Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ տանիքի տակ բիզնես անողների մասին

Ապրիլ 30,2019 15:57

«Մենք հարկերի հավաքագրման բավականին լավ տենդենց ունենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Aravot.am-ը հարցրեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, հայտարարում էր, որ ՊԵԿ-ի տանիքի տակ միլիոններ են կուտակում, հիմա ՊԵԿ-ի տանիքի տակ էլ միլիոններ չե՞ն կուտակում, օրինակ, մամուլում հրապարակումներ եղան ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի փեսային պատկանող «Գուդ թայմի» բիզնեսի մասին: Անանյանը արձագանքեց, որ իրենք հերքել են դա, այդ բիզնեսը կապ չունի Մաշադյանի փեսայի հետ:

Մեր հարցին՝ այլեւս ՊԵԿ տանիքի տակ բիզնեսներ չե՞ն անում, միլիոններ չե՞ն կուտակում՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Եթե մենք ուզում ենք իրավական պետություն ստեղծենք, մենք պետք է գնանք հարկ վճարողների վարքագծի ուսումնասիրմանն ու նրանց ստուգմանը: Հարկ վճարողների առերեւույթ իրական շահառուների կամ նրանց բաժնետերերի վարքագիծը մենք ուսումնասիրելու ենք այն ժամանակ, երբ նախաքննությամբ կամ քննությամբ կպարզվի, որ տվյալ հարկ վճարողի այդպիսի վարքագիծը նրանց գործողությունների կամ անգործության արդյունք էր: Սա իրավական պետության կայացման անկյունաքարային հիմնադրույթն է»: Հավելեց. «Մենք իրականացնում ենք մեր գործառույթը՝ այս կամ այն հարկ վճարողի նկատմամբ իրականացնում ենք հարկային հսկողություն: Դրա արդյունքում կարող է բաժնետիրոջ նկատմամբ ինչ-որ բաներ պարզվեն, բայց դա քննությունն ու նախաքննությունն է պարզելու»:

Հարցին՝ իշխանափոխություն է եղել, դրանից հետո տեսնում ենք, որ նախկին պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց բիզնեսները հարկեր են թաքցրել, օրինակ, ճոպանուղու,  «Սպայկայի» գործերը, սա չի՞ նշանակում, որ այդ ամենը եղել է նախկին իշխանությունների հովանավորությամբ: Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ինչի՞ եք ուզում, որ հարկային վարչարարը քաղաքական հայտարարություններ անի, ոչ ցանկություն ունեմ, ոչ այդպիսի գործառույթ»: Նա ասաց, որ այդ գործերը քննվում են ու սա գրավական չի՞, որ գործ է արվում. «Քննությունը կպարզի՝ դա նախկինների՞ արածն է, թե՞ ոչ»:

Հարցին՝ ձեր տեսադաշտում նման աղմկահարույց բացահայտումներ, ինչպես «Սպայկայինն» էր, սպասվո՞ւմ են՝ Անանյանը պատասխանեց, որ իր համար դա չի աղմկահարույց բացահայտումը. «Կարող է աղմկահարույց բացահայտում լինի ստուգման ժամանակ հազար դրամի հայտնաբերումը: Սենսացիաներ պետք չի փնտրել այնտեղ, որտեղ բնականոն գործընթաց է»: Հարցին՝ սպասե՞նք նման խոշորածավալ բացահայտումների՝ Անանյանը կեսկատակ, կեսլուրջ պատասխանեց. «Սպասեք: Հույսը վերջինն է մահանում, հուսատերը՝ նախավերջինը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930