Լրահոս
Օրվա լրահոսը

«7 տարուց հին մեքենաները թանկանում են սարսափելի». Դանիել Իոաննիսյան

Ապրիլ 30,2019 16:50

«ԵԱՏՄ նոր մոդելի հեռանկարները, դրույքաչափերն ու դրանից բխող մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում 1700 ապրանքատեսակների մասով դրույքաչափերն ավելի ցածր են, 6300 ապրանքատեսակների մասով դրույքաչափերն արդեն բարձրացել են, մոտ 700 առավել կարեւորություն ունեցող ապրանքատեսակների մասով մաքսատուրքերը պետք է բարձրանան առաջիկայում. «Ներմուծվող ապրանքների թանկացումը սպառողների համար անխուսափելի է լինելու: Օրինակ, 2020-ից 7 տարուց հին մեքենա ներկրելիս քաղաքացիները վճարելու են ներքին այրման շարժիչով մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի ամեն խորանարդ սանտիմետրի համար 1,6-2,2 եվրոյի չափ գումար՝ դրան գումարած բնօգտագործման վճարն ու ԱԱՀ-ն: Այս մաքսատուրքը մտնելու է ոչ թե ՀՀ-ի բյուջե, այլ՝ միության բյուջե ու դրանից Հայաստանը ստանալու է ընդամենը 1,22 տոկոսը: Այսինքն, սրանից անգամ չի կարելի ուրախանալ, որ բյուջետային մուտքերն են ավելանալու»:

Իոաննիսյանն ասաց, որ ավտոբուսների մաքսազերծումը նույնպես թանկանում է, սա նշանակում է, որ թանկանալու է հանրային տրանսպորտը: Այն գազելներով չի լինի այլեւս սպասարկել, իսկ «Բոգդանների» եւ մյուս ավտոբուսների մաքսազերծումը 10 տոկոսով բարձրանալու է:

Ավելի պատկերավոր ցույց տալու համար, թե կոնկրետ ավտոմեքենաների ներկրման մասով թանկացումը որքան է կազմելու՝ Իոաննիսյանն ասաց՝ 7 տարուց հին մեքենաները թանկանում են սարսափելի: 4 անգամ թանկանում են մինչեւ 7 տարվա մեքենաները, իսկ դրանից հինը՝ շատ. «Կարող է մարդիկ սկսեն ներմուծել ավելի նոր ու ցածրորակ մեքենաներ, ոչ թե հին ու լավ: Հիմա մարդիկ հզոր շարժիչով մեքենա չեն խորշում ներմուծել, արդեն կսկսեն փոքր շարժիչով մեքենա ներմուծել: Սա բնապահպանական առումով լավ է, բայց Հայաստանի պարագայում դրա էֆեկտը մեծ չի լինի, որովհետեւ բնական գազով են ՀՀ-ում վարում մեքենա հիմնականում»:

Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անել իշխող ուժը, «Իմ քայլը դաշինքը, պատրաստվո՞ւմ եք մի բան անել, որ փոքր-ինչ շահած դուրս գա Հայաստանը, ո՞նց անել, որ սպառողի վրա բեռը նվազագույնի հասցվի՝ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը պատասխանեց. «Տեղի է ունենալու մաքսատուրքերի բարձրացում ինչ-որ մասով, բայց մեկ այլ ոլորտում՝ ադամանդագործության, ոսկերչության մասով փոխհատուցվելու է: Այնպիսի ապրանքներ են թանկանալու, որ կարող է խթանի, որ տեղում մենք արտադրենք, օրինակ, հավի միսը»:

Նա ասաց, որ մեքենաների մասով անիմաստ է բանակցել, քանի որ ՀՀ-ն ստանձնել է այդ պարտավորությունը եւ հիմա չստացվի, որ խուսափում է: Փամբուխչյանը նշեց, որ գուցե մեկ այլ ապրանքատեսակ գտնեն՝ առաջին անհրաժեշտության ապրանք ու դրա հետ կապված ԵԱՏՄ-ում բանակցեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930