«Ես հիմա չեմ ցանկանում կռիլովյան հայտնի առակից մեջբերում անել: Կարծում եմ, հասկացաք, որ առակը նկատի ունեմ. երբ որ իրենց գոյությունը նկատելի դարձնելու համար, շատ փոքր գործոններ, որոնք գործոն էլ չեն, փորձում են ԲՀԿ-ի, Ծառուկյանի անունը շրջանառել`դրանով ինքնակայանալ փորձելով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու`«Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումին`ուղղված դատախազին եւ ԱԺ նախագահին:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը, հիշեցնենք, դիմում է ներկայացրել`սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։
Նաիրա Զոհրաբյանը նկատում է` նման սկանդալային եւ էպատաժային գործելաոճը քաղաքականության մեջ միշտ էլ թրենդ է եղել`անհայտից հայտնի դառնալու ճանապարհին, բայց շատ հնացած ու մաշված ոճ է: «Դիմել են Արարատ Միրզոյանին, դիմել են դատախազին` իրենցից էլ պահանջեք պատասխանը: Ես եւ իմ գործընկերները արդեն որերորդ անգամ ասել ենք, այդ թվում նաեւ վարչապետը վերահաստատեց, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է: Հիմա, եթե անգամ այս հավաստիացումը, որ վարչապետն ինքը արձանագրեց` Ծառուկյանն, ըստ էության, ձեռնարկատիրությամբ չի զբաղվում, իր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, բավարար չեն տարատեսակ, կներեք, մոռացա այդ կուսակցության անունը, որովհետև, երևի թե, ձեզանից առաջին անգամ լսեցի եւ նմանատիպ գործիչների` հանգիստ իրենց տեղը նստելու համար, զբաղմունք են գտել, թող զբաղվեն»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նկատեցինք` Կոտայքի մարզպետը Ծաղկաձորի ճոպանուղու հետ կապված բացահայտումներ արեց, ցեմենտի վեճն էլ դեռ հայտնի չէ, թե ի՞նչ հանգուցալուծում կստանա եւ հետաքրքրվեցինք`քաղաքական միտում տեսնո՞ւմ է: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, արդեն տեսնում եմ: Եթե նախկինում հստակ կասեի`ոչ, հիմա, ես ուղղորդված, հստակ գիծ եմ տեսնում` ընդդեմ Գագիկ Ծառուկյանի»: Այդ ամենը նա բացատրում է Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի վարկանիշի կտրուկ աճով, ինչը «նյարդային իրավիճակներ է առաջացնում որոշ քաղաքական ուժերի մոտ»: Թե ուղղորդումն ո՞ւմ կողմից է, Նաիրա Զոհրաբյանն այս պահին փակագծեր չի բացում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ