Տեղեկատվությունը, որ Սաուդյան Արաբիան խոստացել է հովանավորել Հայոց ցեղասպանության բանաձևը Կոնգրեսում, իրականությանը չի համապատասխանում:
Նման բովանդակության տեքստ հրապարակվել էր adamcshiff.com կայքում, սակայն կայքը գրանցվել է ապրիլի 24-ին և որևէ առնչություն չունի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
«Վերջերս ստեղծվել է կեղծ կայք, որը վերագրվել է կոնգրեսական Շիֆի արշավին, և այնտեղ տեղադրվել է հաղորդագրություն, ըստ որի Ադամ Շիֆի և Սաուդյան դեսպանի միջև հանդիպում է տեղի ունեցել: Կայքը կեղծ է, և նկարագրված հանդիպումն էլ ամբողջությամբ կեղծ է: Նման հանդիպում չի եղել, և Շիֆը երբեք այդ հարցերը չի քննարկել Սաուդյան կառավարության հետ: Կոնգրեսական Շիֆը համապատասխան քայլեր կձեռնարկի այս կեղծ տեղեկատվության տարածման դեմ»,- ասել է Շիֆի խոսնակ Էմինի Սիմոնսը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ