոք, պահանջ չունի եւ դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ չի առարկել:
Դատարանի իրավական վերլուծությունների համաձայն, ապացուցված է ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրված հանցագործության կատարումը:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել ինչպես ամբաստանյալի կողմից կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները:
Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը ՀՀ եւ ԱՀ ոստիկանությունների ինֆորմացիոն կենտրոնների հաշվառումների համաձայն՝ նախկինում դատված կամ որեւէ այլ կերպ արատավորված չի եղել, զորամասի հրամանատարության կողմից տրված ծառայողական բնութագրերի համաձայն՝ բնութագրվել է դրական, պարգեւատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով. սովորում է բուհում:
Ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվել խոստովանական ցուցմունք տալը, կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը եւ տուժողի հետ հաշտվելը:
Դատարանի եզրահանգմամբ, ամբաստանյալի՝ ուղղման ճանապարհին կանգնած լինելու իրական փաստն առկա է, ուստի նրա նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը հնարավոր է համարել պայմանականորեն չկիրառել եւ սահմանել է փորձաշրջան:
«Քննվող քրեական գործով դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառում, քանի որ առկա է դատարանի համոզվածությունն ու վստահությունը` սույն քրեական գործով առանց նշանակված պատիժը փաստացի կրելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետեւության հանգում է քրեական գործով գոյություն ունեցող օբյեկտիվ տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, դրա հասարակական վտանգավորության աստիճանն ու հատկապես արարքը կատարելու շարժառիթները, հանցավորի անձը եւ վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին»,-ասված էր դատավճռում:
Գործով քաղաքացիական հայց չէր ներկայացվել: Գործով իրեղեն ապացույցներ չկային:
Ամբաստանյալը դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի եւ դատարանը սահմանել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-Ցանկալի կլիներ նկարը մատուցվեր մեր մատուցած ձեւով, ցավոք, «Դատալեքսում» այս գործով անթույլատրելի բաց տեղեկություններ են, որի տպագրվելու հետեւանքը չեմ կարող պատկերացնել:
«Առավոտ» օրաթերթ,
30.04.2019