Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք և իշխանություն ձևավորելու հանձնառություն. հայտարարություն

Ապրիլ 30,2019 13:40

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԻ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեհամակարգին, համահայկական կառույցի զորակցությամբ, հետամուտ է Հայրենիքի հզորացմանը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների խորացմանը` համոզումով, որ միայն հանրային և համազգային համերաշխության պայմաններում է երկիրն ունակ դիմագրավել ներազգային եւ արտաքին մարտահրավերները:

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Ժողովն արձանագրում է.

  1. 2018 թ. ժողովրդային շարժումով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է բազմաթիվ մարտահրավերների և անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ:
  2. Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է և չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը։
  3. Ազգային, ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը, ինչպես նաև ներազգային անհանդուրժողականության մթնոլորտը սպառնում են ազգային անվտանգությանը և միասնականությանը:
  4. Զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայության, անկանխատեսելի արտաքին քաղաքականության, ուղղորդվող արդարադատության, իշխանությունների որդեգրած գործելաոճի, կառավարման որակների, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետևանքով զգալի է հանրային լավատեսության անկման միտումը:

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը հաստատում է.

  1. ՀՅ Դաշնակցությունը՝ համահայկական կառույցի իր ամբողջ ներուժով, շարունակելու է գործել «Զարգանալ` չզիջելով» ռազմավարական նպատակադրումով:
  2. Հավատարիմ կուսակցության սոցիալիստական գաղափարախոսությանը` Դաշնակցությունը հետամուտ է լինելու հանրային համերաշխության և ընկերային արդարության հաստատման հրամայականին:
  3. Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` Դաշնակցությունը շարունակելու է լուսարձակի տակ պահել կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հանդես գալով որպես աշխատավորության, միջին խավի և սոցիալապես խոցելի խմբերի պաշտպան` հետևողականորեն պահանջելով կառավարությունից` Հայաստանում ապահովել սոցիալական պետության սահմանադրական պահանջի իրականացումը։
  4. Դաշնակցությունը ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք և իշխանություն ձևավորելու հանձնառություն՝ ի խնդիր ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական լիակատար պետության կայացման:

 

30.04.2019թ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930