Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ն ուշադրություն դարձնել միջազգային ծրագրերի դիմելիս. արտերկրում կրթություն ստացած ուսանողների խորհուրդները

Ապրիլ 30,2019 17:53

Վերջին շրջանում միջազգային ծրագրերը, ամառային դպրոցներն ու երիտասարդական փոխանակման ծրագրերը մեծ տարածում են գտել: Դրանք բնույթով, տևողությամբ և թեմատիկայով շատ տարբեր կարող են լինել. սկսած մեկշաբաթյա ոչ ֆորմալ կրթական ծրագրերից, մինչև համալսարանների միջև ուսանողների փոխանակում մեկ կիսամյակով, կամ մինչև անգամ մեկ տարի տևող կամավորական ծրագրեր որևէ երկրում: Պայմանները ևս տարբեր են՝ կախված ծրագրից և ծրագիրն առաջարկող կազմակերպությունից: Դրանք ներառում են կրթաթոշակներ, ճանապարհածախսի լրիվ կամ մասնակի փոխհատուցում, կեցություն, սնունդ, վիզայի աջակցում և այլն: Նմանատիպ ծրագրերի արդյունավետությունը, երբեմն հանդիպող խնդիրները և դրանց տարբերությունները պարզելու համար Aravot.am-ը զրուցեց մի քանի երիտասարդների հետ: Նրանք մասնակցել են երկարաժամկետ և կարճաժամկետ միջազգային ծրագրերի:

Հայկ Մանթաշյան

Տասնհինգամյա Հայկ Մանթաշյանն 2018-ի հուլիսին երկու շաբաթով մեկնել է Պրահա՝ ամառային դպրոց: Խոսելով խնդիրների մասին՝ նշեց, որ հիմնականում դրանք կապված էին ֆինանսների ու գումարի ճիշտ տնօրինման հետ: Հարցին՝ արդյոք ծնողները հեշտությա՞մբ համաձայնեցին նրա՝ ծրագրի մասնակցությանը, Հայկը պատասխանեց, որ ծրագրին դիմել էր քրոջ խորհրդով, իսկ ծնողները միանշանակ համաձայն էին: Նա նաև պատմեց, որ իրենց հետ ծրագրին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի մարդիկ, իսկ ծրագիրը անգլերենի երկշաբաթյա ուսուցում էր լեզվի մասնագիտացված կենտրոնում ամերիկացի ուսուցչի կողմից:

Ուսանողների շրջանում լայն տարածում են գտել հատկապես կարճաժամկետ, ոչ ֆորմալ կրթական ծրագրերը: Սրանք հիմնականում ապահովում են մասնակիցների կեցությունն ու սնունդը և փոխհատուցում ճանապարհածախսը: Հայաստանում նմանատիպ ծրագրերի մեծ մասը կազմակերպում է Էրազմուս+ -ը, որը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով: Ծրագրերի թեմաները բազմազան են՝ սկսած մարդու իրավունքներից, մինչև քննադատական մտածողության զարգացում և հաղորդակցման հմտությունների բարելավում:

Սոֆի Թովմասյան

Այսպիսի ծրագրերից մեկին է հենց մասնակցել Սոֆի Թովմասյանը: Սոֆիի ծրագրի թեման եղել է մարմնի հնարավորությունների գիտակցումը, շարժման միջոցով իրար ճանաչելն ու ինքնաարտահայտվելը: Ծրագիրը եղել է հայ-գերմանական համագործակցության շրջանակում: Սոֆին ծրագրի մասին իմացել է հայկական կողմի ներկայացուցիչներից և կայքից: Նա մեզ հետ զրույցում պատմեց. «Ես հասցրել եմ մասնակցել և՛ իմ ոլորտին վերաբերող ծրագրի, և՛ այս տեսակ ծրագրի, որտեղ թվում է պիտի շատ անհարմար զգաս, նեղվես էն հանգամանքից, որ թեման կամ ոլորտն ամբողջությամբ քոնը չեն։ Բայց բոլորովին այլ արդյունք ես ունենում վերջում։ Այս ծրագիրը երկու մասից էր բաղկացած, Բեռլինում արդեն իսկ հասցրել էինք լինել, ու, թեև ծրագրի երկրորդ մասը Երևանում էր, ինձ մոտ տպավորություն էր, թե բոլորովին այլ երկրում եմ, որովհետև 2 շաբաթով կտրվում ես հայկական, երբեմն ձանձրալի, իրականությունից ու իրոք վայելում ծրագիրը։ Ծրագիրը շատ կարևոր է, որովհետև ամեն րոպե իմ կոմֆորտ զոնայից դուրս գալու հնարավորություն ունեի, իսկ դա նպաստում է անձնային աճին»:

Ուսանողուհի Մարիամ Գևորգյանն էլ Էրազմուսի համալսարանական ծրագրերից մեկով մեկ կիսամյակ ուսանել է արտասահմանյան բուհերից մեկում: Նրա խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել մոտիվացիոն նամակին, դիմելիս էլ առանձնակի դժվարություններ չեն առաջանում, եթե միջին որակական գնահատականը բարձր է լինում և անգլերենի իմացությունը բավարարում է պահանջներին: Խոսելով դասապրոցեսի մասին՝ Մարիամը նշեց, որ դասերը սկսելիս դժվարություններ չեն եղել, պահանջներն այդքան էլ խիստ չեն եղել: Միակ բարդությունը եղել է հայերենից միանգամից անցումն անգլերենի:

Միլենա Խաչիկյան

Իր փորձով մեզ հետ կիսվեց նաև Միլենա Խաչիկյանը. նա նախորդ տարվա ամռանը Ավստրիայում մասնակցել է կարճաժամկետ մասնագիտական միջազգային ծրագրի: Նա պատմում է, որ առաջին անգամ էր մասնակցում նմանատիպ ծրագրի և ակնկալիքները մեծ էին. «Ինքնին թեմաները հետաքրքիր էին, բայց դրանց անցկացումից չեմ կարող ասել, թե լրիվ գոհ եմ: Հետաքրքիր թեմաներ շատ կային, բայց կարելի է ասել՝ այդքան էլ խորքային չէին ներկայացվում»:

Խոսելով ծրագրի մասին՝ նա նշեց, որ իրենց տրվում էին առաջադրանքներ, բայց դրանք իրականացնելիս նույն խմբում միևնույն երկրից մասնակիցներ չպետք է լինեին ու դա ավելի հետաքրքիր էր դարձնում աշխատանքը:

Նա հավելեց, որ որոշ թեմաներ ու դրանց անցկացումը իր համար նորություն չէին, որովհետև դրանք արդեն ուսումնասիրել էր համալսարանում և հետաքրքիր էր այն, որ համալսարանում անցած շատ թեմաներ ճիշտ նույն մատուցմամբ էին անտեղ իրենց տրվում:

Եզրափակելով իր խոսքը, նա ասաց. «Ինձ առավել ոգևորեց շփումը ու հաղորդակցումը իմ տարիքի այլազգի երիտասարդների հետ, քան բուն ծրագրի թեմաներն ու ծրագրի դասավանդումը: Ես երևի այդ շփումից ավելի շատ բան ստացա, քան ծրագրից»:

Աննա Հակոբյան

Ընթացակարգը, ռիսկերն ու պայմանները լրիվ այլ են երկարաժամկետ կամավորական ծրագրերի դեպքում: Վերջիններս տևում են վեցից մինչև տասներկու ամիս: Կամավորական աշխատանքները կարող են լինել տարբեր և պարբերաբար փոխվել: Այս մասին մեզ հետ զրուցեց Չեխիայում կամավորական մեկամյա ծրագրի մասնակից Աննա Հակոբյանը: Խոսելով ծրագրին դիմելու և ծնողների վերաբերմունքի մասին՝ նա նշեց, որ մինչև թռիչքի օրը նրանք չէին հավատում, որ ամեն ինչ իրական է. «Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ծրագրին դիմել էի երեք ամիս առաջ: Զանգում են ու ասում, որ անցել եմ ու օգոստոսի երեքին պետք է անտեղ լինում»:

Որպես կամավոր Աննան աշխատել է խնդիրներով երեխաների հետ, դասավանդել է անգլերեն դպրոցներում, մանկապարտեզներում: Ցուցադրություններ է կազմակերպել Հայաստանի մասին և մասնակցել տարբեր մշակութային թրեյնինգների, սովորել չեխերեն:

Աննան ասում է, որ, չնայած շատ դժվարությունների միջով է անցել, բայց երբեք չի փոշմանել ծրագրին դիմելու համար: Խոսելով ռիսկերի մասին՝ նա մասնավորապես նշեց, որ պայմանագիրը կնքելուց հետո, երբ արդեն տեղում ես, հասկանում ես, որ պայմանագիրը երբեմն չի համապատասխանում իրականության հետ, աշխատանքը տարբեր է, նշված պայմանները բացակայում են:

Այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ այս տեսակ ծրագրերը երկրների ու երիտասարդների վրա, մեր զրուցակիցներից Սոֆին պատասխանեց, որ ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ նույնիսկ տվյալ ոլորտի հետ առնչություն չունեցող մարդը կարող է դիմել. «Ստացվում է՝ ամենատարբեր մասնագիտություններն ունեցող մարդիկ մի գաղափարի շուրջ են համախմբվում, ծանոթանում են, ընկերանում, սկսում մտածել հետագա անելիքների ու նոր համագործակցությունների մասին։ Տարիներ հետո նրանցից յուրաքանչյուրը տարբեր տեղերում կհայտնվի, ու գուցե կարողանան իրար օգտակար լինել։ Իսկ երկրներին սա օգնում է այնքանով, որ երիտասարդները, դառնում են երկրներն իրար կապող կամուրջը, որը կարող է տարեցտարի ամրանալ ու նոր-նոր համագործակցությունների գաղափարներ ու հնարավորություններ տալ»։ Ազդեցության մասին խոսելիս կարևոր է նաև հաշվի առնել ծրագրի թեման, եթե, օրինակ, դա ինովացիոն տեխնոլոգիաների հետ կապված ծրագիր է, տարբեր երկրներում ներգրավվելով ծրագրի մեջ՝ հետո կարող են որդեգրել տվյալ երկրում եղած փորձն ու կիրառել իրենց երկրում։

Ապա եզրափակեց. «Մի խոսքով, մասնակցեք երիտասարդական ծրագրերի, դրանք ավելի երջանիկ են դարձնում, տալիս են լիքը-լիքը ընտիր ընկերներ»:

Կարինե ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930