Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաղթող ճանաչված ու նախարար Բաթոյանի հետ մեկ օր անցկացրած գյումրեցի 16-ամյա աղջկա տպավորությունները (Ֆոտոշարք)

Ապրիլ 30,2019 20:02

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացու օրվան ընդառաջ հայտարարել էր մրցույթ 14-18 տարեկան պատանիների համար։

«Եթե ցանկանում եք մեկ օր անցկացնել նախարարի հետ, նկարի մեկնաբանությունների հատվածում գրեք, թե ինչ կփոխեիք կամ ինչ որոշում կկայացնեիք, եթե մեկ օրով Ձեզ վստահվեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը»,-մասնավորապես գրված էր նախարարության հայտարարած մրցույթում։

Ներկայացվել են 25 գաղափարներ, հաղթող ճանաչվել է Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սան, Շիրակի պետական համալսարանի քոլեջի սոցիալական աշխատանք բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի 16-ամյա Լիլիթ Մուրադյանը, որը երեկ մեկ օր անցկացրել է նախարար Զարուհի Բաթոյանի հետ, ծանոթացել նախարարության գործունեությանը, մասնակցել նախարարի հանդիպումներին։

Լիլիթն Aravot.am-ի հետ կիսվեց իր տպավորություններով։ 16-ամյա աղջիկն ասաց, որ նախարարության հայտարարած մրցույթին իր ուղարկած առաջարկը վերաբերել է երիտասարդների ու պատանիների՝ հիմնականում 15-18 տարեկանների շրջանում կամավորության խթանմանը։ Նա առաջարկել է, որ այն համարվի աշխատանքային ստաժ։

«Մրցույթի մասին տեղեկացել եմ «Երիտասարդների տան» աշխատակիցներից։ Մեր կենտրոնի համակարգողը տեղադրել էր հայտարարությունը, ես էլ ոգևորված ցանկացա մասնակցել ու ամբողջ օրը մտածում էի՝ ինչ առաջարկ ներկայացնեմ։ Ես կամավոր եմ ու մտածեցի կամավորության վերաբերյալ առաջարկն ինձ համար էլ լավ կլինի։ Իմ գաղափարը ներկայացնելուց հետո կարդացի նաև մյուսների ներկայացրած գաղափարները ու տեսա, որ կամավորության վերաբերյալ շատ առաջարկներ կան։ Չէի մտածում, որ հենց ինձ կընտրեն, մտածում էի հավանականությունը քիչ է, որ հենց ես  կացնեմ։ Մի քանի օր անց տեսա, որ իմ գաղափարն էր անցել, զարմացա, իրոք անակնկալ էր ինձ համար, մի կողմից էլ մեծ ձեռքբերում է․ հետագայում իմ մասնագիտության կայացման համար մեծ հնարավորություն կստեղծվի»,-ասում է Լիլիթը։

Նա պատմում է, որ նախարարություն մտնելուց առաջ իր մոտ կար ինքնավստահության պակաս, սակայն, տեսնելով նախարարի ու աշխատակիցների անմիջական վերաբերմունքը՝ դարձել է համարձակ։

«Նախարարությունում 2020-2021 թթ․-ի բյուջեի հարցն էր քննարկվում, մասնակցեցի քննարկմանը, բազմաթիվ առաջարկներ հնչեցին, նաև հաշմանդամության վերաբերյալ, լսեցինք տարբեր կարծիքներ ու շրջեցինք նախարարությունում, վարչություններով, ծանոթացա վարչության պետերի ու փոխնախարարների հետ։ Նրանց ներկայացրեցի իմ գաղափարը։ Նախարարն էլ ասաց, որ հետագայում նորից հանդիպում կունենանք, քանի որ «Կամավորության մասին» օրենքի նախագիծը քննարկման փուլում է, նրանք ինձ տրամադրեցին այն ու ասացին՝ քննարկման ժամանակ կմիանամ իրենց ու իմ առաջարկներով նորից հանդես կգամ»։

Մեր հարցին՝ կցանկանայի՞ր նախարար դառնալ, Լիլիթը ժպտալով պատասխանեց․ «Երևի  ոչ, չեմ պատկերացնում ինձ այդ պաշտոնում, նախարարի աշխատանքն իրոք շատ բարդ է, որովհետև բոլոր հարցերին վերջնական պատասխանողը նախարարն է․ նա ճիշտ որոշումներ պիտի ընդունի, որպեսզի և՛ պետության համար լավ լինի, և՛ հասարակության համար»,-ասաց մեր զրուցակիցը։

Լիլիթը նախարարին հրավիրել է Գյումրի՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, որը մեկ տարի առաջ հիմնադրվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից։

Հիշեցնենք, որ վերջերս կենտրոնում հյուրընկալվել էր նաև Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը, կարևորելով «Երիտասարդների տան» դերը Գյումրիում պատանիների և երիտասարդների զորակցման և զարգացման գործում, հանդիպել էր կենտրոնի սաների հետ և պատասխանել վերջիններիս հուզող հարցերին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930