Պետական վերահսկողության (լիազորությունները ժամանակավոր դադարեցված են) պետ Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր «Մեդիա կենտրոնում» պնդեց՝ Սանասարյանի դեմ քրգործը հանիրավի է:
Ըստ փաստաբանի՝ Դավիթ Սանասարյանի պարագայում հասարակությունը սպասում է արդարության, ուստի իրենք հայտարարություններ են անում. «Ես ասել եմ, որ գործ է կարվում, Արթուր Վանեցյանն էլ նշել է, որ մեկ տարի է, ինչ գործ չի կարվում: Կուզենայի, որ գլխավոր դատախազն ասի, թե թել ու ասեղն ի՞նչ է արել, այս ընթացքում, ում է փոխանցել, մինչեւ 2018 թվականը կարվում էին: Մենք ունենք իրավիճակ, որ գլխավոր դատախազը դատավարական վերահսկողություն է իրականացնում… մի դեպքում նշում է՝ մեկ տարի է գործեր չեն կարվում, այսինքն՝ նախկինում կարում էին, ու կարողներից ամենագլխավորը դեռեւս պաշտոնավարում է, եւ այստեղ հակասություն կա այդ ասածների մեջ»:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել էր՝ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու փաստերը բավարար են: ԱԱԾ տնօրենն էլ Սանասարյանի մեղադրանքի մասին նշել է՝ այն հիմնավորված է ցուցմունքներով:
Aravot.am-ի հարցին՝ վարչապետը, կարծես թե, բացառում է, որ նոր Հայաստանում որեւէ մեկի վրա գործ կարվի, եւ արդյոք հնարավոր է քննիչի «գործ կարելուց» նրա ղեկավարները, այն էլ Սանասարյանի գործով տեղյակ չլինեն, Սանասարյանը պատասխանեց. «Մեր ասածն այն է, որ ԱԱԾ տնօրենը պետք է մանրամասներին տեղյակ չլինի, սա քննչական գործողություն է»:
Կարդացեք նաև
Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց՝ «Ես շատ մեծ հույս ունեի, որ նոր Հայաստանում ոչ մի դեպքում չպետք է որեւէ գործ կարվեր: Բայց մի բան ինձ միշտ անհանգստացրել է, թե ինչու նախկինում ակնհայտորեն կարված գործերը շարունակում են գտնվել դատաքննության փուլում, արդյոք այդ մասին պարոն Փաշինյանը չգիտի: Բայց մի բան պարզ է, նա միշտ հայտարարել է, որ երբեւիցե չի խառնվելու որեւիցե չի խառնվելու ոչ մի արդարադատության իրականացման գործում: Նա գնում է այդ ուղիով, որդեգրել է այդ քաղաքականությունը: Բայց դրանք տարբեր քննչականներում շարունակվում են: Բայց պարոն Փաշինյանը…դրա համար իրազեկում ենք, որ հստակ լինի, այո շարունակվում են այդպիսի խնդիրներ տեղի ունենան»:
Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ իր խոսքերի ապացույցն է Անդրեաս Ղուկասյանի գործը. «Գլխավոր դատախազի օրոք կարված գործերից Անդրեաս Ղուկասյանի գործը շարունակվում է: Սա էլ շատ վատ օրինակ է: Ես տեսա իմ պաշտպանյալի նկատմամբ տեսա դա»:
Արդյոք այդ գործ կարելու «թելն ու ասեղը» ղեկավարների ձեռքերում են, մեր հարցին ի պատասխան, Պետրոսյանն ասաց՝ «Ես հույս ունեմ, որ պարոն վարչապետը դրա հետ ընդհանրապես չի առնչվում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ