«Երբ մենք պետք է սկսեինք ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացում, ինձ զգուշացրեցին, որ մտնում ենք մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինելու, նախկին օլիգարխների դաշտն ենք մտնում»,-այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց պետական վերահսկողական ծառայության (լիազորությունները կասեցված են) պետ Դավիթ Սանասարյանն՝ անդրադառնալով հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացին: Այդ ստուգումներից հետո քրեական գործ հարուցվեց ՊՎԾ աշխատակիցների եւ Դավիթ Սանասարյանի դեմ: Վերջինս ներգրավված է որպես կասկածյալ:
Օլիգարխների անուններ Սանասարյանը չտվեց: Իսկ թե ովքեր են իրեն տեղեկացրել, որ հակահարձակում է լինելու, Սանասարյանն ասաց. «Աշխատակիցների, ովքեր տեղյակ էին, թե դաշտն ում է պատկանում: 40-41% դաշտն ում է պատկանում»:
Ասուլիսին ներկա նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ իրենք 3 միջնորդություն էին ներկայացրել դատախազություն՝ Սանասարյանի նկատմամբ գործը կասեցնելու, եւ նրան իր պաշտոնում վերականգնելու առնչությամբ եւ գործի վարույթն այլ քննչական մարմին տեղափոխելու: Միջնորդությունները մերժվել են, սակայն փաստաբանը դատախազության գործողություններում հակասություններ է տեսնում, քանի որ նույն դատախազությունը քրեական գործ է հարուցել հեմոդիալիզի գործով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ