Թեեւ ես որոշակի վերապահումներ ունեմ Քաղաքացու օրը հռչակելու ձեւի, բովանդակության եւ, ամենակարեւորը՝ ժամկետների հանդեպ, այնուամենայնիվ, պետք է արձանագրել իրողությունը: Նրանք, ովքեր անցած շաբաթ օրը հետեւում էին փողոցում զբոսնող մարդկանց եւ չունեն կուսակցական, ընդդիմադիր եւ, այսպես ասած, «հականիկոլական» նախապաշարումներ, հնարավորություն են ունեցել համոզվելու, որ տոնը նշող քաղաքացիների մեջ չկար բացասական էներգիա, չէին հնչում հայհոյանքներ եւ անեծքներ ՀՀԿ-ի հասցեին՝ մարդիկ պարզապես ուրախանում էին: Ինչպես էին ուրախանում՝ այլ հարց է: Իհարկե, պետք է ավելի խորը մտածել այս, ինչպես նաեւ այլ տոնական օրերի միջոցառումների մասին: Բայց քննադատության առանցքում դնել խորովածը, ինձ թվում է, լուրջ չէ: Այո, փողոցում խորոված սարքելը եւ տոնին զուտ գաստրոնոմիական երանգ տալը վատ ճաշակի դրսեւորում է: Բայց այդ հարցի վրա մտասեւեռվելը, խնդիրը քաղաքական մակարդակի բարձրացնելը նույնպես բարձր ճաշակի մասին չի խոսում:
Ընդհանրապես ես նկատել եմ, որ հատկապես գործընկերներիս մի մասի մոտ կա ինքնանպատակ քննադատության որոշակի ձգտում, որը (գուցե սխալվում եմ) ունի նաեւ անձնական շարժառիթներ: Մոտավորապես այսպես. «էդ ինչպե՞ս եղավ, որ Նիկոլը, մեզանից մեկը լինելով, դարձավ երկրի առաջին դեմք»: Բայց նախ՝ ո՞վ ասաց, որ լրագրողի գործը պակաս կարեւոր է, քան վարչապետինը: Երկրորդ՝ վարչապետ ընտրվելուց առաջ Փաշինյանը սկզբից դարձավ պատգամավոր (քաղաքական գործիչ) եւ որպես այդպիսին գործում էր 2012 թվականից: Լրագրողներից շատերն անցել են եւ անցնում են «լրագրող-քաղաքական գործիչ» ճանապարհը, ոմանք հասան որոշակի հաջողությունների, ոմանք՝ ոչ, եւ վերջիններս հիմա գուցեեւ ափսոսում են, որ մտան քաղաքականության մեջ: Լրագրող-քաղաքական գործիչ վերափոխումը նորմալ է: Նորմալ չէ, իմ կարծիքով, երբ մարդը, շարունակելով աշխատել որպես լրագրող, իրեն պահում է քաղաքական գործչի կամ ակտիվիստի պես:
Այստեղ կա որոշակի անհամատեղելիություն: Լրագրողը, մտավորականը (որքան էլ պայմանական եւ «սովետաշունչ» լինի այդ բառը), մտածող ցանկացած մարդ, իմ պատկերացմամբ, պարտավոր է կասկածի տակ դնել, վերապահումներ ունենալ կյանքի բոլոր դրսեւորումների հանդեպ՝ սկսած իր սեփական հայացքներից եւ վերջացրած ամենագլոբալ խնդիրների մեկնաբանություններով: Ի տարբերություն նրա, քաղաքական գործիչը, ակտիվիստը, կուսակցականն այն մարդն է, որը իրականության որոշակի սեգմենտի (օրինակ, իր «շեֆի» իմաստնության կամ «սեւերի սեւության») հարցում ոչ մի կասկած, ոչ մի վերապահում չունի: Եթե դուք անվերապահորեն ընդունում եք «պաթոսային» դարձվածքաբանությունը (ասենք, ճռճռան նախադասությունները «ժողովուրդ» բառի օգտագործմամբ), ուրեմն հոգու խորքում դուք կուսակցական եք:
Ճիշտ է, մինչեւ հեղափոխությունը, կոմունիստներից սկսած, եղել են «իշխող կուսակցականներ», որոնք ամեն ինչին վերբերվում էին սառը ցինիզմով: Դա, ինձ թվում է, նույնքան բացասական երեւույթ է, որքան հրճվալից պաթոսը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
. «բացասական էներգիա»ն փողոցում գտնուող բնակիչներուն մէջ չէ որ պիտի որոնուէր, ոչ մի տարի առաջ, ոչ ել անցեալ շաբաթ օր, այլ՝ այդտեղ չգտնուող հայերի մօտ. որոնց քանաքը անտեսելի չէ (բնակիչներու պարագային, սկսեալ ընտրութիւնների օրն ալ տունը մնացողներից… ի դէպ, ատոր համար ալ, բաւական յարաբերական է այդ ընտրութիւնների կապակցութեամբ իսկ հրճուագին արժեւորումները – )
. Փաշինյանի դէմ արտայայտուող կարգ մը լրագրողների մօտ ապահովաբար կայ, ոչ թէ նախանձ, այլ որոշ իրաւացի դառնութիւն մը, որ ան իրենց պետական պաշտօններ չշնորհեց. եւ այստեղ խնդիրը նիւթական շահագրգռութիւնը չէ, ոչ ալ վատ իմաստով փառասիրութիւնը, այլ այն վիրաւորանքը թէ իրենք մէկդի շպրտուեցան, մինչ որքան խակ ու անատակ անձեր ինչպիսի պաշտօնների արժանացան – դեռ չխօսելու համար նախկին իշխանութեան կապուած պետական աշխատակազմի մասին -: Առաւել frustration-ը՝ որ իրենց առիթ չտրուեցաւ իրենց կարողութիւնները պետական մակարդակի ազդեցութեամբ ի սպաս դնելու երկրի առաջացման ու զարգացման: