Լրահոս
Օրվա լրահոսը

Ինեսա Պետրոսյան. «Դավիթ Սանասարյանը երբ հրավիրվել էր ԱԱԾ որպես վկա, արդեն կար ուրվագծված որոշակի պլան»

Ապրիլ 30,2019 16:55

«Սա հակահեղափոխական հենք ունեցող տեղեկատվություն է եւ արվում է, որովհետեւ տեսնում են՝ կա ինձ վստահողների մեծ բանակ, որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց ոչինչ, ես անձամբ սովոր եմ այդ վիճակներին եւ ներողամտությամբ եմ վերաբերվում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց պետական վերահսկողական ծառայության (լիազորությունները կասեցված են) պետ Դավիթ Սանասարյանն՝ անդրադառնալով այն հայտարարություններին, թե կա տեսանյութ, որտեղ Սանասարյանը կաշառք է վերցնում: Սանասարյանն ասաց՝ այն լրատվամիջոցը, որը կներկայացնի այդ տեսանյութը, ինքն իր ձեռքը կկտրի հենց այդ լրատվամիջոցում:

Սանասարյանը հեմոդիալիզի գործով ներգրավված է որպես կասկածյալ:

Դատախազությունը հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացում չարաշահումների առնչությամբ քրեական գործ է հարուցել. Սանասարյանն այս առնչությամբ ասաց՝ ՊՎԾ-ի նպատակը եղել է գնումների մասին օրենքին համապատասխանեցնելը գործընթացը, իսկ դատախազությունն իր մեղադրանքի հիմքում մեծամասամբ դրել է իրենց տված տեղեկանքը:

Սանասարյանն ասաց, որ ամբողջ աշխարհում հեմոդիալիզի պարագաների հետ կապված մաֆիա գոյություն ունի. «Տարբեր երկրներում տարբեր ձեւով է: Մենք ասում ենք՝ գնումների մասին օրենքի մի շարք դրույթների խախտումով է եղել գնման գործընթացը, 2,5 անգամ թանկ գնով են ձեռք բերել է, գերշահույթ էին ստանում»: Ըստ Սանասարյանի՝ մենաշնորհ էր գործում, եւ դա որոշներին դուր չեկավ. «Տվյալ բժշկական կենտրոնում վերացավ մենաշնորհը: Անկախ նրանից, այս գործը ոնց կգնա, ես կարծում եմ՝ արդեն լուրջ արդյունք ունենք: Միայն մի մրցույթի դեպքում պետությունը 13 մլն դրամ շահել է, ավելի քիչ է վճարել»:

Դավիթ Սանասարյանը կասկած չունի, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը. «Եթե այլ կերպ գնա, բավականին լուրջ նոր պայքար է սկսելու նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքրելու պայքար է սկսվելու»:

Ասուլիսին ներկա Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ ասաց՝ Սանասարյանը որեւէ արարք չի կատարել, որի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել. «Եվս մեկ անգամ ասում եմ՝ սա շինծու մեղադրանք է եւ դա իրականացրեց ԱԱԾ քննչական դեպարտամենտը: Ամսի 9-ից սկսվեց այդ ամենը, երբ հրավիրվեց որպես վկա, բայց նրան լսում էին կասկածյալի իրավունքներով եւ արդեն կար ուրվագծված որոշակի պլան, որ պետք է տեղի ունենային այդ գործողությունները: Ամսի 12-ին ներկայացվեց կասկածանքը: Վարույթը իրականացնող մարմինը պետք է զերծ մնար եւ որեւէ մեղադրանք չառաջադրեր: Երբ մենք ներկայացրեցինք նաեւ գրավոր ապացույցներ, ամսի 17-ին փաստաթղթեր էինք ներկայացնում ու քննիչին միջնորդություններ էինք ներկայացնում, իսկ վարույթ իրականացնող մարմինը դրանք շպրտում է մի կողմ եւ ասում՝ դե լավ, միջնորդություն է, մենք կքննարկենք: Քննչական գործողությունները մի քանի ժամ տեւեցին, բայց դեռ 2 օր ժամանակ ունեին, որից հետո պարզ կլիներ, որ անհիմն է մեղադրանքը: Իրենք մեղադրանքն առաջադրեցին, իսկ հաջորդ օրը պատրաստ էր Սանասարյանին պաշտոնավարումը կասեցնելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930