ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես էր եկել հայտարարությամբ. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ։ Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա եւ բոլոր հարցերը կդնի իր տեղը»։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանի հետ:
-Պարոն Ատոմյան, ՀՅԴ-ն կարծես թե փորձելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար առաջիկայում լուրջ խնդիրներ հարուցել ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական առումով, քանի որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը սահմանադրական է ճանաչել 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Որքանո՞վ է իրատեսական ՀՅԴ-ի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունները հոկտեմբերի 2-ին սահմանադրական կարգը տապալելով են իշխանության եկել։
–Ես կարծում եմ, որ Արմեն Ռուստամյանը սխալ հայտարարություն է արել։ Ինչո՞վ է նա հիմնավորում, որ մենք իշխանության ենք եկել սահմանադրական կարգը տապալելով։ Նիկոլ Փաշինյանը որեւէ սահմանադրական կարգ չի տապալել, իշխանության գալով՝ ժողովուրդը խաղաղ ցույցեր էր անում, իր բողոքի միջոցով իր կամքն էր արտահայտում։ Հոկտեմբերի 2-ին ժողովուրդը հավաքվել էր եւ պահանջում էր իրականացնել հեղափոխության շարունակությունը, այսինքն՝ այն խորհրդարանը, որը կար, դա չէր արտահայտում ժողովրդի կամքը, ինչի համար էլ այդ օրը ժողովուրդը հավաքվել էր: Ու ժողովուրդի արածը հայտարարել սահմանադրական կարգի տապալում, կարծում եմ, առնվազն իրատեսական չէ, ԱԺ-ն այդ ժամանակ լեգիտիմ չէր, քանի որ ընտրված չէր ժողովրդի կողմից, դա շատ պարզ ու իրականության հետ աղերս ունեցող փաստ է։ Հեղափոխությունը լիակատար լինելու համար որոշվեց, որ պետք է Ազգային ժողովը ցրվի։ Իսկ հոկտեմբերի 2-ին էլ ՀՀԿ-ականներն իրենց սովոր ձեւերով փորձում էին պատնեշ ստեղծել, ինչ-որ նախագծեր էին փորձում անցկացնել, այդպիսով երկարաձգել իրենց իշխանությունը, սակայն դա իրենց մոտ չստացվեց։
Կարդացեք նաև
–Տեսակետ կա, որ առաջիկայում կլինեն մեծ թվով նախկին պատգամավորներ, որոնք ցուցմունք կտան, որ իրականում սպառնալիքների եւ ճնշման տակ են գնացել այդ քայլին։ Ի դեպ, Ռուստամյանն էլ ասել է, որ այդ ամենը կատարվել է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով։
–Որեւէ ձեւով պատգամավորների վրա ճնշում չի գործադրվել, որեւէ կոչեր չի հնչել այդ ժամանակ, որ ասենք՝ եթե չքվեարկեք, մենք ինչ-որ հաշվեհարդար կտեսնենք, կամ ինչ-որ այլ սպառնալիքներ։ Իրենք ուղղակի իրենց ազատ կամքն են արտահայտել, որեւէ ձեւի ճնշում չի գործադրվել, իրենք էլ քվեարկել են իրենց խղճի մտոք, իրենց խղճի ներքո։ Իսկ ճնշումն այն է, որ որեւէ հաշվեհարդար փորձեն տեսնել մարդու նկատմամբ, ասենք՝ հայտարարեինք՝ տեսե՛ք, եթե դուք չքվեարկեք, այսպես կլինի կամ այնպես կլինի, նման հայտարարություն, կոչ չի եղել, չի հնչել, վստա՛հ եղեք։ Խաղաղ ցույցի միջոցով մարդիկ իրենց կամքն են արտահայտել։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում