Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «Դիլիջանում դեռևս կա չբացահայտված ներուժ և հույս ունեմ, որ սա միայն սկիզբն է և համայնքում ավելի շատ ներդրումներ կկատարվեն»

Ապրիլ 30,2019 18:18

Եվրոպական միության, ՀՀ կառավարության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ծրագիրը Հայաստանի Տավուշի մարզում ստեղծել է նոր  աշխատատեղեր, ինչպես նաև նպաստել մարզի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։

Դիլիջանի և հարակից համայնքների ավելի քան 300 բնակիչների համար կազմակերպվել են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի դասընթացներ, տպագրվել և դասընթացների մասնակիցներին անվճար տրամադրվել են ձեռնարկ-ուղեցույցներ։

«Դիլիջանի ու հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» երկամյա դրամաշնորհային ծրագիրն IDeA հիմնադրամն իրականացրել է Եվրոպական միության և Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ՝ Տարածքային Զարգացման Պիլոտային Ծրագրի շրջանակում։

Ծրագրի արդյունքներն ամփոփվել են այսօր Երևանում՝ ծրագրի ավարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը։

Ծրագրի անմիջական շահառու են դարձել  Դիլիջանի և հարակից համայնքների՝ Հովքի, Աղավնավանքի,  Խաչարձանի, Գոշի, Հաղարծնի, Թեղուտի առնվազն 340 բնակիչ, ստեղծվել է 50 կայուն աշխատատեղ, ավելի քան 100 ձեռնարկություն աջակցություն են ստացել՝ զարգացնելու զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստների ու արհեստների ոլորտում գործող տեղական տնտեսություններն ու ստեղծել նորերը։ Դիլիջանում անցյալ տարի օգոստոսին բացվել է Տավուշի մարզում առաջին և դեռևս միակ Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, որն արդեն ընդունել է ավելի քան 1000 զբոսաշրջիկ։ «Դիլիջան» ազգային պարկում զբոսանքի ու արշավի կազմակերպումն ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելու համար կառուցվել է չորս նոր արահետ և մեկ հեծանվային երթուղի, բարեկարգվել են պարկում արդեն իսկ գոյություն ունեցող ութ արահետները, որոնց վրա տեղադրվել են նորարարական լուծումներով հագեցած տեղեկատվական ցուցանակներ։

Դիլիջանի և հարակից համայնքների վարպետներն ու արհեստավորները շուրջ 1  տարի օգտվում են ծրագրի շրջանակում բացված Արվեստների և արհեստների կենտրոնի (MADE) հնարավորություններից: Արհեստավորների ու վարպետների համար անհրաժեշտ տարածք, գույք և սարքավորումներ տրամադրելուց բացի, կենտրոնում աշխատող մասնագետները հնարավորություն ունեն իրենց արտադրանքը ներկայացնել և վաճառել քաղաքի տարբեր կետերում։ Մարզում փոքր և միջին ձեռներեցությունը խրախուսելու համար ծրագիրը դրամաշնորհ է տրամադրել նաև Դիլիջան, Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հաղարծին, Թեղուտ համայնքների 8 փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք ընդհանուր առմամբ 31 աշխատատեղ են ստեղծել համայնքի բնակիչների համար։ Գյուղական և էկո տուրիզմի սիրահարների համար ծրագիրը Դիլիջանում կառուցել ու գործարկել է նաև Գյուղատնտեսական տաղավար և քաղաքային շուկա, որտեղ կվաճառվեն հարակից համայնքների ֆերմերների արտադրանքը։

Մամուլի ասուլիսի ժամանակ իր խոսքում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է. «ԵՄ-ն պատրաստակամ է ավելի շատ ներդրումներ կատարել ուղղված Հայաստանի տարածքային զարգացմանը: Մենք սկսեցինք այս Նախագիծը 2016 թվականին՝ հատկացնելով ավելի քան 10 միլիոն եվրո Հայաստանի տարբեր մարզերում մի շարք ծրագրերի համար: Դիլիջանի ծրագիրը ՏԶՊԾ-ի շրջանակում ամենահաջողվածներից մեկն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ Դիլիջանի զբոսաշրջային կենտրոն դարձնելու համատեղ ջանքերի համար: Սակայն Դիլիջանում դեռևս կա չբացահայտված ներուժ և հույս ունեմ, որ սա միայն սկիզբն է և համայնքում ավելի շատ ներդրումներ կկատարվեն»:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է գործընկեր կառույցների ներկայացուցիչներին ու միջոցառման մասնակիցներին և ուրախությամբ նշել, որ համատեղ ջանքերի ու արհեստավարժ աշխատանքի արդյունքում ծրագրի պատասխանատուներին հաջողվել է ըստ ժամանակացույցի կյանքի կոչել այս կարևոր նախաձեռնությունն ու շահառուների համար ապահովել ակնկալվող վերջնական արդյունքը։

«Մենք ոգևորված ենք Դիլիջանի հեռանկարային զարգացմանն ուղղված այս նախաձեռնության կյանքի կոչմամբ, որն հնարավոր եղավ իրականություն դարձնել երկար և համառ աշխատանքի միջոցով։ Միաժամանակ անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել նմանօրինակ ժամանակակից մոտեցումներով ծրագրերի ինստիտուցոնալացման և համայնքների աշխարհագրության ընդարձակման ուղղությամբ»,- ասել է փոխնախարարը։

«Սա IDeA հիմնադրամի, Եվրոպական միության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև համագործակցության առաջին օրինակն է։ Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր բոլոր գործընկերներին՝ IDeA-ին վստահելու և այս ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար։ Սա մի ծրագիր է, որը բերել է հույս, աշխատանք ու ավելի լավ ապագա Դիլիջանի ու դիլիջանցիների համար»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրեն ՐաֆՖի Բաղջյանը։

«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագիրը IDeA հիմնադրամն իրականացրել է 2017 թ․-ի փետրվարից՝ Տարածքային Զարգացման Պիլոտային Ծրագրի շրջանակում։ Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 1 միլիոն 195 հազար եվրո, որից ԵՄ ներդրումը 780․000 եվրո է, ազգային համաֆինանսավորումը՝ 195․000 հազար եվրո, իսկ IDeA-ի ներդրումը` 141․000 եվրո։

Ծրագրի իրականացնող գործընկերներն են Եվրամիությունը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամ, «ԴԻՍ Փրոփերթիս», Դիլիջանի Համայնքապետարան, Դիլիջանի Ազգային պարկ։

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930