Ապրիլի 27-ին Հյուսիսային Ամերիկայի Թեմի Առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդյանց Մայր Տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի աշակերտները՝ շուրջ 300 հոգի, ուսուցչական կազմը, տնօրինությունը, ծնողները եւ հյուրերը հավաքվել էին եկեղեցում՝ Եղեռնի սուրբ նահատակներին ոգեկոչման ու հիշատակության արժանացնելու համար:
Բացման խոսքով հանդես եկավ հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանը, ով պատմական համառոտ ակնարկ կատարեց Եղեռնի թեմայի շուրջ՝ կարեւորելով օրվա խորհուրդը:
Ինչպես միշտ, առանձնահատուկ խորհրդով լի էր առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի պատգամը: Սրբազան Հայրն իր օրհնությունը բաշխեց աշակերտներին, բոլոր ներկա գտնվողներին՝ խնդրելով սուրբ նահատակների բարեխոսությունը, այն անմեղ մարդկանց, ովքեր նահատակվեցին հանուն հավատի ու անկոտրում կամքի, ովքեր արհամարհեցին տարատեսակ հալածանքներն ու զրկանքները՝ գերադասելով արժանապատիվ մահը կյանքի փոխարեն:
Ահա այսպիսի վարքի օրինակն է, որ օգնում է մեզ արժեւորել մեր ինքնությունը նոր լույսի ու հույսի ներքո: Այսօրինակ իրողությունն է, որ մեզ ստիպում է կարեւորել մեր ազգի ինքնությունն ու հավատքը, ճիշտ գնահատել մեզ պարգեւած յուրաքանչյուր օրն ու վայրկյանը:
Առաջնորդ Հովնան սրբազանը հորդորեց նաեւ աշակերտներին լավ սովորել, սերտել հայոց պատմությունը, ապացուցել հայի պայքարի ու գոյատեւման հաստատակամությունը, աղոթել իրարու համար, լինել միաբան ու միասնական, զորավիգ լինել մեր համայնքի, հայրենի երկրի ու եկեղեցու շենացմանը:
Կարդացեք նաև
Ապա աշակերտները Սրբազան հոր հետեւողությամբ միասնական աղոթք բարձրացրեցին։ Միջոցառման տրամաբանական ավարտը փոխադրվեց Մայր Տաճարին կից Սրբոց Խաչքարի հուշարձանի մոտ, որտեղ աշակերտները ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին՝ հատկապես հայ մանուկների, որոնք մարտիրոսվել էին 1915թ.-ին։
Փոքրիկ հայրենասերների հուզումնալից հայացքներում ասես ուրվագծվում էր յուրահատուկ ուխտ, որ «ամեն ինչ պիտի անենք, որպեսզի աշխարհում այլեւս անմեղ զոհեր չլինեն, որ աշխարհի երեսից իսպառ վերանա հանցագործությունների հանցագործությունը՝ Ցեղասպանությունը»:
Օրվա խորհուրդը շարունակվեց դասարաններում՝ վաղվա օրը բարի գործերով կերտելու համոզմամբ:
Հավերժ խնկարկում անմեղ զոհերի սուրբ հիշատակին…
ԳԱՅԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լոս Անջելես
«Առավոտ» օրաթերթ,
30.04.2019