Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյան. Ո՝ր պահին նոր իշխանություններն իրական հաջողություն արձանագրեն՝ կմոռանան թե՛ ՀՀԿ-ին, թե՛ բոլոր նախկիններին. «Իրատես»

Ապրիլ 30,2019 11:07

«Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այն տպավորությունն ունի, որ բոլորս՝ թե՛ իշխանության ներսում ու իշխանությունից դուրս գտնվողները, թե՛ հասարակության տարբեր շրջանակները, խուսափում ենք ընդունելուց բավական բարդ ու անկանխատեսելի փուլում ապրելու փաստը։ «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ մի կողմից քննադատությունը, մյուս կողմից՝ իշխանության պատասխանները, հաճախ պարզունակ են և չեն արտացոլում իրավիճակի խորությունը։

-Ըստ Փաշինյանի՝ նախորդ իշխանություններն են մեղավոր Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին հարցերում: Մինչև ե՞րբ կարող են նորերը մեղադրել հներին՝ փորձելով ստվերել սեփական սխալներն ու բացթողումները:

-Կա մի հստակ բանաձև. որ պահին նոր իշխանություններն իրական հաջողություն արձանագրեն, տնտեսությունն ակտիվորեն զարգանա, մարդկանց բարեկեցությունը լավանա, անվտանգության խնդիրն ավելի բարձր մակարդակի դրվի և այլն, այդ պահից սկսած՝ նոր իշխանության ներկայացուցիչները կմոռանան թե՛ ՀՀԿ-ին, թե՛ բոլոր նախկիններին։ Երբ չկան իրական հաջողություններ, մեղավորներին փնտրում են այլ տեղերում։ Ավելի զարգացած հասարակություններում այդ տրամաբանությամբ առաջնորդվելն առավել բարդ է, քան պակաս զարգացած հասարակություններում։ Բայց հարցի մյուս կողմն էլ կա. Հայաստանում այսօր շատ կարևոր է քաղաքական համակարգերի վերակենդանացումը։ Եթե մի պահ մեզ օտարի աչքով նայենք, կնկատենք՝ այսօր Հայաստանում ո՛չ իշխող քաղաքական ուժ կա, ո՛չ էլ ազդեցիկ ընդդիմադիր ուժեր կան։ ՈՒ սա լուրջ պրոբլեմ է, որովհետև երկրի քաղաքական միտքը և համակարգը կենտրոնանում է մեկ կամ մի քանի հոգու սահմաններում։ Նման պայմաններում ցանկացած անսպասելի զարգացում, ցանկացած սցենար հնարավոր է։

-Քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելն ու հասարակության տարբեր շերտերի միջև սահմաններ գծելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ պետության համար։

-Եթե երևույթը միայն քաղաքական դաշտին բնորոշ լիներ, գուցե ինչ-որ տեղ կարելի լիներ մոռացության տալ ու չսևեռվել դրա վրա։ Բայց սև ու սպիտակի բաժանվեցին հասարակությունը, երկրի մթնոլորտը, միտքը, տեսակետը։ Հստակ դրվեց՝ եթե դու ինքնամոռաց չես ողջունում իշխանության ցանկացած քայլ կամ առաջարկ, ուրեմն սև ես։ Իսկ ի՞նչ ասել է սպիտակ՝ քվեարկել և մտածել այնպես, ինչպես կասեն կամ կասի։ Ցավոք, բարիկադավորումը դարձավ խաղի կանոն, ու այն իր սրությունն ամիսների ընթացքում ամենևին չի կորցրել, ինչի համար իսկապես ցավում եմ։ Մենք փոքր երկիր ենք և ունենք բավական բարդ կենսագրությամբ հասարակություն։ Այստեղ պետք է շատ զգույշ լինել. րոպեական սխալները, հնարավոր է, երկար տարիներ չկարողանանք շտկել։ Մյուս կողմից՝ հասարակությունը սև ու սպիտակի բաժանելուց ու այդ միտքը պաշտպանելուց և տիրաժավորելուց հետո, համապատասխան մթնոլորտ է ձևավորվել՝ յուրայինների և օտարների։ Դրա հաջորդ փուլը ավելի յուրայիններն են, հետո՝ ավելի-ավելի յուրայինները և այդպես շարունակ։ Սա որոշ ժամանակ հետո իշխանության մեջ մարդկային և ինտելեկտուալ ռեսուրսի կտրուկ դեֆիցիտի է հանգեցնելու, իսկ դրա ուղղակի հետևանքը երկրի վիճակն է՝ չլուծվող հին խնդիրները, ավելացող նորերը։

Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930