Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձավոր Արեւելքում հայկական գործոնը կրկին խաղարկվում է

Ապրիլ 30,2019 22:00

Ապրիլի 24-ին ընդառաջ եւ դրանից անմիջապես հետո մենք ականատեսն ենք Մերձավոր Արեւելքում հայկական գործոնի նոր խաղարկմանը։ Որո՞նք են այստեղ մեր հնարավորությունները եւ սպառնալիքները։ Այս հարցի պատասխանը բավականին բարդ է, քանզի այդպես էլ Հայաստանի Հանրապետության մերձավորարեւելյան քաղաքականության հիմնական ուրվագծերը գոնե պաշտոնական մակարդակում մնում են անհստակ։

Այս տարի, Հայոց Ցեղասպանության սկզբի 104-րդ տարելիցին, Հայաստան-Թուրքիա դիվանագիտական փոխհրաձգությունն աննախադեպ թեժ էր, քան առնվազն վերջին տասնամյակում։ Անկարան հասավ, ավելի ճիշտ՝ իջավ այն աստիճանի, որ ոչ միայն ժխտեց պետականորեն պլանավորված եւ կազմակերպված ցեղասպանությունը, այն անվանելով «ընդամենը» տեղահանություն, այլեւ Էրդողանը դա անվանեց որպես «այդ ժամանակ միակ խելամիտ որոշում»։

Ավելին, Թուրքիան իր խիստ դժգոհությունն արտահայտեց ԱՄՆ նախագահ Թրամփի ապրիլքսանչորսյան՝ զգուշավոր ուղերձի վերաբերյալ, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի որոշումը Ֆրանսիայում ապրիլի 24-ը պետականորեն նշել որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր՝ ուղղակի կատաղեցրեց պաշտոնական Անկարային։

Այս ամենը, ավել կամ պակաս, բայց ամեն տարի կրկնվում էր, եւ այս տարին էլ կարելի էր այդ իմաստով սովորական համարել, եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք, որի մասին առաջինը հայտնեցին քրդական լրատվամիջոցներն, այնուհետեւ դա հաստատեց Ամերիկայի Ձայնը։ Խոսքը ԱՄՆ կողմից հովանավորվող, բազմազգ, բայցեւայնպես քրդական հրամանատարությամբ գործող Սիրիական ժողովրդական ուժերի կազմում Հայկական բրիգադի կազմավորման մասին է, դա տեղի ունեցավ ս.գթ. ապրիլի 24-ին։

«Մենք կգնանք մեր նահատակների ուղիով եւ կդիմադրենք այնքան, մինչեւ Սիրիայի հյուսիսի եւ արեւելքի բոլոր էթնիկ բաղկացուցիչները չդառնան ազատ, եւ կկառուցենք ապակենտրոնացված Սիրիա», – հանդիսավոր արարողությանն ապրիլի 24-ին, ըստ Ամերիկայի Ձայնի, հայտարարել է նոր հայկական ուժերի հրամանատար Մասիս Մութանյանը, հավելելով. «Ժամանակն է եկել ձեւավորելու իսկական հայկական ռազմական ուժ Սիրիայում»։

Ինչպես հայտնի է, Սիրիայի ժողովրդավարական ուժերը (ՍԺՈՒ, SDF), օգտվելով ԱՄՆ հովանավորությունից, վճռորոշ դերը խաղացին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ջախջախման գործում ցամաքում, զրկելով նրանց վերահսկվող որեւէ տարածքից, իսկ օդից, նաեւ՝ լոգիստիկ առումով, նրանց սատարում էին ԱՄՆ-ի օդուժը եւ խորհրդականները։

ԱՄՆ նախագահ Թրամփը դեկտեմբերին հայտարարեց, որ դուրս է բերելու զորքերը Սիրիայից, քանզի նրանք լուծել են գլխավոր խնդիրը՝ ԻՊ-ի ահաբեկչական կազմակերպությունը ջախջախված է, սակայն օրեր անց, ըստ էության, ի հայտ եկան նման որոշման հնարավոր աղետալի հետեւանքները, եթե դա իրականություն դառնա, քանզի SDF-ը, որը վերահսկում է Սիրիայի տարածքի մեկ երրորդը, անմիջապես կհայտնվեր մի-քանի ուժերի հետ միաժամանակյա բախման կիզակետում։ Առաջին հերթին, դա Թուրքիան է, որը SDF-ին համարում է «ահաբեկիչներ» եւ Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական մասնաճյուղ եւ թուրքական պետականության լրջագույն վտանգ։ Բացի դրանից, ցանկացած քրդական «ինքնագործունեություն» առնվազն նյարդայնացնում է Իրանին։ Եվ հետո, քուրդ-արաբական հակամարտությունը շարունակում է մնալ մերձավորարեւելյան քաղաքականության կարեւոր գործոններից մեկը, մանավանդ, երբ քրդական ուժերը հասցրել են, ըստ մամուլի, մեծ դժգոհություն առաջացնել արաբական շրջաններում, որոնք այժմ նրանք վերահսկում են։ Այսինքն, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումն այնտեղից հանգեցնելու էր մեծ արյունահեղության եւ քաոսի։ Բացի դրանից, ԱՄՆ-ին դուրս բերելը տարածաշրջանից՝ դա այն է, ինչին համատեղ ջանքերով ձգտել եւ ձգտում է Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունին։

Այժմ, ինչպես տեսնում ենք, Վաշինգթոնը ձգտում է թույլ չտալ, որպեսզի Սիրիայի ճակատագիրը որոշվի այդ եռանկյունու պայմանավորվածությունների արդյունքում եւ դա վերածվի «Սիրիական ժառանգություն» ՍՊԸ-ի, որտեղ կողմերն իրենց մասնաբաժինն ապահովեն, դուրս թողնելով արտատարածաշրջանային ուժերին, ինչպես նաեւ՝ ջանքերն ուղղել Իսրայելի դեմ, ինչի հետ կապված գոնե Անկարայում եւ Թեհրանում դա չեն թաքցնում։ Եվ Թրամփի կողմից Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելն, ըստ էության, նաեւ այս համատեքստն է պարունակում, եթե հաշվի առնենք, որ Ասադի ռեժիմը տասնամյակներով եղել է Իսրայելի անհաշտ թշնամին։

Եվ ուրեմն, ինչո՞ւ հիմա անհրաժեշտ եղավ ձեւավորել Հայկական բրիգադը SDF-ի կազմում, դրան հաղորդելով ապրիլի 24-ի խորհուրդը, պարզ գիտակցելով Անկարայի արձագանքը, որը երկար սպասել չտվեց. թուրքական կառավարամետ ԶԼՄ-ները հայկական ուժերին նույնպես դասեցին «ահաբեկչական կազմակերպությունների» շարքին։ Ինչո՞ւ հիմա, ի՞նչ կարող է սրան հետեւել եւ ի՞նչ դիրքորոշում կարող է եւ պետք է որդեգրի Հայաստանն այս ամենի հետ կապված։

Նախ, Ամերիկայի Ձայնին «Նոր ամերիկյան անվտանգություն» Կենտրոնից Սիրիայի հարցերով փորձագետ Նիքոլաս Հերասը բաց տեքստով ասում է, որ սա ազդակ է Ասադին, որը հղում է SDF-ը. «Մոբիլիզացնելով հայկական բրիգադը, SDF-ը հայտարարում է Ասադին, որ այն այստեղ է, որպեսզի այստեղ էլ մնա, եւ Սիրիայի ամենախոցելի համայնքներից մեկն ընդունում է այդ փաստը, միանալով SDF-ին»։ Ապա ամերիկացի փորձագետը հավելում է, որ «սիրիացի հայերը խոցելի հանրույթի մի մասն են, որոնք պաշտպանում են ստատուս-քվոն, ինչը պատերազմի մեծ մասի ընթացքում նշանակել է գնալ Ասադի հետ»։

Եվ ուրեմն, առաջին հարթությունն է՝ ազդակ Ասադին։ Սակայն, այդ ազդակի միակ հասցեատերն Ասադը չէ, երկրորդ հասցեատերն, իհարկե, Թուրքիան է, որն արդեն ընդունեց այդ ազդակը, եւ Էրդողանի այդ գերնյարդային արձագանքն իր աննախադեպ եւ անընդունելի շեշտադրումներով դառնում է բացատրելի։

Իսկ երրորդ հասցեատերն, անշուշտ, Ռուսաստանն է։ Նախ, գոնե քարոզչական դաշտում ի ցույց է դրվում, որ ի պատասխան Մոսկվայի հաջողված ջանքերի՝ ներքաշել հայերին Սիրիական պատերազմին ցանկացած ձեւով, ինչի դրսեւորումն էր Հայաստանի հումանիտար առաքելությունն Ասադի եւ ռուսների կողմից վերահսկվող Հալեպում, որտեղ դեռ հայեր են մնացել, եւ պարոն Շոյգուի «շնորհակալությունը», նաեւ կան հայեր, որոնք ռուսական պրոտեժե Ասադի հետ չեն եւ չեն պատրաստվում լինել։ Գոնե հայ հրամանատարի խոսքը, որը մեջբերում է Ամերիկայի Ձայնը՝ դրա վկայությունն է։ Բացի դրանից, ԱՄՆ-ը իր փաստարկներն ամրապնդում է երկու ավիակիր-ռազմածովային զորախմբի ծավալմամբ Միջերկրական ծովում, որը Մոսկվայում ԱՄՆ դեսպան Հանթսմանն անվանեց «հարյուր հազար տոննա միջազգային դիվանագիտություն», եւ ռուսները դրան հակադրելու եւ ոչինչ չունեն։

Այսինքն, որքան էլ որ հայերը ձգտում էին պահպանել չեզոքությունը քաղաքացիական պատերազմում, այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, դա չի ստացվում, գոնե միջազգային հանրության ընկալումներում, ավելին, Հայկական բրիգադի ձեւավորմամբ այսուհետ կընկալվեն որպես զինված հակամարտության ակտիվ կողմ։

Հասկանալի է, որ հայկական համայնքները Հալեպում, Դամասկոսում եւ այլուր, որտեղ վերահսկում են Ասադի զորքերը եւ ռուսները, թեկուզ լոյալության տեսանկյունից դժվար կարողանան խուսափել զինապարտության պահանջներից, մյուս կողմից, նույնը՝ թվով ավելի քիչ հայերը Ղամիշլիում, Տեր-Զորում եւ այլ բնակավայրերում, որոնք վերահսկվում են SDF-ի կողմից։ Իհարկե, կլինեն նաեւ մոտիվացված կամավորներ, որոնք զենք կվերցնեն ուղղակի ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով բզկտված երկրի իրողությունները։

Սա մի իրավիճակ է, որը Հայաստանը չի կարող փոխել, որքան էլ որ ցանկանա։ Սակայն, Հայաստանը կարող է իր քայլերով մեղմել հետեւանքները։ Հաստատապես, մենք չենք կարող մեզ թույլ տալ, որպեսզի հայերը վերածվեն ռազմաճակատային «մսի» մի պատերազմում, որը մերը չէ որեւէ պարագայում։ Բայց եւ, Հայաստանը չունի այն բացարձակ վերահսկողությունը հայկական համայնքների նկատմամբ, որպեսզի որոշի նրանց փոխարեն, թե ինչպիսի դիրքորոշում որդեգրել այս կամ այն զարգացումների պարագայում։ Հայաստանը լրացուցիչ փաստարկ է ստանում, որպեսզի կարողանա հավասարակշռել իր մոտեցումները Մերձավոր Արեւելքում։ Ուստի, Հայաստանը կարող է եւ պարտավոր է, ելնելով մեր անվտանգության շահերից՝ հնարավորություն ստեղծել սիրիահայերին անվտանգ հայրենադարձվելու ու դուրս գալու այս սպառնալիքների շղթայից, չդառնալով այս կամ այն ուժի «պրոքսի»-ն։ Եվ իր ազնիվ չեզոքությունը վերահաստատելու, այդ չեզոքությունը հետագայում պահպանելու հաստատակամությունը դրսեւորելով՝ Հայաստանը օր առաջ պետք է հայտարարի Սիրիայում իր հումանիտար առաքելության ավարտի վերջնաժամկետը, ակտիվ դիվանագիտական աշխատանքներ տանելով մերձավորարեւելյան մայրաքաղաքներում, ներկայացնելով մեր դրական չեզոքությունը եւ ձգտումն ունենալ՝ հարթ հարաբերություններ բոլորի հետ։ Սա միակ քաղաքականությունն է, որը կարող է ընկալելի լինել բոլոր դերակատարների կողմից։

Հասկանալի է, որ եւս մեկ հումանիտար առաքելություն Ղամիշլի կամ Տեր-Զոր մենք հաստատ չենք ուղարկելու… Մեզանից դա չի էլ պահանջվում, դրա կարիքն էլ չկա, ամերիկացիները եւ քրդական վարչակազմն այդ խնդիրներն առանց մեզ էլ կլուծեն…

Վերջին բանը, որը կարող է իրեն թույլ տալ պաշտոնական Երեւանը՝ դա ջայլամի քաղաքականությունն է։ Գործընթացն ինքնահոսի մատնելով՝ մենք կարող ենք ստանալ 1915 թվականի կրկնությունը Մերձավոր Արեւելքում։ Մենք որեւէ շահ չունենք որեւէ մեկի հետ թշնամանալու, մեր թշնամիները մեզ ավելի քան շատ են, եւ քաղաքականության իմաստն էլ հենց այն է, որ թշնամիներին դարձնես գոնե չեզոք, այլ ոչ թե հակառակը։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

30.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ըստ պրոարևմտյան հայ փոքրաթիվ, բայց շատ ակտիվ հանրության, ոչ Մեծ Հայրենական, ոչ սիրիական պատերազմները Հայաստանին չեն վերաբերում, դրանք դրսից խեղճ Հայաստանի վզին փաթաթված պատերազմներ են միայն, որտեղ Հայաստանը միայն հյուծվում է: Սա նշանակում է ոչ միայն այդ պատերազմներում հերոսացած հայերի ավանդի արհամարհում, այլև նրանց՝ որպես անձերի դերի նվաստացում,այսինքն, իրենք խելք ու կամք չունեին և քշվել են խալխի պատերազմին՝ առանց հասկանալու, թե ինչ են անում: Եթե հայերը ուզում են լինել ոչ միայն ֆակտոր, այլև՝ ակտոր, նրանք պարտավոր են արձագանքել այն դեպքերին, որոնք ծավալվում են հենց հայերի բնակման տարածքներում: Այդ ինչու Աֆղանստանում հայերին կարելի է ամերիկացիների հետ միասին խաղաղություն պահպանել, իսկ Սիրիայում՝ ոչ: Ինչու հայերը ԱՄՆ ռազմական համագործակցության ծրագրերում ներառված են և դա վերոնշյալ հանրությանը չի մտահոգում, բայց Սիրիայում, որտեղ հայերը ապրում են և պարտավոր են չբնաջնջվելու համար մասնակցել պատերազմին, հայերը պիտի մի կողմ քաշվեն և իրենց հետագա ճակատագիրը թողնեն քրդերի և այդ տարածաշրջանի հետ ոչ մի կապ չունեցող Ամերիկայի ձեռքում:
    Մի քիչ զավեշտական է ընթերցել, որ ԻՊ-ը Սիրիայում հաղթվել է Ամերիկայի ջանքերի շնորհիվ: Հասկանում եմ, պրոարևմտյան լինելը պարտավորեցնում է, սակայն հարգել է պետք ընթերցողին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930