ՍԴ-ի կայացրած որոշման, ՀՅԴ-ի հայտարարության եւ թեմայի վերաբերյալ այլ հարցերի մասին զրուցել ենք ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
-Տիկին Նազարյան, մամուլը գրում է, որ ՍԴ-ի որոշումից հետո ՀՅԴ-ն, որն, ըստ էության, ՀՀԿ-ի հետ մերժվեց ու գնաց, փորձելու է իրավական ու քաղաքական գործընթացներ սկսել՝ ընդդեմ ներկա իշխանությունների, մասնավորապես՝ հակասահմանադրական ճանաչել ԱԺ արձակման գործընթացը՝ մեկնաբանելով, թե ԱԺ-ն արձակվել է որոշակի ճնշման տակ: Ի՞նչ ճնշման մասին են խոսում, եղե՞լ Է ճնշում պատգամավորների վրա:
– Երբ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որ իբր այն, ինչ եղավ 2018թ. հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ Էր, քան «սահմանադրական կարգի տապալման փորձ», ուղղակի երեւի հույս ունի, որ մենք չենք հիշեցնի, թե իրենք ինչ արեցին հոկտեմբերի 2-ին: Իսկ արեցին հետևյալը, նախ ամբողջ կազմով ՀՅԴ խմբակցությունը կողմ քվեարկեց այդ նախագծին՝ հստակ իմանալով դրա քաղաքական նպատակը (նրանցից ոչ մեկը չասաց, որ տվյալ իրավիճակում նման գործիքի ներմուծումը կանոնակարգի մեջ լարելու է քաղաքական իրավիճակը) եւ վարչապետի չընտրության քվեարկությանն էլ չմասնակցեցին:
Հիմա, այս պատմությունը վերհիշելուց հետո, ես էլ չգիտեմ՝ այդ ի՞նչ ճնշման մասին են խոսում ՀՅԴ-ից: Այդ ե՞րբ ու ինչպե՞ս են ճնշվել, որ հոկտեմբերի 2-ին իրենց ուզած նախագծին կողմ են քվեարկել, իսկ վարչապետի չընտրության գործընթացին, որով արձակվեց ԱԺ-ն՝ չեն մասնակցել։ Այդ ո՞վ ու ինչպե՞ս իրենց ճնշեց, որ իրենք ինչ հայտարարեցին՝ դա էլ արեցին: Գուցե ընտրություններում պարտվելու պատճառո՞վ են ճնշված:
Կարդացեք նաև
– ՀՅԴ-ն մշտապես մերձքոչարյանական կուսակցություն է եղել, իսկ մերձքոչարյանական շրջանակներն անընդհատ ասում են, թե մայիսին գործողություններ են սկսելու, ըստ Ձեզ ՍԴ որոշո՞ւմն է հիմքը:
– Հոկտեմբերի 2-ի նախագիծն ընդամենը խթան եղավ, որ գործընթացն արագանա: Այն ընդամենը ազդակ էր, որ խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ, ազնիվ չեն ու բանակցությունների հետևում պայմանավորվածություններ ունեն եւ այդ նախագիծն ընդունվեր-չընդունվեր, արդեն պարզ էր, որ այդ ուժերի հետ որեւէ պայմանավորվածություն չէր կարող վստահելի լիներ, ու պետք էր հրաժարական տալ, ինչը եւ արվեց: Իրենց ծրագրած դավադրությունը իրենց դեմ շրջվեց ու բանակցությունները խաթարվեցին, գործընթացն էլ արագացավ:
ՍԴ այս որոշումը չի կարող որեւէ քաղաքական կամ իրավական գործընթացի հիմք լինել: ԱԺ-ն արձակվեց ոչ թե այն պատճառով, որ նախագիծը ուղարկվեց ՍԴ, այլ՝ որովհետեւ ամեն ինչ վերջացել էր, բայց ոմանք իրենց իրավաբանական գիտելիքներն օգտագործում էին՝ խութեր ստեղծելու համար: Այսքանով այս թեման պետք է փակել:
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում