Այսօր քաղաքապետարանի աշխատակիցները ապամոնտաժում էին Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Նար-Դոսի փողոցի մոտ մեկ տասնյակի հասնող կրպակները: Կրպակների մի մասի հիմքերն էին միայն թուլացվում, քանի որ կրպակատերերը դրանք սեփական միջոցներով էին տեղափոխում: Մի մասն էլ համաձայն չէր, ապամոնտաժման հետ: Այդ կրպակները քանդեցին քաղաքապետարանի աշխատակիցները:
Կրպակները, ի դեպ, զբաղեցնում են մայթի մի մասը: Ըստ որոշ տեղեկությունների, դրանք ապամոնտաժելու դիմում-բողոքով նաեւ հարակից շենքների բնակիչներն են դիմել քաղաքապետարան:
Քաղաքապետարանի որոշման հետ համաձայն չէ նաեւ Աշոտ Ղարիբյանը: Նա կրպակի սեփականատերը չէ, աշխատողն է: «Օրինական գրանցված ինը տարի աշխատում եմ այս կրպակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա`դժգոհելով, որ իրենք բազմիցս դիմել են կրպակի արտաքին տեսքը փոխելու խնդրանքով, միշտ մերժվել են: Այս ապամոնտաժման արդյունքում ինքն աշխատանք է կորցնում. «Ես երկու անչափահաս երեխա ունեմ, վարկեր ունենք, չգիտեմ, ո՞նց է լինելու մեր վիճակը»:
Մի բանում նա համոզված է`քաղաքապետարանը իր աշխատանքային իրավունքը խախտում է: Լրագրողները նկատեցին`քաղաքապետարանից դեռ տարեսկզբին էին զգուշացրել որ պետք է ապամոնտաժվեն այս կրպակները: Աշոտ Ղարիբյանն ասում է`իրենք ծանուցագրերը 15 օր առաջ են ստացել. «Մեզ կանչել են`խոսել ենք, ասել են`գնացեք`կքննարկենք, բայց սա քննարկում չեմ համարում, միակողմանի լուծում եմ համարում»: Կրպակատերերին այլընտրանք առաջարկվել է, Աշոտ Ղարիբյանի հավաստմամբ`բանավոր, «Դալմա» առեւտրի կենտրոնի մոտակայքում: Ասել են վեց ամիս հետո նոր տարածքի տրամադրման գործընթացը կսկսեն`մինչեւ մեկ տարվա ընթացքում արդեն ամենը կկարգավորվի: «Տեսնենք, կպահե՞ն իրենց խոստումը, թե՞ կդրժեն»,- տարակուսում է կրպակի աշխատակիցը:
Լրագրողները հետաքրքրվեցին`միգուցե կրպակի սեփականատերն ավելի վաղ է իմացել ապամոնտաժման մասին: «Լավ, ասենք`իմացել է: Տնօրենը հնարավոր է այլ եկամտի աղբյուր ունի, ես չունեմ: Հիմա ինձ ավելի շատ վնաս են հասցնում, քան տնօրենին»,- իր վրդովմունքն է արտահայտում կրպակի աշխատակիցը`նետելով. «Ստիպված ենք ուրիշ երկրներից ապաստան խնդրենք`գնանք: Ի՞նչ անենք ստեղ, ուրիշ ճար չկա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ