ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին: Հանդիպում-քննարկման նպատակն էր` միասնական օրակարգ ձեւավորել` Արցախում մարդու իրավունքներին առնչվող հարցերը միջազգային կառույցներում հայաստանցի պատգամավորների օգնությամբ բարձրացնելու համար: Դիմելով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, Արցախի ՄԻՊ-ն ասաց`տեղյակ է, որ բազմաթիվ հարցեր կան, որոնցով տիկին Զոհրաբյանն արդեն զբաղվում է` նաեւ Արցախի խորհրդարանականների հետ համագործակցված: Խոսքը վերաբերում է կրթական կոնվենցիային: Հիշեցնենք, որ 1960-ին ընդունված կոնվենցիան վավերացրել է նաեւ Ադրբեջանը: Այդ կոնվենցիայի համաձայն, երկրի չճանաչված լինելը պատճառ չէ, որ մարդիկ կրթական իրավունքից չօգտվեն: Նաեւ առողջապահական ծառայությունների մասով խնդիրներ կան, նաեւ`ադրբեջանական դասագրքերի:
Արտակ Բեգլարյանը, օրինակ, խնդիր է համարում Արցախի քաղհասարակության կարողությունների եւ ռեսուրսների հարցը, քանի որ Արցախը`չճանաչված լինելու պատճառով, մեկուսացած է մնում, ինչը բացասական է ազդում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վրա: Թեեւ ՀՀ-ի եւ Արցախի մի շարք կառույցների միջեւ կա համագործակցություն եւ շատ խնդիրների այս խողովակով, փորձ է արվում լուծել, սակայն, արդյունքը իր համար գոհացուցիչ չէ: Արտակ Բեգլարյանը չի տեսնում հայաստանյան քաղհասարակության ինստիտուտների շահագրգռությունները արցախյան քաղհասարակության կառույցների հետ ակտիվ աշխատելու: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ևս չեն աշխատում Արցախում, թեեւ դրանք քաղաքական կառույցներ չեն:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով Արցախում` Ադրբեջանի կողմից արվող քայլերին, Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ միտում կա Ադրբեջանի կողմից, Արցախում միջազգային ներդրողների նկատմամբ քաղաքական եւ իրավական ճնշումներ գործադրելու: Նման դեպքեր եղել են չեխական, իտալական, ռուսական ընկերությունների հետ: Նաեւ հայազգի Վարդան Սրմաքեշի հայտնի դեպքը, երբ ադրբեջանական իշխանությունները նրա նկատմամբ քրեական հետախուզում սկսելու մասին են հայտարարել: Արտակ Բեգլարյանը գտնում է, որ այս ամենը խանգարում է Արցախում իրավունքների պաշտպանության եւ զարգացման հարցերում: «Ձեր հանձնաժողովն այս մասով անելիք ունի`միջազգային ատյաններում սրանք ներկայացնելու»,- ասաց նա` հավելելով, որ Ադրբեջանի վարքով եւ Արցախի չճանաչվածությամբ պայմանավորված բոլոր խնդիրները գույքագրվում են եւ կներկայացվեն ամբողջական փաթեթով, որպեսզի միջազգային հարթակներում հայաստանցի պատգամավորները կարողանան ներկայացնել դրանք:
Արտակ Բեգլարյանը կարծում է, որ պետք է քննարկել նաեւ, թե ի՞նչ իրավական տարբերակներ կան շատ հարցերի կանոնակարգման համար: Օրինակ, Ստեփանակերտի օդանավակայանի դեպքը վկայակոչելով, նա հայտարարում է, որ խախտվում է տեղի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը: Նույնը`Սարսանգի ջրամբարի մասով: Արտակ Բեգլարյանը նկատում է, որ Ադրբեջանը խնդիրը խեղաթյուրված է ներկայացնում եւ անընդհատ խոսում է այդ մասին, բայց իրականում իրենք տիրապետում են ջրանցքի այն հատվածին, որտեղից պետք է ջուր տրամադրվի գյուղատնտեսական նպատակով: Ադրբեջանը չի ցանկանում համագործակցել եւ ջրամբարի այդ հատվածը բացել, ինչի արդյունքում եւ իրենց եւ մեր գյուղացիներն են տուժում:
«Մեր ժողովրդավարությունն ամրապնդենք ինքներս մեզ համար, իսկ դրա համար ուժեղ եւ կայացած, քաղհասարակությունը պարտադիր պայմաններից մեկն է: Բոլորն էլ գիտեն, միջազգային կառույցներն էլ քանիցս արձանագրել են, որ Արցախում ժողովրդավարությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան Ադրբեջանում»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց, որ 2007-ից ԵԽ-ն բանաձեւ է ընդունել` կոչ անելով եվրոպական բոլոր ինստիտուտներին` կապեր հաստատել չճանաչված պետությունների քաղհասարակությունների հետ եւ սկսել աշխատել: Ինքը 2008-ից դիմում է ԵԽ հարեւանության եւ մարդու իրավունքների բոլոր հանձնակատարներին` ինչո՞ւ չեն կատարում իրենց իսկ ընդունած բանաձեւը: Բոլորի պատասխան նամակներն ունի, որ ինքը ճիշտ է, բայց սայլը տեղից չի շարժվում: Բայց որ մեր միջազգային օրակարգը պետք է լինի հետամուտ լինել այդ եւ մնացյալ հարցերում`այլընտրանք չի տեսնում: Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց ադրբեջանական դասագրքերից հայատյացության մի օրինակ, որն ինքը նաեւ միջազգային կառույցներում է ներկայացրել: 6-րդ դասարանի անատոմիայի դասագրքում հարց կա`ո՞ր դեպքում է հղի ադրբեջանուհու սրտի զարկերը հասնում 160-ի: Պատասխանն այսպիսին է. «Երբ հղի ադրբեջանուհին, Ղարաբաղի լեռներով փախչում է մարդասպան հայից»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ