Այսօր նոր «Հարկային օրենսգրքի»փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին հարց ուղղեցին՝ 150 հազար դրամ աշխատավարձ ստացո՞ղն է համարվում աղքատ, թե՞ 2 մլն եւ ավելի աշխատավարձ ստացողը, որ մենք այդ 2 մլն եւ ավելի աշխատավարձ ստացողի հարկային բեռը նվազեցնելուն ասում ենք՝ աղքատության կրճատմանն ուղղված քայլ ենք անում:
Ի պատասխան՝ կառավարության ներկայացուցիչն ասաց. «Եթե մենք հարկային գործիքներով ուզում ենք սոցիալական խնդիր լուծել, մենք պետք է առաջնահերթորեն կանգնենք ավելի ցածր եկամտային խմբում գտնվող անձանց կողքին: Բայց դուք իմ հիմնավորումներում չեք լսել մի դրվագ, որտեղ ես ասում եմ, թե մենք սրանով տնօրինվող եկամուտն ենք ավելացնում, որպեսզի լավ ապրեն մեր քաղաքացիները: Ինչու չենք ասում այդպիսի բան՝ շատ պարզ պատճառով, որովհետեւ եթե մարդիկ ստանում են 2 մլն-ից ավելի, ուրեմն լավ են ապրում, իսկ եթե մարդիկ ստանում են 150 հազարից քիչ՝ 80 հազար, 100 հազար, արդեն վատ են ապրում: Եթե անգամ 3 տոկոսային կետով իջեցնենք (նկատի ունի եկամտահարկը) ու նրանց տնօրինվող եկամուտն ավելանա 3000 կամ 4000 դրամով, դրանով կյանքի որակ չի փոխվում: Մենք ուրիշ տեսլական ենք առաջարկում, առաջարկում ենք այնպիսի քաղաքականություն, որի շրջանակներում մեր տնտեսվարողները կայանան, որ 150 հազար դրամ աշխատավարձ վճարելու փոխարեն վճարեն 300 հազար դրամ: Ու այդ պարագայում արդեն էական չի լինի՝ եկամտային հարկը մենք մի տոկոսով կիջեցնե՞նք, թե՞ չենք իջեցնի ընդհանրապես»:
Լսումների ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ներկա է՝ որպես հարկային ոլորտի մասնագետ. «Հանրության դատին ներկայացնում ենք ընթացիկ փոփոխությունների փաթեթը: 3 կարեւոր փոփոխություն է՝ հարկման բեռի փոփոխություն, սպառման ոլորտի հարկման բեռի ավելացում՝ եկամուտների եւ կապիտալի հարկման բեռի նվազեցման պայմաններում»:
Նա անդրադարձավ գույքահարկին, ասելով՝ շուկայական գնի մոտարկված արժեքից գույքի հարկումը ապահովելու է այն պրոգրեսիվ մոտեցումը, որը հանրության մոտ մտավախություններ է առաջացնում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ