Այսօր ԵԱՏՄ մաքային դրույքաչափերի բարձրացման եւ մարտահրավերների թեմայով քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ասաց, որ պետք է շատ ուշադիր լինեն, որ հայկական կողմի շահը չվնասվի. «Օրինակ, վարորդական խնդիրը մինչ օրս չի լուծվել: Չնայած ռուսական կողմը բազմիցս նշել է, որ այդ ուղղությամբ աշխատում են, բայց այսօր ունենք այն, որ ընդհուպ ուղղորդված հայ վարորդներին ՌԴ-ում կանգնեցնում են եւ զրկում են աշխատանքից: Ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, ԵՄ-ում կա նման խնդիր եւ ԵՄ անդամ երկրներն ունեն նման խնդիրներ: Սա խտրական մոտեցում է: Մենք պետք է փորձենք հարթել եւ այս պայմանագիրն օգտագործել ի նպաստ մեզ»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ պետք չի մոռանալ, որ մենք, ի տարբերություն մնացած երկրների, ավելի քիչ հնարավորություններ ունենք, որովհետեւ սահման չունենք: Խոսելով մաքսային դրույքաչափերի մասին՝ Վահագն Խաչատրյանն ասաց, որ բոլորս էլ գիտեինք, որ անդամակցելով ԵԱՏՄ-ին, մաքսային դրույքաչափերի էական բարձրացում է լինելու, ըստ նրա, անիմաստ սպասումներ են արթնացնում, թե կբանակցենք, դրույքաչափերը կփոխվեն եւ այլն, երբ ստորագրել ենք համաձայնագիրը: ՀՀ իշխանությունները ներկայացնում էին, թե ՀՀ-ին որոշ ապրանքատեսակների մասով արտոնություն են տվել, մինչդեռ դա ճիշտ տերմինը չէր, ոչ թե արտոնություն էր, այլ բացառություն. «Որոշ շրջանակներում խոսք է գնում, օրինակ, մեքենաների հետ կապված խնդրով, որ կբանակցենք, կփորձենք հետաձգել, ի՞նչ եք բանակցելու, ինչի՞ համար: Շատ բնական որոշում է ընդունվել, կառավարությունը փոխանակ այդպիսի քաղաքականություն վարեին, ժամանակ էր տրվել, որ ադապտացվեին մարդիկ, բայց մենք հակառակն ենք արել, մարդկանց տրամադրել ենք, որ սպասեք, հարցերը կլուծենք: Մարդիկ սպասում են»:
Վահագն Խաչատրյանը հորդորեց կառավարության անդամներին, որ ավելի պատասխանատու լինեն եւ ներկայացնեն իրական պատկերը:
Մանրամասները՝ շուտով տեսանյութերում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ