Լրահոս
Օրվա լրահոսը

Սանասարյանի փաստաբան. «Չի կարող այլ անձի գործողությունը ինքնաբերաբար ղեկավարին մեղսագրվել»

Ապրիլ 30,2019 18:04

Պետական վերահսկողական ծառայության (լիազորությունները կասեցված են) պետ Դավիթ Սանասարյանը բացառում է, որ ՊՎԾ-ում որեւէ անգամ չնչին կոռուպցիայի կամ կաշառքի գործ լինի, ինքը տեղյակ լինի եւ դա չկանխի: Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ արդյոք վստահում է հեմոդիալիզի գործով ներգրավված ՊՎԾ աշխատակիցներին: Այդ անձանց վստահելու եւ չվստահելու մասին Սանասարյանն ասաց, որ նախաքննական գաղտնիքից ելնելով չի ցանկանում մանրամասներ ասել:

Հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացում ՊՎԾ-ի ստուգումներից հետո քրեական գործ հարուցվեց ՊՎԾ աշխատակիցների եւ Դավիթ Սանասարյանի դեմ: Դատախազությունը եւս քրեական գործ հարուցեց հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացում չարաշահումների հիմնավորմամբ:

Aravot.am-ը Սանասարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ ըստ լրատվամիջոցների, ՊՎԾ-ի աշխատակիցներից, այս քրեական գործով ներգրավված Գեւորգ Խաչատրյանն ու Սամվել Ադյանը զանգահարել են 2 բուժկենտրոններ, պահանջել մրցույթի պահանջներում փոփոխություններ կատարել, սա արվել է, որպեսզի նրանց հետ փոխկապակցված «Զորաշեն» ընկերությունը կարողանա մրցույթին մասնակցել:

Մեր հարցին ի պատասխան՝ Սանասարյան պաշտպան Արսեն Սարդարյանն ասաց.«Քանի որ իրավաբանական հարց է, ասեմ՝ մենք նախաքննական գաղտնիքով կաշկանդված ենք տեղեկություններ հայտնել: Դուք հարցեր եք տալիս, որոնք անմիջականորեն առնչվում են… այնուամենայնիվ, եթե ինչ-որ անձինք, պարոն Սանասարյանի ազնիվ պայքարի գործընթացում փորձել են օգտվել եւ իրենց անձնական շահերն առաջ տանել, դա նրանց մեղադրանքին վերաբերող հարց է, եւ չի կարող այլ անձի գործողությունը ինքնաբերաբար ղեկավարին մեղսագրվել, առավել եւս եթե ղեկավարը որեւէ շահագրգռվածություն այդ գործընթացում չի ունեցել, բացի պետական շահից»:

Սանասարյանն էլ ի պատասխան մեր հարցի, ասաց. «Ես մի բան հստակ կարող եմ ասել՝ ՊՎԾ ցանկացած աշխատակցի, ում հետ հանդիպել եմ աշխատանքի ընդունվելուց առաջ պահանջ է դրվել՝ այս կառույցն, որ որեւիցե մեկը չի կարող բացի պետական շահը, այլ շահ սպասարկի՝ պետական պաշտոնն օգտագործելով: Շատ խիստ եմ խոսել բոլորի հետ: Բացառում եմ, որ ես տեղյակ լինեմ կոռուպցիոն չնչին քայլից, ու չկանխեմ դա տարբեր մեթոդներով»:

Թե ինչպե՞ս կգնահատի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողությունները, քանի որ, ըստ հրապարակումների, ՊՎԾ աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցելուն, այսպես ասած, Թորոսյանի մատն էլ է խառը, Սանասարյանը հրաժարվեց պատասխանել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930