«2007 թվականից որեւէ շփում, կոնտակտ չեմ ունեցել ՀՀԿ-ի հետ, այսինքն, նույն տրամաբանությամբ կարող էին ընդհանրապես չհեռացնել ու ասել, թե մինչեւ հիմա ՀՀԿ անդամ եմ, եթե դա նորմալ է, նորմալ է»,- այսպես արձագանքեց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀԿ-ի հայտարարությանը, թե նա ՀՀԿ-ին անդամագրվել է 2005 թվականին եւ կուսակցությունից հեռացվել է 2018 թվականին՝ կուսակցության կարգապահությունը խախտելու պատճառով:
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթին պատգամավորն ասել էր, որ ֆիկտիվ է անդամակցել ՀՀԿ-ին:
Մեր հարցին, իսկ ինչու դուք կուսակցությունից հեռանալու դիմում չէիք գրել, եթե շփումը դադարեցրել էիք ու այլ քաղաքական ուժի էիք համակրում, պատասխանեց. «Ես երբեւէ չեմ պատկերացրել այդ գործընթացը, այդ ուղղությամբ երբեւէ չեմ էլ մտածել, 2007 թվականից էլ որեւէ շփում չեմ ունեցել իրենց հետ ու հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս՝ մտածելով, որ դա բավարար էր, որ ինձ հեռացնեն: Իսկ իրենց հայտարարությունը, թե ինձ հեռացրել են անկարգապահ լինելու պատճառով, երեւի հաշվի են առնում, որ 2007-ից որեւէ անգամ կուսակցության գրասենյակ չեմ գնացել, ինձ այնտեղ որեւէ մեկը չի էլ ճանաչում, ինչպես եւ իրենք էլ նշեցին. ենթադրաբար 13 տարի շարունակ անկարգապահ եմ եղել, պարզապես 11 տարի հետո են հեռացրել: Բայց ես ենթադրել էի, որ 2007 թվականից եմ հեռացված, որովհետեւ 2008 թվականի մարտյան դեպքերից հետո հակահհկական դիրքորոշում եմ ունեցել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ