Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջանջուղազյանը շփոթել է». ՊԵԿ նախագահը սրբագրում է նախարարի աղմկահարույց խոսքը, որ 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել

Ապրիլ 30,2019 13:30

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Գագիկ Ծառուկյանի հետ կապված բիզնեսների, նրա ընկերություններում ստուգումների մասին, ասաց. «Ակտիվ հարկ վճարողները, որոնք հարկային համակարգում են, շուրջ 85-90 հազար են, եթե կարծում եք, որ այդ բոլորին ես անգիր գիտեմ, շնորհակալություն եմ հայտնում, բայց այդպիսի մեծ ակնկալիքներ մի ունեցեք իմ հիշողությունից»: Նա ասաց, որ խոշոր հարկ վճարողները նույնպես հազարից ավելի են ու էլի այնքան հիշողություն չունի, որ հիշի: Դավիթ Անանյանը վստահեցրեց, որ Ծառուկյանի հետ անհատական շփումներ չունի:

Հարցին՝ միտումներ կա՞ն, որ հենց Ծառուկյանին պատկանող ընկերությունում եք ստուգումներ անում, Անանյանը պատասխանեց, որ լսում են, հարգում են իր այդ տեսակետը, բայց չեն կիսում. «Անձը կարող է ունենալ իր տեսակետը այս կամ այն իրավիճակի վերաբերյալ»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում հայտարարել էր՝ իրենց գնահատումներով՝ 2018թ. Հայաստանում 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել, քան պիտի հավաքվեր։ Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար ու հարց է առաջանում, թե ո՞ւր է այդ գումարը: Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Դավիթ Անանյանն ասաց. «Եկեք փոքր մասնագիտական էքսկուրս անենք ու պարզենք, թե ինչ է փորձել ասել ֆինանսների նախարարը: Կա հարկային ծախս հասկացություն եւ հարկային պոտենցիալ հասկացություն: Հարկային ծախսը այն գումարն է, որ հարկային օրենսդրությամբ տրված արտոնությունների պատճառով չի հավաքագրվում, թերի է հավաքագրվում, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում ունենալով արտոնություն՝ այդքան հարկ չի հավաքագրվում: Այդ գումարի չափով է գնահատվում հարկային ծախս՝ 442 մլրդ: Հավանաբար խոսքը դրա մասին է եւ պարոն Ջանջուղազյանը հարկային ծախս եւ հարկային պոտենցիալ հասկացությունները շփոթել է»:

Հարցին՝ այսինքն, գումար չի՞ կորել՝ ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Գումար կորել է, բայց գիտե՞ք երբ է կորում այդ գումարը, երբ օրենքով արտոնում ես ինչ-որ ոլորտ: Օրինակ, առողջապահության ոլորտը արտոնված է ԱԱՀ-ից, այդ արտոնության չափը գնահատվում է 25-30 մլրդ»:

Մեր հարցին՝ դուք հերքո՞ւմ եք այն թեզը, որ ստվերային ահռելի միջոցներ շրջանցում են պետբյուջեն՝ Անանյանը պատասխանեց. «Ես ոչ թե հերքում եմ, ես ասում եմ հետեւյալը՝ կա հարկային ստվեր: Հարկային ստվերի գնահատման տարբեր մեթոդաբանություններ կան, մենք էլ մեր մեթոդաբանությունն ենք մշակում, բայց 460, 440 այդպիսի հարկային ստվեր կամ հարկային պոտենցիալ գոյություն չունի»:

Հարցին՝ պարոն Ջանջուղազյանը ո՞նց կարող է շփոթել նման մասնագիտական տերմինի հարցում՝ Անանյանը պատասխանեց. «Եթե դուք ուշադիր էիք, հետո պարոն Ջանջուղազյանը փորձեց ասել, որ դա հարկային վարչարարության ետ չի կապված, օրենսդրության հետ է կապված, նորմալ է, տեսեք: Դա այնքան հասարակ ու պարզ բան է, որ, օրինակ, իմ տեղակալը, որ ներկա է եղել այնտեղ, էթիկայի կանոններից ելնելով չի փորձել ուղղել պարոն Ջանջուղազյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930