Ո՞ր դեպքերում և ո՞ր տարիքից դիմել լոգոպեդի օգնությանը: Ինչո՞ւ են երեխաների շրջանում աճում խոսքի և զարգացման հետ կապված խնդիրները:
Aravot.am- ի հետ զրույցում այս թեմաներով խորհուրդներ տվեց Մանկական զարգացման հիմնադրամի, «Փրկություն» ՀԿ-ի և թիվ 146 ներառական մանկապարտեզի լոգոպեդ Անի Սարգսյանը: Նա նշեց, որ լոգոպեդի միջամտությանը կամ խորհրդատվությանը կարելի է դիմել 2.5 տարեկանից: Ըստ մասնագետի՝ այս պահին մեծ տարածում ունի աուտիստիկ համախտանիշը. «Մենք ուղղորդում ենք նյարդաբանի մոտ, ու այնտեղ կոնկրետ ախտորոշում է տրվում մեզ մոտ մասնագիտական պարապմունքների համար: Հիմնականում լինում է խոսքի բացակայություն: Դա կարող է բխել տարբեր պատճառներից՝ գլխուղեղի խոսքային կենտրոնների ախտահարման պատճառով: Մանկական ուղեղային կաթվածով խնդիրներն են շատ. այդ դեպքում էլ ձայնի ու շնչառության արտաբերական համակարգն է տուժում: Ծնողներից շատերը դիմում են այն խնդրով, որ երեխան 2.5 տարեկան է, բայց երեք- չորս բառ է ասում: Կամ ասենք չորս տարեկան է, բայց շ-ժ, այլ հնչյուններ չի ասում: Ի տարբերություն նախկինի՝ հիմա ծնողները շատ-շատ են դիմում խորհրդատվության. տեսնում են՝ շրջապատում խնդիրները շատացել են»:
Լոգոպեդը նշեց՝ յուրաքանչյուր հինգ-վեցերորդ երեխայից մեկը որևէ զարգացման խնդրի հակում ունենում. «Դա բխում է այս համակարգչային դարից, ինչը բացասական ազդեցություն է ունենում երեխաների զարգացման վրա: Այդ ճառագայթումն է երեխայի մոտ առաջացնում ուշադրության դեֆիցիտ, աչքերի, հայացքի կենտրոնացման խանգարում և այլ խնդիրներ և դրանցից բխող նաև խոսքի թերզարգացում: Այն երեխաները, որոնք ունեն թույլ հոգեբանություն, նյարդային համակարգ, իրենց վրա դա միանշանակ անդրադառնում է որպես զարգացման խնդիր՝ աուտիզմը, խոսքի զարգացման հապաղումը, զարգացման հապաղումը: Հոգեբանական զարգացման հապաղումն էլ է շատ հանդիպող երևույթ»:
Ըստ մասնագետի՝ համակարգչային խաղերի, մուլտֆիլմերի չարաշահումը լուրջ խնդիրներ է առաջացնում. «Երեխան վերցնում է ինֆորմացիա հեռախոսից, համակարգչից, պլանշետից, բայց չի ունենում հնարավորություն այն կիսելու: Նա սովորում է վերցնել ու պահել ինֆորմացիան, չի ունենում տարբերակ իր գիտելիքները փոխանցելու մյուսներին: Խոսքն իր առաջնահերթ ֆունկցիան՝ հաղորդակցումը, կորցնում է: Այսինքն՝ երեխայի հաղորդակցումը տուժում է, ինչը հանգեցնում է շատ լուրջ զարգացման խնդիրների»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ո՞ր նշանների դեպքում ծնողը պետք է անհանգստանա, Անի Սարգսյանը պատասխանեց. «Եթե երեխան 2,5 տարեկան է, ասում է 3-4 բառ, բայց ծնողը երեխայի վարքում որոշակի դժվարություններ է նկատում, օրինակ՝ հայացքը չի կենտրոնացնում, անվանը չի արձագանքում, հրահանգը չի ընկալում ու կատարում, կամ կատարում է ընտրողաբար, այս դեպքերում պետք է ծնողն անհանգստանա: Բայց եթե երեխան 2,5 տարեկան է, հայացքի, վարքի խնդիր չունի, ասում է մի քանի բառ, օր-օրի գնալով արագացնում է, այդ պարագայում գոնե 2.8-2.10 ամսական պետք է ծնողը սպասի, մոտավորապես հասկանալու համար, թե երեխան ինչ զարգացում ունի: Մինչև երեք տարեկան գլխուղեղի խոսքային կենտրոնների զարգացումն ավարտվում է: Դրանք երկու կենտրոններն են՝ խոսքի ընկալման և խոսքի վերարտադրման: Մինչև երեք տարեկան նոր ավարտուն տեսք են ունենում, ձևավորված վիճակ: Բայց, եթե կան որոշակի դժվարություններ վարքում, հաղորդակցման մեջ, հայացքում, շփման ոլորտում, ասենք, ընկալման ոլորտում, այդ պարագայում անպայման պետք է դիմել մասնագետի»:
Անի Սարգսյանի փոխանցմամբ՝ որոշ դեպքերում ըստ ծնողների՝ նման խնդիրների առաջացման պատճառ կարող է լինել կեսարյան հատումը, երբ երեխան ոչ բնական ճանապարհով ծնվելուց սթրեսի է ենթարկվում: Ըստ մասնագետի՝ երեխայի զարգացման վրա բացասական ազդեցություն է ունենում նաև ծնողների վերաբերմունքը: Նա մանրամասնեց. «Դարը ինֆորմատիվ է, զարգացած, բայց ծնողներից շատերը չունեն երեխայի հետ շփման հմտություն: Դա հիմնականում բխում է նրանից, որ նրանք շատ են աշխատում: Սակայն թանկարժեք խաղեր գնելով և զարգացման կենտրոններ տանելով այդքան չեն նպաստում երեխայի զարգացմանը, ինչքան նրա կողքին գորգին նստելն ու խաղալը: Ավելի լավ է նստեն գորգին, բայց աշխատեն իրենց բալիկի հետ, նայեն իրենց երեխայի աչքերի մեջ, հասկացնեն, որ սա դնելն է, վերցնելն է, հավաքելն է, բերելն է: Կամ ասենք ուղղակի հրահանգ տան՝ գնա դուռը բաց, հեռախոսը տուր, դուռը փակիր: Ամենապարզ բաները: Այն, ինչ կարող է տալ երեխային ծնողը, ոչ մեկ չի կարող դա անել»:
Դառնալով հնչյունների արտաբերմանը ըստ տարիքի՝ լոգոպեդը նշեց, որ բ-պ-փ, մ-լ, գ-կ-ք հնչյունները համարվում են պարզ, որոնք պետք է երեխայի մոտ պարտադիր լինեն մինչև 3-3.5 տարեկան: Եթե չորս տարեկանում շ-ս, ժ-ն, չ-ն չի կարողանում երեխան ասել, ուրեմն պետք է դիմել մասնագիտական աջակցության: Ռ-ր-ն ամենաուշ ձևավորվող հնչյուններն են, և լոգոպեդի միջամտությունը պետք է հինգ տարեկանից հետո լինի: Հարցին՝ ճի՞շտ է արդյոք այն ընդունված սովորությունը, երբ երեխայի հետ մեծահասակները խոսում են նրա լեզվով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա ճիշտ չէ, քանի որ մարդիկ խոսում են լսելով: Եթե երեխան լսում է իրեն ուղղված խոսքն աղավաղված, ինքն այդպես էլ ընկալում է: Եվ իրեն թվում է հենց այդպես էլ պիտի լիներ, և դա է ճիշտը: Հնչյունն աղավաղվում է, և դա շտկելը շատ բարդ ու երկարատև գործընթաց է, քան, օրինակ, մի հնչյունն ամբողջությամբ բացակայելու խնդիրը հարթելը: Ուստի խորհուրդ եմ տալիս ծնողներին ոչ միայն չխոսել երեխայի լեզվով, այլև ուղղել երեխայի սխալ արտաբերությունը: Նույնիսկ եթե երեխան երեք տարեկան է, սխալ է խոսում, ինքը պետք է ճիշտ խոսք լսի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ