Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան. Ինչու են Քաղաքացու օրվա համար նախապես ծրագրված միջոցառումների կազմակերպման համար պետական մարմինները ծառայություններ ձեռք բերել բացառապես մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով

Ապրիլ 29,2019 18:10

ՀՀ վարչապետ

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Փաշինյան,

Դեռևս 2018   թվականին բարձրաձայնել եմ այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը  «Էրեբունի–Երեւան» 2800–ամյակի տոնակատարության միջոցառումների գնումը մեկ անձից կատարելով եւ չհայտարարելով համապատասխան մրցույթներ՝ խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որի հոդված 3-ի 2-րդ մասի համաձայն՝ գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. 1) գնման   գործընթացի   միասնական   կանոններով   մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում, 2) պայմանագրի   կնքման   նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում   և նրանց միջև մրցակցության խրախուսում,     3) ցանկացած   անձի   համար,   անկախ   նրա   օտարերկրյա   ֆիզիկական   անձ,կազմակերպություն   կամ   քաղաքացիություն   չունեցող   անձ   լինելու   հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

Միևնույն ժամանակ օրենքի հոդված 7-ը սահմանում է գնումներին մասնակցելու հավասարությունը՝ «Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք»:

«Էրեբունի–Երեւան 2800–ամյակի տոնակատարության շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ, և դրանք չեն կնքվել բաց, հրապարակային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ: Ավելին՝ այդ պայմանագրերը չեն ուղարկվել armeps համակարգ եւ չեն հրապարակվել gnumner.am համակարգում:  Գնումների նույն պրակտիկան արձանագրվել է նաև  ամանորյա տոնակատարությունները նախաձեռնելիս և պետական բյուջեից 30 միլիոն դրամ է հատկացվել մեկ անձից գնում կատարելու համար:

Հատկանշական է, որ մեկ անձից գնումների դեպքում նախապատվությունը հիմնականում տրվում է մեկ ընկերության: Օրինակ՝ 2018 թ․ դեկտեմբերի 13-ին Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ «Ֆակտորի Փրոդաքշնին» հնարավորություն է տրվել կազմակերպել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, Ամանորի տոների, Երևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումները: Այս գնումը կատարվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով, որի համար պետությունը վճարել է ընդհանուր  54 միլիոն դրամ (30 միլիոն դրամ Ամանորի և 20 միլիոն դրամ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ:)

«Ֆակտորի Փրոդաքշնը» արտոնություն է ստացել նաև Արտաքին Գործերի նախարարության կողմից հայտարարված մրցույթի կազմակերպման դեպքում. նրանց համար գնումը կազմակերպվել է մեկ անձից այն հիմնավորմամբ, որ գնման ենթակա ապրանքը բացառիկ է եղել: Խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին է: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 76 մլն 135 հազար դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայությունների գինը եղել է 54 միլիոն 790 հազար դրամ:

2019 թվականի ապրիլի 27-ի՝ Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսվել է 124 մլն ՀՀ դրամ, որի շուրջ մեկ քառորդի՝ 25 մլն 20 հազար դրամի գնումը կատարվել է վերոհիշյալ ընկերությունից: «Գնումների մասին» ՀՀ օրենքը հոդված 23-ը հստակ սահմանում է  մեկ անձից գնումներ կատարելու պայմանները և Երևան քաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների համար գնված ծառայությունների դեպքում այդ պայմաններից որևէ մեկը կիրառելի չէ և բացառիկ բնույթ չի կրում:

Մինչև այժմ տոնակատարությունների  համար մեկ անձից կատարված գնումները պատճառաբանվել են ժամանակի սղությամբ և անհետաձգելի պահանջով: Հարկ է նշել, որ այս դեպքում «Գնումների մասին» ՀՀ օրենքի Հոդված 20-ի 4-րդ կետը սահմանում է բաց մրցույթի կիրառման ավելի սեղմ ժամկետներ՝

4. Եթե արտակարգ կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ հայտերի ներկայացման համար սույն հոդվածի 2-րդ մասով կամ 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումն անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը առնվազն տասնհինգ օրացուցային օր է:

Այսպիսով մի շարք ընկերություններ, որոնք ցանկություն են ունեցել իրենց ծառայությունները ևս առաջարկելու, սակայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ մրցակցային գնումների նախընտրության հետևանքով զրկվել են այդ հնարավորությունից: Սա փաստում այն մասին, որ մեկ անձից գնումը շարունակում է մնալ նախընտրելի ընթացակարգ, այնինչ պետք է իրականացվեր միայն օրենքով սահմանված դեպքերում: Այսպիսով, ծառայությունների մատուցման ոլորտում հայտնվում են մենաշնորհ դիրք ունեցող ընկերություններ, ինչը ձևավորում է խիստ հակամրցակցային միջավայր և անհավասար պայմաններ այլ ընկերությունների համար:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, խնդրում եմ ներկայացնել պարզաբանումներ հետևյալի մասին.

  1.  Ինչու են Քաղաքացու օրվա համար նախապես ծրագրված միջոցառումների կազմակերպման համար պետական մարմինները ծառայություններ ձեռք բերել բացառապես մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով:
  2. Ինչով է պայմանավորված 2017 թվականին հիմնադրված «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության ծառայություններին գերապատվություն տալու և այլ ընկերությունների համար հակամրցակցային դաշտ ձևավորելու փաստը:

 Հարգանքով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր

Անի Սամսոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930