Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության տեսակետն Արցախի հարցում պետք է լինի պարզ եւ հստակ». ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Ապրիլ 30,2019 15:43

«Ժողովուրդը այդ հարցի պատասխանը տվել է: Վարչապետի հայտարարությունը խուսափողական է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Լրագրողները հետաքրքրվել էին Արցախի հարցի կարգավորման մասին Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությամբ: Հիշեցնենք, տնտեսագիտական համալսարանում, նա հայտարարեց, որ ժողովուրդը Արցախի հարցի կարգավորման իր տեսլականը պետք է ձեւավորի եւ այն ներկայացնի իշխանությանը, որպեսզի այդ հարցով որեւէ բանակցող իշխանավոր հստակ իմանա, թե ինչի՞ շուրջ պետք է բանակցի:

Aravot.am-ը հետաքրքրվեց`արդյոք Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը նշանակում է, որ օրակարգում է հանրաքվե անցկացնելու հարցը, որը «մադրիդյան սկզբունքներում» ներառված էր եւ քննադատության արժանացավ: Իշխան Սաղաթելյանն ասաց՝ գուշակություններ չի ցանկանում անել. «Իշխանության տեսակետն Արցախի հարցում պետք է լինի պարզ եւ հստակ»: Մյուս հարցին`ինչո՞ւ գործող իշխանությունը իր տեսլականը Արցախի հարցի լուծման մասով հստակ չի ձեւակերպում, բանախոսը պատասխանեց`այդ հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Իշխան Սաղաթելյանի` գործող իշխանությանը գործունեության գնահատականն էլ այսպիսին է. «Մեր ժողովուրդն այս իշխանությանը տվել է բարձր վստահության քվե, ունի մեծ ակնկալիքներ եւ այսօր այդ ակնկալիքներն ու սպասելիքները չեն արդարանում: Դրա համար մենք քննադատում ենք եւ դրա իրավունքը ունենք»: Ասում է`անցնող մեկ տարվա ընթացքում իշխանության հայտարարությունները եղել են լոզունգային, ոչ միայն համակարգային բարեփոխումների հիմքեր չեն դրվել, այդ դրա պատկերացումն անգամ իշխանությունում չունեն: Նա նորմալ չի համարում, երբ այս իշխանության գործունեության որոշ դրվագներ  փորձ է արվում արդարացնել`նախորդ իշխանության հետ համեմատականներով:

Այլ մանրամասները` տեսանյութում

Հայ-ռուսական հարաբերությունների մասով էլ, ՀՅԴ-ական գործիչը արձանագրում է`անվստահություն կա: Հիշեցնում է, որ օրերս, ռուսական մամուլին տված իր հարցազրույցներից մեկում նաեւ Նիկոլ Փաշինյանն էր փաստել, որ իր թիմի շատ ներկայացուցիչների նկատմամբ անվստահություն կա ռուսական քաղաքական շրջանակներում`կապված նրանց նախկին գործունեության հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930