Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Ձեր վարկանիշի անկման համար ուրիշի չմեղադրեք

Ապրիլ 30,2019 17:34

Կարծում եմ, այս աշխարհում ոչ մի մարդ իրավունք չունի նեղանալու այն իրողությունից, որ մածունի գույնը սպիտակ է և երբեմն անհրաժեշտ է լինում դրա մասին բարձրաձայնել: Փորձեմ մի քանի բառով ներկայացնել Հայաստանի այսօրվա իրավիճակի ներկապնակն այնքանով, որքանով թույլ կտա մեկ հոդվածի ծավալը: Դրանք շատ ավելի կնմանվեն թեզիսների, քանզի դրանց լուծումների ամբողջական նկարագիրը հատորների նյութ է: Եվ այսպես.

 1.Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018թ. ապրիլին.

Տեղի ունեցավ համաժողովրդական, անցնցում, անարյուն թավշյա հեղափոխություն, որի նմանը աշխարհը չէր տեսել:

 2.Ինչպես տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը.

Տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում տեղի են ունեցել բազմաթիվ և բազմապիսի հեղափոխություններ ու հեղաշրջումներ, որոնք հիմնականում ուղեկցվել են արյունալի իրադարձություններով, ռազմական դրություններով և հեղափոխություններին ու հեղաշրջումներին հարիր այլ արտակարգ հետևանքներով, սակայն Հայաստանում տեղի ունեցածը աշխարհը ցնցեց հենց այն պատճառով, որ այն զերծ մնաց վերը նշված բոլոր ցնցումներից և դրանով իսկ զարմացրեց աշխարհին, իսկ դրա գլխավոր բացատրությունը կայանում էր նրանում, որ ժողովուրդը չափազանց միասնական էր ու վճռորոշ տրամադրված իր նպատակի մեջ, որն էլ ժողովրդին պարգևեց չափազանց սպասված անհավանական հաջողությունը:

Հեղափոխության հաղթանակի երկրորդ գրավականը Նիկոլ Փաշինյան անձի պարագան էր, որը ղեկավարում ու առաջնորդում էր այդ շարժումը, որը կարողացավ այն հասցնել տրամաբանական ու հաղթական ավարտին: Ի դեպ, այնքան ճշգրիտ հաշվարկով էր իրականացվում այդ ղեկավարումը, որ չափազանց փորձառու հանրապետականն իր բոլոր արբանյակներով կարծես կախարդված լինեին և չէին հասկանում, թե իրենց շուրջն իրականում ինչ էր կատարվում և չէր հասկացվում, թե նրանք ինչի էին սպասում, երբ իշխանությունը վայրկյան առ վայրկյան իրենց ձեռքից գնում էր: Կարծում եմ, ժողովրդի աներևակայելի միասնությունից ու վճռականությունից շփոթված և զարմացած, նրանք ժամանակի շունչն էին կորցրել, թե երբ պետք է վճռական հարվածը հասցնեն: Այս անգամ դա չեղավ, արեցին ընդամենը մի քանի փոքրիկ կոսմետիկ քայլեր և սպասում էին իրենց հարմար աստեղային պահին, որպեսզի հասցնեին վճռական հարվածը, որն այդպես էլ չեկավ ու դա այն պատճառով, որ նրանք հասկացան, թե այս անգամ նման քայլից հետո ժողովուրդն իրենց ինչ օրը կգցեր, քանզի այս անգամվա ժողովուրդն ընդհանրապես կապ չուներ նախորդ անգամներում ոտքի ելած ժողովրդի հետ:

Այս անգամվա ժողովուրդը բացարձակ միասնական, վճռական և համարձակորեն պատրաստ էր ամեն քայլի ու եթե գործող իշխանությունը չնչին սխալ անգամ թույլ տար, ապա հատիկ-հատիկ կհոշոտեին բոլորին, որն էլ զգալով Սերժ Սարգսյանը կարդաց իր հրաժարականը և դրանով իշխանությունը փաստացի հանձնեց համաժողովրդական շարժմանը, որով էլ թավշյա հեղափոխության առաջին փուլն ավարտվեց:

 3. Ինչ արվեց և ինչ է արվում հեղափոխության 2-րդ փուլում.

Հեղափոխության 2-րդ փուլում կատարվեց երկու ճիշտ քայլ. նախ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա նորընտիր խորհրդարանի կողմից ընտրվեց վարչապետի պաշտոնում:

Ցավոք սրտի, այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվեցին նաև մի շարք զարմանալի քայլեր, որոնցից մի քանիսի մասին ուզում եմ բարձրաձայնել:

Ինչպես և շարժման ժամանակ բազմիցս բարձրաձայնվել էր, նորընտիր իշխանության քաղաքականության ուղղություններից ամենակարևորը պետք է լինի անողոք պայքարը կոռուպցիայի դեմ, որը նաև շարժման հիմնական կարգախոսներից մեկն էր: Հեղափոխության առաջին փուլից հետո և մինչ այսօր վարչապետի պատկերացրած սխեմայով հետևողականորեն իրականացվում է այդ պայքարը, այլ բան է, որ ըստ իս դրանք իրականացվում են հեղափոխություններին ոչ հարիր տրամաբանությամբ: Իհարկե, շատ լավ է, որ վարչապետն իր գործողություններում հիմնական շեշտը դնում է օրենքի գերակայության վրա, սակայն անհնար է հեղափոխության տրամաբանությանը ոչ հարիր այս սահմանադրությամբ և եղած օրենսդրական դաշտով իրականացնել կոռուպցիայի ու բազմապիսի այլ անօրինությունների դեմ համակարգային պայքար, քանզի հետհեղափոխական իրավիճակը էականորեն տարբերվում է սովորական վիճակից հենց նրանով, որ այդ քայլերը պետք է արվեն ոչ միայն օրենսդրական դաշտին համապատասխան, այլև ըստ ժամանակային և հետհեղափոխական հրամայականների անհրաժեշտության, քանզի դրանց ձգձգումը կբերի անարդյունավետ և ուշացած բազմապիսի հետևանքների:

Փորձենք վեր հանել, թե մինչ այժմ այդ ուղղությամբ ինչ կոնկրետ քայլեր են արված: Կոռուպցիոն գործունեության շրջանակներում ձերբակալված է Մանվել Գրիգորյանը, իսկ այդ գործով մնացած դերակատարներն ազատորեն զբաղված են իրենց բիզնեսը ընդլայնելով ու եղած ունեցվածքը արտերկրներ տեղափոխելով: Մինչ այժմ օլիգարխիայի դաշտից ձերբակալվածներ ընդհանրապես չկան և ժամանակն ի վնաս պետության, և ի օգուտ նրանց է աշխատում, քանզի կրկնում եմ նրանք իրենց կապիտալն ամեն օր դուրս են բերում Հայաստանից և երկիրն ուղիղ գծով տանում սնանկացման, քանզի դա մեր երկրի ու ժողովրդի ունեցվածքն է, որն ինչ-որ իմաստով նաև երկրի փրկության ելքը: Հայաստանը ծայրաստիճան աղքատ երկիր է և նրա համար չափազանց մեծ առատություն կլինի ամեն կոպեկի դուրս բերումը երկրից, էլ չեմ ասում, որ մեր փոքր երկրի համար դրանք ֆանտաստիկ մեծ միջոցներ են, որոնք թալանվել են, այլ ոչ թե գոյացել արդար աշխատանքի արդյունքում:

Չափազանց աբսուրդ իրավիճակ է, երբ մի կողմից ընկած այլ երկրներից շարունակաբար վարկեր ենք մուրում, իսկ մյուս կողմից թույլ ենք տալիս, որ որոշ արտոնյալներ մեր չեղած միջոցները անարգել դուրս բերեն երկրից: Հարց է առաջանում. այս պարագայում ինչ խոսք կարող է լինել կոռուպցիայի դեմ պայքարի, առավել ևս համակարգային պայքարի մասին, երբ կոռուպցիայի արդյունքում մսխված գումարները անարգել դուրս են բերվում երկրից և դրա դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկվում:

Տպավորությունն այնպիսին է, որ նոր իշխանությունը ձևավորվել է ոչ թե հեղափոխության, այլ Ազգային Ժողովի հերթական ընտրությունների արդյունքում: Գոնե ժամանակային կտրվածքով շահելու իմաստով իշխանությունը հեղափոխության ընձեռնած գործիքներից ընդհանրապես չի փորձում օգտվել և նրանց գործելաոճից հասկացվում է, որ կարծես շտապելու բան չունեն, քանզի դեռ շատ ժամանակ ունեն կուտակված հարցերի լուծման համար: Լավ, դժվար է տեսնելը, որ կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը համակարգային մոտեցումներ է պահանջում, այլ ոչ թե մեկ, երկու անձի ձերբակալություն:

Այստեղ պետք է անկեղծ լինել և ասել, որ իրոք դժվար է, քանզի այն պահանջում է լուրջ գիտական և վերլուծական միտք, ինչպես նաև համապատասխան օրենսդրական ու այլ դաշտերի արագ ձևավորման սխեմաների առկայություն, որոնք այս պահին բացակայում են: Մասնավորապես, առ այս պահը ամբողջ դատական համակարգը և իրավապահ համակարգն աշխատում են համարյա հին ձևով, լոկ մեկ տարբերությամբ, որ վերևներից այլևս դատարաններին հրահանգներ չեն տրվում, այլ խոսքով դատական համակարգում ամեն ինչ թողնվել է դատավորների հայեցողությանը, իսկ իրավապահ մնացած օղակներում ամեն ինչ ընթանում է համարյա նախկին ձևով:

Ակնհայտ է, որ այս ամենը ևս ընդհանրապես չի տեղավորվում հեղափոխության տրամաբանության մեջ, քանզի եթե նախկինում գոնե դատավորները զգոնանում էին իշխանություններից և վճիռներն ընդունում էին, մնալով որոշակի սահմաններում, ապա հեղափոխությունից հետո այդ նույն դատավորները վճիռները հիմնականում ընդունում են զուտ իրենց ցանկություններին համապատասխան, քանի որ իրենց ոչ ասող կա, ոչ էլ պահանջող և նրանց կայացրած վճիռները գլխավորապես պայմանավորվում է նրանց խղճով ու օրենքի տառի որոշակի կիրառմամբ: Այդ համակարգում կադրային փոփոխություններ համարյա չեն եղել և փաստացի դատավորները լիովին ազատագրվել են ու անկախացել, նրանց պետք է հսկի լոկ օրենքը, որին միշտ էլ անլուրջ են վերաբերվել ու շարունակաբար շրջանցել այն և շատ հետաքրքիր է, թե այդ նույն դատավորներն ինչպես կարող են ենթարկվել իրենց իսկ կողմից մշտապես արհամարհված ու շրջանցված օրենք կոչվածին: Իրենց հոգիներում և մտքում ոչ մի փոփոխություն չկրած դատավորները, ովքեր մշտապես հրահանգվել են իշխանությունների կողմից և պարտադրված կատարել նրանց թելադրանքը, հանկարծ հրաշքով ազատվում են այդ կապանքներից ու իրենց գործողություններում դառնում միանգամայն ազատ, անկախ, որը դեռևս նրանց համար ավելի շատ երազի է նմանվում, քան իրականության ու վերջապես ռեալ հնարավորություններ է ստեղծվում նրանց ինքնակայացման և կամայականորեն գործելու համար՝ առանց դույզն անգամ վերահսկողության, այդ պարագայում նրանք ինչպես կարող են միմիայն ենթարկվել ու հավատարիմ մնալ օրենքի տառին ու ոգուն, ինչ հետևանքով էլ օր-օրի ավելանում է ժողովրդի դժգոհությունը, որը ցավոք սրտի մնում է ձայն բարբառո հանապատի: Դա մոտավոր նման է նրան, թե ինչ կլինի, եթե հրաշքով բացվեն այն վանդակի դռները, որտեղ երկար ժամանակ ամուր փակված է եղել գազանը: Ստեղծված իրավիճակում ամենատխուրն այն է, որ դատական համակարգը դարձել է լիովին անկախ՝ առանց որևէ վերահսկողության, իսկ ժողովուրդը մնացել է լոկ դատավորների խղճին ու Աստծո հույսին:

Չեմ ուզում մանրակրկիտ խոսել Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության մասին, ուղղակի կասեմ, որ թե Ազգային Ժողովի պատգամավորների, թե կառավարության կազմի ճնշող մեծամասնությունը մեղմ ասած անփորձ են, ունեն մասնագիտական կարողությունների բավականին ցածր մակարդակ, չափազանց ինքնավստահ ու ինքնագոհ են, համարյա զուրկ են խորհուրդներ լսելու կարողությունից (շատ զարմանալիորեն, նրանք լսում են միայն նույն բնագավառում աշխատող հանրապետականների խորհուրդները, որը հավանաբար հրահանգված է իշխանության վերին էշելոնների կողմից), որն էականորեն է ազդում այդ մարմինների աշխատանքի որակի վրա: Իհարկե, շատերն են բարձրաձայնում, որ դա շատ լավ է, քանզի այդ երիտասարդները դեռ կեղտոտված չեն, աշխատանքին զուգահեռ արագ կսովորեն, սակայն այդ աշխատանքների ծավալներն այնքան մեծ են, իսկ ժամանակն այնքան խեղդող, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է և սովորեն, և աշխատեն ու էլ չեմ ասում, որ այդ ամենը լուրջ գիտություն է, որն ինչպես դպրոցում, այնպես էլ ԲՈՒՀ-ում հնարավոր է յուրացնել մի շարք տարիների, այլ ոչ օրերի կամ ամիսների ընթացքում: Սա թերևս Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տրված ամենամեծ բացթողումներից մեկն է, որի մասին արժե շատ հանգամանալից վերլուծություններ իրականացնել, քանզի թռուցիկ՝ մի քանի նախադասություններով ձևակերպումները լուրջ բան տալ չեն կարող: Իսկ մեր տիպի երկրներում կադրերի դերը դժվար է գերագնահատել, քանզի համակարգերի բացակայության պարագայում կադրերի դերը պատիկներով աճում է և հենց նրանք են փոխարինում այնքան անհրաժեշտ համակարգ կոչվածին:

 4. Իսկ ինչ պետք է արվեր.

Կարծում եմ, որ վարչապետի առաջին քայլերից մեկը պետք է լիներ հեղափոխության տրամաբանությանը համապատասխան սահմանադրության և քրեական օրենսգրքի արագ բարեփոխումները, ինչը թույլ կտար համակարգային կարևորագույն քայլերը կատարել կոռուպցիայի և այլ անհետաձգելի անօրինությունների դեմ պայքարում, որը չարվեց և այդ խնդիրների համակարգային լուծումների փոխարեն ընտրվեց կետային պայքարի մարտավարությունը:

Ինչպես նշել էի իմ նախորդ հոդվածներից մեկում, հեղափոխության առաջին փուլի ավարտից հետո պետք էր հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարի արտակարգ իրավիճակ, որն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտար շրջանցել որոշակի տեխնիկական խոչընդոտներ՝ կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված իրականացնելու համար: Սակայն, նման բան չարվեց և առ այսօր այդ ուղղությամբ ամեն ինչ ընթանում է սովորական ռեժիմով:

Երկիրն ու ժողովուրդն էապես կշահեին, եթե դարձյալ հեղափոխության ոգուն հավատարիմ, ամբողջապես փոխվեին իրավապահ՝ ներառյալ դատական համակարգի, ՊԵԿ-ի և նմանատիպ այլ կառույցների բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու բոլոր ատյանների դատավորները և բարձրագույն ու մասնագիտական կրթություն ունեցող անձինք ընդգրկվեին որևէ կադրային բանկում ու նրանց թեկուզ պատահական ընտրությամբ (որին ներքուստ դեմ եմ, սակայն այլ ճանապարհ չկա) նշանակեին այդ պաշտոններում ու մաքրեին այդ կաշառակեր համակարգը, քանզի ժամանակի սղությունն այս խնդրի օպերատիվ լուծման համար այլ ճանապարհ չի թողնում, որով նաև իրականություն կդառնար Նիկոլ Փաշինյանի կողմից բազմաթիվ անգամ բարձրաձայնած այն միտքը, թե իշխանությունը քաղաքացին է, որն անփոխարինելի արժեք է պետության համար: Իրականում, առ այսօր նման գոնե մեկ դեպք չի արձանագրվել, որովհետև նոր իշխանությունների կողմից հստակ սկզբունք է մշակված և ներդրված, որ բոլոր պաշտոններում պետք է նշանակվեն միմիայն իրենց թիմի մարդիկ, քանզի այստեղ կա վստահության և հեղափոխության ժամանակ ունեցած լումայի խնդիր: Պարզվում է, որ բացի իրենց թիմակիցներից, մեկ էլ այդ սկզբունքին բավարարում են հանրապետականները, որոնց շարժման ամբողջ ընթացքում ներկայացնում էին որպես կաշառակեր բոբոներ, ժողովրդի թշնամիներ, սակայն այսօր միայն նրանց են վստահում և լոկ նրանց հետ են ախպերավարի բաժանում պաշտոնները: Ավելին, հանրապետականի ժամանակ պաշտոններին հրաժեշտ տված հանրահայտ կաշառակեր շատ նախկին պաշտոնյաներ վաղուց վերանշանակվել են էապես ավելի բարձր պաշտոններում:

Իսկապես, եթե մանրակրկիտ ուսումնասիրենք պաշտոնյաների դաշտը, ապա փաստացի կտեսնենք, որ չհաշված որոշակի բացառությունները, պետության հիմնական պաշտոններում պաշտոնավարում են հանրապետականները և Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ու նրանց մերձավորները, ու կրկնում եմ, այդ ամենն այն դեպքում, երբ հեղափոխության հիմնական նպատակը հանրապետական կաշառակերներից ազատվելն էր:

Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ թշնամիներն իրար կարող են ներել միայն շատ կարճ ժամանակ (վկա Ղարաբաղի հարցը) և դրանից հետո մեկնումեկն անպայման պետք է վերանա, քանզի բնության օրենքն է այդպիսին:

Բնավ չէի ուզենա, որ մեր ժողովուրդը հերթական անգամ հիասթափվեր ու հազարերորդ անգամ խելագարվեր, որի դեմն առնելու միջոցներից մեկն էլ վայրկյան շուտ հանրապետականի կադրերից համատարած ազատվելն է: Իհարկե, եղել են նաև մի քանի բացառություններ. որոշակի պաշտոնյաներ, ովքեր շարժման ժամանակ եղել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարների տեղակալներ, նոր իշխանությունների որդեգրված սկզբունքով այդ պաշտոնյաները դարձել են առաջին դեմքեր՝ նշանակվել են այդ կառույցների ղեկավարներ; Այդ նշանակումների ժամանակ հաշվի է առնվել, թե իրենց կոլեկտիվներում ինչպիսի համբավ ու վարկանիշ են ունեցել նրանք և համեմատական դրական համբավի դեպքում, գումարած նաև, թե ովքեր են միջնորդել, նրանք են նշանակվել այդ կառույցների ղեկավարների պաշտոններում:

«Մաքուր իմիջով» Դավիթ Սանասարյանի դեպքը թերևս լիովին բավարար է, որպեսզի իշխանությունները պատկերացնեն, թե տասնյակ տարիներ թալանած պաշտոնյաներն ինչպես կարող են այլևս չթալանել, եթե այդ լծակները նրանցից վերցված չեն: Ժողովուրդը շատ փայլուն օրինակ ունի. ման եկող կինն այնքան ժամանակ նամուսով կմնա, մինչև հանդիպի հաջորդ …-ին: Կաշառակեր պաշտոնյաների կեցվածքն ու պահվածքը խիստ նման է դրանց և առնվազն միամտություն կլինի կարծել, որ նրանք նոր պայմաններում նոր կերպ կաշխատեն, այն էլ վերահսկող համակարգերի լիովին բացակայության պարագայում: Նորություն ասած չեմ լինի, եթե հերթական անգամ բարձրաձայնեմ, որ կաշառակերը դա տեսակ է և որպեսզի նա դադարի կաշառք վերցնելուց, դա մի դեպքում է հնարավոր միայն, եթե նա փոխի իր տեսակը, այլ խոսքով փոխի իր ներքինն ու մտածողությունը, այլ հնարավորություն պարզապես չկա: Այնպես որ, այսօր վերը նշված պաշտոնյաները ոչ թե փոխել են իրենց տեսակը և առաջնորդվում են նոր իշխանությունների պահանջներով ու հրամայականներով, այլ ուղղակի զուտ վախից դրդված, համեմատաբար քչացրել են կաշառքի չափերը և վերցնելու հաճախականությունը, իսկ դրանով այդ խնդիրը չի լուծվում, քանզի մեկ դույլ ջրի մեջ մեկ կաթիլ թույն է լցված, թե հազար, բովանդակային իմաստով դրանից բան չի փոխվում, որովհետև երկու դեպքում էլ ջուրը թունավոր է և խմելու համար ոչ պիտանի:

Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, ամենքը գիտեն, թե որտեղ ինչ է կատարվում և հավանաբար կռահում են, նաև ինչու: Չի կարելի մաթեմատիկայի քննական հանձնաժողովում վերցնել զուտ բանասերների, առավել ևս, ովքեր քննության վերջում պետք է ստուգեն այդ գրավորները: Այսօր էլ մեծ թափով շարունակվում է հովանավորչության միջոցով բարեկամին, հարազատին, ծանոթին, հարևանին աշխատանքի տեղավորելու տխուր պրակտիկան և հաշվի չի առնում, որ մնացածն էլ նույն հատկություններով մարդիկ են և արարվել են նույն Տիրոջ կողմից: Դե եթե այդպես է, բերեք բոլորս մեր մոտիկներին առաջ մղենք ու դարձնենք վիրաբույժներ, քանզի նրանց աշխատանքը և պատվաբեր է, և եկամտաբեր ու տեսնենք, թե արդյունքում ինչ հետևանքներ կունենանք: Պետք չէ մոռանալ, որ հովանավորչությունը ևս կոռուպցիայի տեսակ է, որն այսօր ևս նույն կերպ աշխատում է, որն արժանավորին դուրս է մղում և անարժանին առաջ մղում, դրանով նվազեցնում այն արդյունքները, որոնք միանգամայն այլ արժեք կունենային, եթե ճիշտ տեղում նշանակվեր ճիշտ մասնագետը:

Ահա սա է տնտեսական հեղափոխության գրավականը, իսկ մարդկանց ուղեղներում կատարվելիք հեղափոխությունը պետք է միմիայն օգնի սրան: Եթե այսպես է շարունակվելու, ապա պաշտոնների նշանակվելու ավելի գեղեցիկ սխեմա էլ կա, այն է. մի սարքի մեջ կարելի է լցնել հանրապետականների, ՔՊ-ականների ու նրանց մերձավորների անուն, ազգանունները, մյուս սարքում բոլոր պաշտոնների անվանացանկը և լոտոյի խաղարկության նման, մեկից հանել մեկ անուն, իսկ մյուսից պաշտոնը, դրանք կցել իրար և այս կերպ բաժանել բոլոր պաշտոնները, որը շատ ավելի արդարացի կլինի, քան այն, ինչ արվում է այսօր:

Իրականում այն, ինչը չափազանց թռուցիկ ասվեց վերևում, հանգիստ կարելի է տարածել բացառապես բոլոր ոլորտների վրա, քանզի ամենուրեք համարյա նույն վիճակն է տիրում: Վերը արծարծված թեմաները շատ ծավալուն են ու ինչպես ասվեց, դրանց խորքային վերլուծությունը նվազագույնը մի քանի հատորների նյութ է և հենց այս պատճառով էլ վերևում նշվեց, որ ասվածն ընդամենը կարելի է դիտարկել որպես սույն նյութի վերաբերյալ թեզիսներ: Ստեղծված իրավիճակից ելքը մեկն է. այս և մնացած խնդիրների օպտիմալ լուծման համար պետք է ի հնարավորին արագ փոփոխել մեր սահմանադրությունն ու օրենսդրությունը և դրանք համապատասխանեցնել հեղափոխության տրամաբանությանը, օգտվելով վերը ասված արտակարգ իրավիճակի ընձեռնած հնարավորություններից, այլապես ժողովուրդը երանի է տալու դատական համակարգի և այլ մարմինների նախկին աշխատելաոճին:

Ամփոփելով ասվածը, ևս մեկ անգամ շեշտեմ, որ առայժմ հավատալով ու վստահելով Նիկոլ Փաշինյանին, խորը պատկերացնելով, թե որքան բազմապիսի ու բազում խնդիրներ են դրված նրա առջև, որոնք րոպե առաջ անհապաղ լուծումներ են պահանջում և որքան դժվար է խնդիրների այդ սարդոստայնում կանոնակարգում մտցնելն ու դրանց ղեկավարումն իրականացնել խիստ համակարգված կերպով, այնուամենայնիվ արդեն կատարվածը լուրջ վերապահումների առիթներ է տալիս և անհրաժեշտ է շտապ փոփոխել վերը նշված գործառույթների վեկտորների ուղղությունները:

Եթե ասվածին էլ ավելացնենք, որ նա միայնակ չի գործում, կա հսկայական մեծ թիմ և իր աշխատանքին զուգահեռ, նա միաժամանակ պետք է վերահսկի նաև նրանց աշխատանքը և նրանց անձը, ապա հասկանալի է դառնում վարչապետի պատասխանատվության ու զբաղվածության չափը: Անկեղծ ասած, չափազանց դժվար է պատկերացնել, որ մեկ մարդու ուսերին է դրված այդ ամենը, թեկուզ նա լինի Նյուտոն կամ Էյնշտեյն և եթե չլինեն անգամ խանգարող այլ հանգամանքներ, ապա ժամանակի սղությունը միշտ իր սև գործն անելու է: Հենց սրա համար էլ վերևում հատուկ ընդգծվեց, որ պետք է լինի գիտակ, ունակ և կարող ուժերից բաղկացած թիմ, որը կարողանա վարչապետի մատից փուշ հանել, այլ ոչ թե պահանջի լոկ ծնողական հոգատարություն ու վերաբերմունք: Այդ դեպքում տան հոգսերն ով պետք է հոգա…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930