ԵՏՄ-ի գոյության հինգ տարիների գլխավոր արդյունքն այն է, որ ինտեգրման ծրագիրն, ընդհանուր առմամբ, կայացած է. այն աշխատում է եւ զարգացնում բոլոր հինգ երկրների շուկաները: Այս մասին այսօր Երեւանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նրա բնորոշմամբ՝ ԵՏՄ անդամ-երկրների շուկաների զարգացման ցուցանիշներն առկա են. «Տնտեսվարողների համար նոր հնարավորություններ են ի հայտ գալիս: Կարեւոր է, որպեսզի ինտեգրացիոն գործընթացի արդյունքում ԵՏՄ-անդամ երկրների տնտեսություններն իրենց ավելի վստահ զգան, իսկ քաղաքացիներն իրենց օրինակով զգան ինտեգրացիոն գործընթացի արդյունքը»,-համոզմունք հայտնեց Դմիտրի Մեդվեդեւը:
Նա շեշտեց՝ չնայած ձեռքբերումներին, ապագայում անհրաժեշտ է ջանքեր գործադրել որոշակի նպատակների հասնելու համար. «Պետք է աշխատել թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, ինչը կարեւոր է ԵՏՄ երկրների տնտեսությունները մրցունակ դարձնելու համար: Այս նպատակով արդեն ճանապարհային քարտեզ ենք մշակել, թիրախում թվային առեւտրի զարգացումն է»:
Մյուս խնդիրը, ըստ Դմիտրի Մեդվեդեւի, ԵՏՄ անդամ-երկրների շուկաներում որակյալ սննդամթերք վաճառելն է. «Խոսքը սպառողների անվտանգության մասին է»:
ՌԴ կառավարության ղեկավարը կարեւորեց նաեւ ԵՏՄ երկրներում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Կարդացեք նաև
Մեդվեդեւը նաեւ հայտնեց, որ ԵՏՄ երկրների կառավարությունն ու կենտրոնական բանկերը մշակում են ծրագիր՝ առաջիկայում ԵՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման ուղղությամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ