Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք պատրաս՞տ եք կրել քաղաքական պատասխանատվությունը, եթե բյուջեն մեծ կորուստներ կրի». Նոր Հարկային օրենսգրքի քննարկումը՝ ԱԺ-ում

Ապրիլ 30,2019 15:33

«Ինչպես աջակցել արտահանողներին հարկային գործիքներով: Բոլորս գիտենք, որ հարկային գործիքներով աջակցության հնարավորությունները սահմանափակ են, հիմնական ուղղությունը պետք է լինի ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը: Այդպես էլ առաջարկվում է այս նախագծով»,- այսօր ԱԺ-ում հրավիրված Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նա ներկայացրեց հիմնական փոփոխությունները, ըստ որոնց առաջարկվում է եկամտահարկի համահարթ դրույքաչափ՝ սկսելով 23 տոկոսից, յուրաքանչյուր տարի նվազեցնելով մեկական տոկոսով՝ հասցնելով 20-ի:

ԱԱՀ եւ ակցիզային հարկերից խոսելով՝ նա ասաց, որ ձեռնպահ են մնալու ԱԱՀ դրույքաչափի հետագա բարձրացումից, որովհետեւ յուրաքանչյուր տոկոսային կետի բարձրացում հանգեցնելու է աղքատության խորացմանը: Հարկային եկամուտների կորստի մի մասը որոշում կայացվեց լրացնել ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հաշվին: Ընդհանուր բացասական ազդեցությունը տարեկան շուրջ 16 մլրդ դրամ է. «Հիմնականում 20 կետեր են առանձնացված, առաջինը՝ ԱԱՀ շեմի վերականգնումն է, շեմը 58,35 մլն դրամ է հիմա Հարկային օրենսգրքով, բայց հայտարարվեց, որ կառավարության մակարդակում կա որոշում շեմը վերականգնել 115 մլն-ի շրջանակում: Ընդ որում, նախագիծը նախատեսում է հետադարձ ուժ»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ինքը երբ առաջարկում էր շեմը 115 մլն դարձնել, կառավարությունը մերժում էր, հիմա ո՞նց եկան իր ասածին:

Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ճիշտ է, երկու անգամ Մելքումյանի առաջարկը մերժել են, ընդ որում, մեկ անգամ մերժողների մեջ է եղել նաեւ ինքը, բայց մոտեցումները այս փոփոխության եւ իր առաջարկի համադրելի չեն. «Եթե այդ փոփոխությունը փաթեթում ներառված այլ գործիքակազմի հետ չի համադրվում, իհարկե, պետք է մերժվեր: Մենք հիմա ասում ենք, որ 115 մլն-ի շեմի վերականգնումը ճիշտ է, բայց հաշվեկշռում ենք դրա անբարենպաստ հետեւանքները»:

Փոխնախարար Պողոսյանին հարցրեցին՝ շահութահարկի դրույքաչափի իջեցումը վերաբերելու է թե արտահանող, թե՛ ներմուծող ընկերություններին, քննարկվե՞լ է տարբերակ, որ շեմն իջեցվի միայն արտահանման որոշակի ծավալ ունեցող ընկերությունների համար: Պողոսյանը պատասխանեց. «Մենք պետք է զգուշավորություն դրսեւորենք, որովհետեւ սա կարող է որակվել որպես ոչ բարեխիղճ վարքագիծ՝ արտաքին առեւտուր իրականացնող ընկերությունների նկատմամբ:

«Քաղաքական դիսկուրսից» Վահրամ Սողոմոնյանը փոխնախարարին հարցրեց. «Ձեր ասած տրամաբանական շղթայում կա սխալ: Ասում եք, որ մենք ունենք աշխատավարձի պրոգրեսիա, այն չի աշխատում, իրավիճակն եք նկարագրում եւ դրանից բխեցնում եք համահարթեցումը: Սա նման է մոտավորապես նրան, որ մարդիկ կարմիր լույսի տակով անցնում են, չեք կարողանում արգելել, օրինականացնում եք կարմիր լույսի տակով անցնելը: Ձեր մոտեցումը չի աշխատում: Արձանագրվեց, որ եկամտահարկը բոլոր երկրներում միակ պրոգրեսիվ էլեմենտն է հարկային համակարգի հետ, եթե դա հանում ենք, ռեգրես է լինում: Վրաստանի օրինակը կա, իրենց եկամուտների կորուստը չե՞ք կարծում, որ եկամտահարկի կորստի հետ էր կապված: Ինչո՞ւ հաշվի չեք առնում անցյալ տարվա վերլուծությունը, այս դահլիճում նստած շատ նախկին պատգամավորներ եղել են ներկրողների լոբբիստներ, կոռուպցիոն էլեմենտներ են եղել, անալիզ արե՞լ եք դա»:

Փոխնախարարը պատասխանեց, որ հետեւողական գիծ ունեն իրենք ու ունեն հիմնավորումներ: Սողոմոնյանը հակադարձեց. «Դուք պատրաս՞տ եք կրել քաղաքական պատասխանատվությունը, եթե ոչ միայն այս տարի, հաջորդ տարի բյուջեն մեծ կորուստներ կրի, Հայաստանը անկայունության փուլի մեջ ընկնի, դուք գնաք ԱՄՀ կամ մյուս դոնորների հետ բանակցությունների, ՀՀ-ն ստիպված լինի բարձրացնել հարկերը»: Փոխնախարարը պատասխանեց. «Իհարկե, կրում ենք այդ պատասխանատվությունը եւ գնում ենք գիտակցված գործողությունների: Ցավում եմ, որ կարող է տպավորություն լինել, որ մի ամբողջ կառավարությունը կարող է չգնահատել իր քայլերի հետեւանքները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930