Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց միջնորդությունը. «Սպայկա»-ի տնօրենը կմնա կալանքի տակ

Ապրիլ 30,2019 11:24

Քիչ առաջ ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանը մերժեց «Սպայկա» ՍՊԸ հիմնադիր-գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խմբի բողոքը: Մերժվեց նաև պաշտպանական խմբի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը:

Դավիթ Ղազարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ այս դատական ակտի հետ համաձայն չեն և պատրաստվում են ասուլիս տալ:

Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին Դավիթ Ղազարյանը կալանավորվեց: ՊԵԿ քննչական վարչության կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել էր առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Ըստ ՊԵԿ-ի՝ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին («Սպայկայի» տնօրեն) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Եվրասիական զարգացման բանկը հետաձգել է «Սպայկա» ընկերության վարկավորմանն ուղղված ծրագրի իրականացումը: Այս մասին ապրիլի 25-ին Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ Կոնգրեսում EADaily-ի թղթակցին ասել է ԵԱԶԲ-ի նախագահ Անդրեյ Բելյանինովը. «Այնտեղ պահանջներ կան հարկերի վճարման հետ կապված, ուստի մենք դեռ կասեցնում ենք: Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն «Սպայկայի» մասով կասեցվել է: Մենք չենք կարող ռիսկի դիմել, եթե խոսքը հնարավոր սնանկության մասին է»: ԵԱԶԲ-ն նախատեսում էր «Սպայկային» 67 միլիոն դոլարի վարկ տրամադրել՝ գյուղատնտեսության ոլորտում խոշոր ծրագրի իրականացման համար:

Դավիթ Ղազարյանի պաշտպանն ասաց, որ չէին սպասում նման որոշման. «Այս որոշումը գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ: Ստացվում է՝ պաշտպանական կողմն ասում է՝ կա հաշվարկված ենթադրյալ չվճարված հարկ և այդ հաշվարկն իրականացնում է վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմված տեղեկանքի հիման վրա, որն ուղարկվել է փորձագետների: Այս գործընթացին մեր պաշտպանական թիմը չի եղել, մեր աուդիտոր հաշվապահները չեն ներգրավվել, որ հասկանանք՝ իրականում պետությանը չվճարված գումար առկա՞ է, թե՞ ոչ: Այս պայմաններում ասվում է, որ ձեր ազատության մեջ մնալու դեպքում կխոչընդոտի քննությանը: Մեր պահանջը, որ փորձաքննությանը պետք է ներկա լինենք, մեր փաստարկները ներկայացնենք, մեր ֆինանսիստների դիրքորոշումն արտահայտվի, դա ներկայացվում է որպես քննությանը խոչընդոտելու ռիսկ: Որևէ տվյալ, որ պարոն Ղազարյանը քննությանը խոչընդոտել է, չի ներկայացվում, և դատախազն ընդունում է այդ փաստը: Միայն վերացական դատողություն է իրականացվում, որ ընկերության ղեկավարը հեղինակություն է և նաև հեղինակությունը կարող է ազդել: Ոչ միայն կալանքի հիմքերն են բացակայում, այլև Դավիթ Ղազարյանին՝ կալանքի տակ պահելը լուրջ տնտեսական ճգնաժամի կարող է հանգեցնել: Գործընկերները նրա հետ են աշխատում, նրա բիզնես վարելու ունակություններն են բիզնեսն այդ մակարդակի բարձրացրել, նրա կալանավորումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930