Երեւանում այսօր կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի փակ նիստում քննարկվել են տասներեք հարցեր եւ խնդիրներ, որոնց շուրջ ԵՏՄ անդամ-երկրների ղեկավարները համաձայնություն կամ պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա արձանագրեց, որ ԵՏՄ երկրների միջեւ ընդհանուր շուկաների ձեւավորման խնդիրները դեռեւս առկա են. «Աշխատում ենք բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ԵՏՄ երկրներում առեւտրի համար խոչընդոտներ չունենան: Արձանագրել ենք, որ այդ խնդրի լուծման համար ԵՏՄ երկրների վարչապետների քաղաքական կամքն է հարկավոր»:
Մյուս խնդիրը, ըստ Տիգրան Սարգսյանի, ազատ առեւտրի գոտիներում հայտնվող շաքարավազի եւ հետագայում դրանից արտադրվող սննդամթերքի՝ ԵՏՄ երկրների շուկաներ ներմուծումն է. «Սա խախտում է առեւտրի հավասար մրցակցային պայմանների սկզբունքը: Մեզ հաջողվեց այսօր համաձայնության գալ, եւ 2020թ.-ի հունվարի մեկից շաքարը կհայտնվի ցուցակում այն ապրանքների, որոնք չեն կարող հայտնվել ազատ տնտեսական գոտիներում»:
Տիգրան Սարգսյանը նաեւ հայտնեց, որ ԵՏՄ ղեկավարությունում այս պահին իրականացվում են Սինգապուրի, Հնդկաստանի, Իսրայելի եւ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի համաձայնագրի մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/597710313971184/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ