Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը բաց է նրանց համար, ովքեր գալիս են բարի նպատակով

Մայիս 01,2019 12:30

Հունիսի 1-ից 9-ը Արցախի չորս քաղաքներում Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CONIFA) հովանու ներքո կայանալիք Euro 2019 առաջնությունն աննախադեպ իրադարձություն է Արցախի Հանրապետության համար թե որպես միջազգային ձեւաչափով անցկացվող մարզական միջոցառում, թե Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու լավ առիթ:
CONIFA-ն ներառում է FIFA-ի կազմի մեջ չընդգրկված ֆուտբոլի, ֆուտզալի եւ լողափնյա ֆուտբոլի 54 ասոցիացիաներ եւ 2013 թվականից անցկացնում է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ:

CONIFA-ի ղեկավարության ու Արցախի իշխանությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն է կայացվել Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը Արցախի Հանրապետությունում անցկացնելու որոշումը:

2019 թվականի CONIFA-ի առաջնությանը մասնակցող 12 հավաքական թիմերը՝ Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապմիի, Արեւմտյան Հայաստանի, Չամերիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի եւ Պադանիայի, բաժանվել են չորս ենթախմբերի եւ արդեն մայիսի վերջին օրերին կժամանեն Արցախ: Առաջին անգամ հանդիպումները կկազմակերպվեն զուգահեռ չորս քաղաքների՝ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու մարզադաշտերում:

«Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի ամեն ինչ չկենտրոնացնենք մայրաքաղաքում եւ ֆուտբոլ վայելելու ուրախությունը պարգեւենք շրջաններում ապրող մեր քաղաքացիներին, իսկ հյուրերին հնարավորություն տանք ծանոթանալու Արցախ աշխարհին:

Սա իրականում մեզ համար բացառիկ հնարավորություն է ներկայացնելու Արցախն այնպիսին, ինչպիսին կա, որովհետեւ ցավալիորեն վերջին տասնամյակների ընթացքում Արցախը միշտ ներկայանում է քաղաքական շղարշի տակ, ինչը թույլ չի տալիս ճանաչելու իրական Արցախը իր հազարամյա պատմությամբ, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, վերջապես՝ իր ժողովրդով, որը միշտ բաց է բոլորի առաջ, ովքեր գալիս են Արցախ բարի կամքով: Վստահ եմ՝ այս առաջնության մասնակիցները դրանում համոզվելու հնարավորություն կունենան: Եվ պատահական չէ, որ մեր կարգախոսն է՝ «Բաց դռներ՝ ամուր դարպասներ»: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք մեծ տոն պարգեւել բոլոր մարզասերներին, ֆուտբոլասերներին, իսկ հյուրերը կհամոզվեն Արցախի ժողովրդի հյուրասիրության եւ բաց լինելու մեջ»,-ասում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Վիճակահանությամբ թիմերը խմբերում բաժանվել են այսպես:

A խումբ. Արցախ, Սապմի, Լուգանսկ:

B խումբ. Աբխազիա, Նիցցայի Կոմսություն, Չամերիա:

C խումբ. Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա:

D խումբ. Սեկեյի մարզ, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա:

Յուրաքանչյուր խմբից 1-ին եւ 2-րդ տեղերն զբաղեցրած թիմերն անցնում են քառորդ եզրափակիչ:

Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի խոսքով՝ իրենց թիմի առջեւ նվազագույն խնդիր է դրված կիսաեզրափակիչ հասնելը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031