Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Թող 20 տարի հետո ճանաչված լինենք, բայց մեր անվտանգությունը պետք է կարողանանք ապահովել». «Իրատես»

Ապրիլ 30,2019 10:32

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայկական կողմը արցախյան հակամարտության հարցում հայեցակարգ չունի, բոլոր փորձագետները հանկարծակիի եկան, սակայն առավել ուշագրավն այն էր, որ նա Հայաստանի հանրությունից էր «թուղթ», հիմա՝ հայեցակարգ պահանջում, մյուս կողմից հայտարարում, թե Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, ուրեմն ինչու՞ հենց արցախցուց, Արցախի ղեկավարությունից չի պահանջել համապարփակ տեսակետը, թե ինչպես են տեսնում իրենց խնդրի լուծումը։ Սա ավելի տրամաբանական է ու ոչ պոպուլիստական։ Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ մեր զրույցը հենց այս թեման է շոշափում։

-Լրացավ նոր իշխանության կառավարման մեկ տարին. հակամարտության լուծման հարցում դիրքորոշման ի՞նչ տարբերություն եք նկատել։

-Ամեն նոր իշխանություն ունի իր մոտեցումներն այս կամ այն հարցի առնչությամբ։ Երբ մշակենք ազգային հայեցակարգ, ամեն ինչ ճիշտ ուղղությամբ կընթանա, որովհետև կան հարցեր, որոնք պետք է բոլորի համար միանշանակ լինեն։ Տարբեր իշխանությունների ծրագրերում կարող են տնտեսական, ոլորտային, պետականաշինական տարբերություններ լինել, բայց ազգային խնդիրներում միակարծություն է պետք։ Դա աստվածաշնչյան պատվիրանների նման է, քանի իշխանություն է փոխվել, պատվիրանները փոխվե՞լ են։ Ամենակարևորն անվտանգությունն է, թող 20 տարի հետո ճանաչված լինենք, բայց մեր անվտանգությունը պետք է կարողանանք ապահովել։

-Իշխանության գալու առաջին օրից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Այս մեկ տարվա ընթացքում քանի՞ քայլով մոտեցանք այդ խոստման կատարմանը։

-Առաջին իսկ օրից ողջունել ենք այդ հայտարարությունը, բայց նաև նշել ենք, որ բարդ, աշխատատար և ժամանակատար խնդիր է, որովհետև Ադրբեջանը խոչընդոտելու է դրան։ Սա չի նշանակում, որ մենք դրանից պետք է հրաժարվենք, հարկավոր է շարունակել աշխատանքը։

-Այսօր հետևյալ պատկերն ունենք բանակցություններում. հայկական կողմն ասում է՝ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, իսկ մինչ այդ առանց օրակարգի ենք նստում սեղանի շուրջ, արտգործնախարարների հանդիպումից հետո էլ «Լավրովի պլանի» մասին են խոսում։ Ի վերջո, ու՞ր ենք հասել։

-Հակամարտության կարգավորումն աշխարհաքաղաքականություն է, որտեղ և մեր ներքին շահերն են, և՛ տարածաշրջանի, և՛ գլոբալ խաղացողների. այս բոլոր գործոնները պետք է հաշվի առնել։ Առաջին հերթին պիտի ունենալ հզոր բանակ, ճիշտ, հավասարակշիռ քաղաքականություն վարել դաշնակիցների հետ և լինել համախմբված։ Հակամարտության լուծման բանալին սա է։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930