Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոլանդացիները բացահայտեցին մեզ, իսկ մենք՝ հոլանդացիներին

Ապրիլ 30,2019 14:00

Կիրակի օրը հոլանդացիները երգում էին հայերեն: Հոլանդական՝ մեզ համար բարդ հնչող անուն-ագանուններով տղամարդիկ եւ կանայք, որպես մենակատար երգչախմբի կազմում կատարում էին մեր ժողովրդական երգերը, Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Ծովակ Համբարձումյանի ստեղծագործությունները: Որքան մեզ համար բարդ է նրանց լեզուն, այնքան հայերենը՝ նրանց համար: Բայց հոլանդացիները երգում էին ոչ միայն հասկանալով մեր երգերի բովանդակությունն ու հոգին (դա միանգամից երեւում է անգամ անզեն եւ անփորձ աչքով), նրանք երգում էին ճիշտ շեշտադրումներով եւ առոգանությամբ, չաղավաղելով ոչ մի բառ, ամբողջ էությամբ խորանալով իմաստի մեջ: Այդպիսի՝ մի ամբողջ 1,5 ժամանոց ծրագիր պատրաստելու համար հսկայական ջանքեր են պետք, եւ այդ դժվար ու մանրակրկիտ աշխատանքը կատարել է Հոլանդիայում բնակվող մեր հայրենակից, քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը: Նա իր կատարումներով հայտնի է Եվրոպայում, Ամստերդամի մերձակայքում գտնվող Նորդվեյկ քաղաքում հիմնել է նաեւ իր դաշնամուրային դպրոցը, իսկ հայ եւ հոլանդական մշակույթների մերձեցումը համարում է իր կարեւորագույն առաքելությունը: Ռուզաննային է պատկանում նման ծրագիր պատրաստելու գաղափարը եւ հոլանդացիների՝ Հայաստան գալու նախաձեռնությունը:

Հոլանդական երգչախումբը կոչվում է «Սլավույ» եւ կատարում է հիմնականում սլավոնական երկրների երաժշտություն: «Հայկական ծրագրով» մեր երկիր էր եկել նաեւ Zwarte zee քառյակը, որի անդամ հոլանդացիներից մեկը վարպետորեն դհոլ էր խփում, իսկ մյուսը բացի դասական երաժշտական գործիքներից, շվի էր նվագում: Համերգը, որին աջակցել էին Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունները, նվիրված էր Կոմիտասի 150-ամյակին: Եվ դա նույնպես հատկանշական է՝ չէ՞ որ ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը կարողացավ միահյուսել մեր ժողովրդական եւ հոգեւոր երգը եվրոպական մշակույթին:

Հրաշալի է, երբ օտարերկրացիներն իրենց մտածելակերպով, իրենց «մշակութային պաշարով» ներկայացնում են այն երգերը, որը մեզ ծանոթ է մանկուց: Այդպիսիք են, օրինակ, Խաչատուր Ավետիսյանի անկեղծ, սրտից բխող մեղեդիները, որոնք իմ պատանեկության տարիներին հաճախ էին հնչում ռադիոյով (ի դեպ, այն տարիների ռադիոն ինձ հիշեցրեց նաեւ Սարգիս Նաջարյանը, որը կիրակի օրը վարում էր համերգը): Օտարերկրացին մեզ համար նոր երանգներ է բացում ծանոթ մեղեդիներում: Այնպես որ, հոլանդացիների համերգը Կամերային երաժշտության տանը այդ իմաստով էլ էր կարեւոր, ուսանելի մեզ՝ հայաստանցիներիս համար:

Մեր հյուրերը եւս մի քանի օր կմնան մեր երկրում՝ ծանոթանալով մեր մշակույթին, մեր պատմական հուշարձաններին, նաեւ համերգներ տալով Էջմիածնում եւ Գորիսում: Երեւի, իմաստ ունի այս համերգը ձայնագրել: Ես, օրինակ, կցանկանայի նման ձայնասկավառակ ունենալ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ Լիլիթ Սարգսյանի

«Առավոտ» օրաթերթ, 

30.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930